
Գագիկ Խաչատրյանը բերվել է դատարան. մեկնարկեց նրա կալանքի դեմ բողոքի քննությունը
Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, քիչ առաջ մեկնարկեց ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու որոշման դեմ նրա պաշտպանների բողոքի քննությունը: Վերջիններս պահանջում են բեկանել առաջին ատյանի դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշումն ու իրենց պաշտպանյալին ազատ արձակել:
Գագիկ Խաչատրյանը բերվել է դատարան:
Նշենք, որ Վերաքննիչ դատարանում մինչ այս, մեկ դատական նիստ է տեղի ունեցել բողոքի գործով, որը հետաձգվել է ու նշանակվել այսօր՝ սեպտեմբերի 27-ին:
Խաչատրյանն անազատության մեջ է արդեն ուղիղ մեկ ամիս: Օգոստոսի 27-ին, հիշեցնենք, Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտը խուզարկություններ է իրականացրել նրա և նրա հետ կապված անձանց, այդ թվում՝ եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանին պատկանող տարածքներում, նույն օրը Խաչատրյանները ձերբակալվել են, որից օրեր անց՝ կալանավորվել:
Գագիկ Խաչատրյանին կալանավորելու որոշումը կայացրել է առաջին ատյանի դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը՝ օգոստոսի 30-ին:
ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործն, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի խոսքով՝ վերաբերում է Գագիկ Խաչատրյանի՝ ՊԵԿ նախագահ եղած ժամանակ այդ կառույցում տեղի ունեցած ենթադրյալ չարաշահումներին:
Քրեական գործի շրջանակներում Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափի վատնում կատարելու համար, իսկ Կարեն Խաչատրյանին վերագրվում է միայն վատնում կատարելու արարք:
Մեկնաբանել