
ՀՔԾ պետի տեղակալը հերյուրանք է համարում Հայկ Հարությունյանի նկատմամբ ճնշում գործադրելու մասին լուրերը
Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանը հերյուրանք է համարում տեղեկություններն այն մասին, թե ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին ստիպել է ցուցմունք տալ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և բարձրաստիճան ոստիկան Գեղամ Պետրոսյանի դեմ, որը մեղադրվում է 2008-ի մարտի իրադարձությունների ժամանակ ցուցարար սպանելու մեջ:
«Իրականությանը չեն համապատասխանում, հերյուրանքներ են»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը:
Նշենք, որ «Մարտի 1-ի գործը», որով Հայկ Հարությունյանը ցուցմունքներ է տվել, քննվում է Հատուկ քննչական ծառայության վարույթում:
Նախկին ոստիկանապետի դին հայտնաբերվել է սեպտեմբերի 23-ի, լույս 24-ի գիշերը: Նրա մահվան առթիվ քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով: Լրագրողների հարցերին ի պատասխան՝ ՀՔԾ պետի տեղակալը հիշեցրեց, որ Հայկ Հարությունյանի մահվան գործը ոչ թե իրենց, այլ Քննչական կոմիտեի վարույթում է քննվում, բայց և նշեց՝ ներկա պահին հիմքեր չկան պնդելու, որ սպանություն է տեղի ունեցել:
Վարույթն իրականացնող Քննչական կոմիտեն երեկ հայտարարություն էր տարածել այն մասին, որ Հայկ Հարությունյանը մեծ քանակությամբ ալկոհոլ է օգտագործած եղել: Հարցին` ճի՞շտ էր այսպիսի անձնական տվյալի հրապարակումը, Հովհաննիսյանը պատասխանեց, որ ցանկացած գործով հրապարակման ենթակա տեղեկատվության ծավալը որոշում է կոնկրետ քրեական վարույթ իրականացնող մարմինը:
Մեկնաբանել