
Մաշտոցի այգում վարորդը՝ ակտիվիստներին. «Հեսա լոմով կտամ գլխիդ (լուսանկարներ)
Այս առավոտ Մաշտոցի այգի են եկել ոստիկաններ և այնտեղ նստացույց անող բնապահպան-ակտիվիստներին դուրս հանել իրենց նստացույցի վայրից՝ կառուցվող բուտիկի երկաթյա կոնստրուկցիայից:
«Հետքի» այցելություն ժամանակ այգում էր մոտ 60-70 ոստիկան: Ոստիկանները շրջափակել էին կառուցվող բուտիկը և ոչ բնապահպան-ակտիվիստներին, ոչ լրագրողներին թույլ չէին տալիս մոտենալ: Բնապահպաններն ասում էին, որ ոստիկանները խտրականություն են դրսևորում, որովհետև սրճարանի տիրոջ ընկերոջը թույլ են տալիս մտնել նկարահանել, իսկ ուրիշներին՝ ոչ:
«Այս պահի դրությամբ այս շրջափակումը անօրինական է: Օրենքն ասում է, որ չի կարելի մարդկանց տեղաշարժվելու իրավունքը սահմանափակել: Որևիցե պաստառ, ցուցափեղկ չկա, թե ինչ տիպի շինարարություն պիտի իրականանա, ով է իրականացնողը, ինչ որոշման հիման վրա: Ես ոչ տեսել եմ նման փաստաթուղթ, ոչ էլ էստեղ որևէ տեղ փակցված է»,- լրագրողներին ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Նա պնդում էր, որ համայնքի ղեկավարը պարտավոր էր կասեցնել ապօրինի շինարարությունը:
«Էս հիվանդանոցի գլխավոր բժիշկը ասում է, որ ինձ պետք չեն բուդկաներ, ինձ պետք է այգի: Դուք հիմա ապօրինի բան եք կատարում. մի քանի րոպե կտևի, մի քանի ժամ կտևի՝ դուրս եք գալու էստեղից: Իմ հանրային տարածքն է, չեք կարող արգելեք ինձ»,- բղավում էր նստացույցի մասնակից Վահրամ Սողոմոնյանը:
Բնապահպան-ակտիվիստները բղավում էին «ամոթ», «անօրեն ոստիկան», «մարդ դարձեք, հայ դարձեք», «ձեր երեխեքն են էստեղ օդ շնչելու», «իմ երեխեքի օդն ու ջուրն եք կտրում», «բետո՞ն ա շնչելու էրեխեդ»:
Այնուհետև ակցիայի մասնակիցները սկսեցին, իրար ձեռք բռնած, շղթա կազմել ոստիկանների կազմած շղթայի դիմաց:
Այգի եկավ «Սահակյանշին» գրությամբ բետոնախառնիչ մեքենան: Ակտիվիստները վազեցին դեպի մեքենան և սկսեցին վանկարկել՝ ամոթ:
Մեքենայի վարորդը բացեց դուռը և ակտիվիստներն ասաց. «Հեսա լոմով կտամ գլխիդ», և արագ գնաց կանգնեց ոստիկաններից մեկի թիկունքում: Ոստիկանները թույլ չէին տալիս մոտենալ վարորդին:
Վարորդի (ներքևի լուսանկարում) և բնապահպան-ակտիվիստների միջև հետևյալ խոսակցությունը տեղի ունեցավ:
-Քաջ վարորդ, ոստիկանի հետև՞ն ես կանգնում:
-Հիմի կասեմ՝ ում հետևն եմ կայնում:
-Ասա՝ իմանանք: Ասա՝ ուղիղ եթերում ես:
-Ուրեմն եթե դու չես հարգում էս ֆորմեն, դու կարաս վաբշե ստեղ չկայնես:
Միջամտեց ոստիկանը՝ ասելով, որ վարորդը կարիք ուներ ոստիկանի, այդ պատճառով էլ դիմեց իր օգնությանը, և վարորդին վիրավորել պետք չէ:
Նստացույցի մասնակիցները կենդանի պատ կազմեցին բետոնախառնիչ մեքենայի առջև, որպեսզի թույլ չտան, որ այն առաջ գնա:
Զարուհի Փոստանջյանը ոստիկաններից մեկին խնդրեց կանխել մեքենայի և քաղաքացիների միջև բախումը: Ոստիկանը պատասխանեց. «Ես նույնիսկ անհարմար չեմ զգում ասելու, որ զեկուցում եմ Ձեզ, որ ես ունեմ ինձ մոտ գրավոր փաստաթուղթ, որ քաղաքապետը դիմել է և խնդրել, որ այնպես արեք, որ մարդիկ չխոչընդոտեն այս բարեկարգման աշխատանքներին»:
Ակտիվիստները բղավում էին. «Այգին մերն ա», «միացեք», «դադարեցրեք», «կանաչ, սիրուն Երևան»: Նրանք երգում էին Հայաստանի օրհներգը, հայրենասիրական, նաև Երևանին նվիրված երգեր:
Այս ամբողջ ընթացքում շինարարները շարունակում էին բուտիկի երկաթյա կոնստրուկցիայի զոդման աշխատանքները:
Մաշտոցի այգի եկավ Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչություն պետ Զավեն Առաքելյանը: Բնապահպան ակտիվիստներից մեկն ասում էր, որ Երևանում մեկ շնչին 16-ից մնացել է 4-5 քառ. մետր կանաչ տարածք, իսկ քաղաքապետ Տարոն Մարգարյանի թողտվությամբ ոչնչացվում է հասարակական կանաչ տարածք՝ Մաշտոցի այգին:
