HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Ամուլսարի գործով» նոր անձինք են հարցաքննվել, ի հայտ են եկել նոր տվյալներ. քննչական խմբի ղեկավար

«Ամուլսարի գործով» նախաքննության ընթացքում առաջ են եկել նոր տեղեկություններ և տվյալներ, որոնցով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել շարունակելու գործի նախաքննությունը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի (ՔԿ) նախագահի տեղակալ, «Ամուլսարի գործով» քննչական խմբի ղեկավար Արսեն Այվազյանը:

Լրագրողի հարցին՝ այդ նոր տվյալները հնարավո՞ր է՝ նախկինում թաքցված լինեն, Այվազյանը պատասխանեց, որ նախաքննությունը շարունակելու հիմքը Շրջակա միջավայրի նախարարության կողմից ստացված գրությունն է, որում առկա են նոր տվյալներ:

Այվազյանը նշեց, որ գործով նոր անձինք են հարցաքննվել, չի բացառվում, որ հարցաքննվեն նաև անձինք, որոնք նախկինում արդեն հարցաքննվել են:

Lրագրողների հարցերին այն մասին, թե ովքեր են հարցաքննվել, կոնկրետ ինչ քննչական գործողություններ են իրականացվել վերջին շրջանում, Այվազյանը չպատասխանեց:

«Չենք պատրաստվում նախաքննության հետագա ընթացքը տանել քողարկվածություն կամ ստվեր, բայց դա չի նշանակում, որ ամեն հարցաքննություն պետք է հրապարակային լինի»,- ասաց ՔԿ նախագահի տեղակալը:

Լրագրողներն Այվազյանին հարց ուղղեցին նաև Նիկոլ Փաշինյանի կոչով դատարանների մուտքերն արգելափակելու գործողությունների վերաբերյալ: Այվազյանն ի պատասխան նշեց, թե քաղաքական հարցերի չի ցանկանում պատասխանել: Դիտարկմանը, որ հարցը դատարանների շրջափակման գործողություններին իրավական գնահատական տալու վերաբերյալ է, Այվազյանը պատասխանեց, թե «դա պրոցես էր, որը հետևել է որոշակի զարգացումներին»։

Հարցին՝ ի՞նչ զարգացումներ նկատի ունի ՔԿ նախագահի տեղակալը, արդյոք խոսքը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման մասի՞ն է, որի հաջորդ օրն էր Նիկոլ Փաշինյանը կոչ արել շրջափակել դատարանների մուտքերը, Այվազյանը պատասխանեց, որ իր մասնավոր կարծիքը չի ցանկանում հայտնել:

«Ակցիայով չեմ հետաքրքրվել, քննության առարկա չեմ դարձրել, թույլ տվեք չպատասխանել հարցին։ Եթե որևէ արտառոց բան լիներ, մենք արձանագրված կունենայինք»,- ասաց Այվազյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter