
Կառավարությունը «Գլորիա» կարի ֆաբրիկային 752 միլիոն դրամի արտոնություն տվեց
Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկային 752 միլիոն դրամի արտոնություն տրամադրել։ Այդ արտոնությամբ ընկերությունը ազատվեց ներմուծման մաքսատուրքից։
«Գլորիա կարի ֆաբրիկա» ՍՊԸ-ն Չինաստանից և Թուրքիայից ներմուծելու է 8 միլիարդ 325 միլիոն դրամի ապրանք։
Ինչպես Կառավարությանը հայտնել է Էկոնոմիկայի նախարարությունը՝ ներմուծվող ապրանքները օգտագործվելու են հագուստի արտադրությունում։
Նախարարության հաղորդմամբ՝ ընկերությունը նախատեսում է իրականացնել 3 մլրդ դրամի ներդրում՝ նոր սարքավորումներ գնել, նոր մասնաճյուղերը վերանորոգել։
Ընկերությունը նախատեսում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 200-250 նոր աշխատատեղ` 120․000 դրամ միջին աշխատավարձով։ Ըստ էկոնոմիկայի նախարարության՝ կարի փաբրիկան այժմ ունի 1100 աշխատատեղ։
Իսկ ներդրումային ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 10 մլրդ դրամ, որից 500 մլն դրամի արտադրանքը կիրացվի Հայաստանի տարածքում, 3.5 մլրդ դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 6 մլրդ դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում:
Մեկնաբանել