Ակտիվիստները Զավեն Առաքելյանից՝ որպես քաղաքապետի ներկայացուցչից, պահանջեցին հրահանգել դադարեցնել շինարարությունը, քանի որ քննարկման պրոցեսը չի վերջացել, և այս պահին այգում շինարարության վերաբերյալ վեճ կա:
Ակցիայի մասնակիցներից մեկը վարչության պետին ասաց, որ 4 տարբեր քաղաքացի, արդեն 15 օր է, դիմել է քաղաքապետարան, իսկ քաղաքապետարանը, խախտելով օրենքը, չի պատասխանում դիմումներին և տրամադրում պահանջվող փաստաթղթերը:
Զավեն Առաքելյանը պնդեց, որ այգում շինարարության համար բոլոր անհրաժեշտ քաղաքաշինական փաստաթղթերը կան: «Դրանք ամբողջը պատրաստ են: Դուք քանի որ գրավոր դիմել եք, մենք ուզում էինք կից գրությամբ հանձնել ձեզ: Շատ կարճ ժամանակում մենք կտրամադրենք ձեզ»,- ասաց նա:
Նստացույցի մասնակիցները վարչության պետին նորից խնդրեցին մինչ փաստաթղթերը տրամադրելը դադարեցնել շինարարությունը: Զավեն Առաքելյանը պատասխանեց, թե շինարարությունն օրինական է, և գնաց այդ բոլոր փաստաթղթերը բերելու:
Քիչ անց Մաշտոցի այգի եկավ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանը՝ տեղում ուսումնասիրելու հարցը:
«Մենք ստացել ենք երկկողմանի դիմումը՝ և ձեր կողմից, և քաղաքապետարանի կողմից: Ոստիկանության պետը ինձ ուղարկել է էստեղ, որ ես ձեզ բոլորիդ ասեմ՝ ոստիկանության կողմից բիրտ ուժ չի կիրառվելու, բայց նաև ժողովրդին ցուցում տա, որ բանվորների վրա ձեռք չբարձրացնեն»,- ասաց Ներսես Նազարյանը:
Այնուհետև վերադարձավ Զավեն Առաքելյանը՝ իր հետ բերելով փաստաթղթեր, որոնց հիման վրա այգում շինարարություն է կատարվում:
Զարուհի Փոստանջյանն առաջարկեց պտտվել այգում և տեսնել, թե կառուցվող բուտիկները ինչ հեռավորության վրա են ծառերից: Պատգամավորը նշեց, որ շինարարությունը ծառից պետք է լինի առնվազն 5 մետր հեռու, սակայն այգում կան ծառեր, որոնք հայտնվել են բուտիկի կոնստրուկցիայի մեջ (ներքևի լուսանկարում): Ուստի շինարարությունն ապօրինի է: Միգուցե փաստաթղթերում ուրիշ բան է նախագծված, բայց բնապահպան-ակտիվիստները խոսում են կատարված փաստի, ոչ թե նախագծի մասին:
Զավեն Առաքելյանը հավաքվածներին ասաց, որ տարածքը (1 հա 981 քառ. մետր) 2004թ.-ից կառուցապատման իրավունքով գրանցված է Երևանի ենթակայության «Կենտրոն կանաչապատում» ՓԲԸ-ի անվամբ: «Կառուցապատման իրավունք ունեցող անձը կարող է, գործող քաղաքաշինական նորմերի պահպանմամբ, այդտեղ իրականացնել կառուցապատման աշխատանքներ»,- ասաց Զավեն Առաքելյանը: Նրա խոսքերով՝ ՓԲԸ-ի միակ հիմնադիրը Երևան համայնքն է:
Իրավաբանական վարչության պատն ասաց, որ 2011թ. դեկտեմբերի 11-ին տրվել է ճարտարապետական առաջադրանք, որում նշված է, որ այստեղ պետք է կազմվեն գոյություն ունեցող տաղավարների արդիականացման, նորերի տեղադրման, կանաչ տարածքների և ճեմուղիների բարեկարգման և բացօթյա ավտոկայանատեղիի ստեղծման նախագծեր: Առաջադրանքի հիման վրա, օրենսդրությամբ սահմանված կարգով, մշակվել է ոչ հիմնական շինությունների տեղադրման նախագիծ, որի հիման վրա էլ «Կենտրոն կանաչապատում» ՓԲԸ-ին տրվել է շինության տեղադրման թույլտվություն:
«Այս փաստաթղթերը այն բոլոր ամբողջական քաղաքաշինական փաստաթղթերն են, որոնք հիմք են տալիս իրականացնել որևէ քաղաքաշինական կամ կառուցապատման գործունեություն: Այսինքն՝ սրանք լիարժեք փաստաթուղթ են: Խնդրեմ, հանձնում եմ ձեզ»,- ասաց Զավեն Առաքելյանը:
Սա չբավարարեց Զարուհի Փոստանջյանին: Նա ուզում էր Կադաստրի վկայականը, որը տրվել է 2004թ: «Այս հատակագիծը չի համընկնում Կադաստրի վկայականում նշված հատակագծի հետ»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:
Ակտիվիստներն ասացին, որ նախագծերը չեն անցել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն, չեն կազմակերպվել հասարակական լսումներ: Իսկ վարչությանը պետը պատասխանեց, որ սա այդ դեպքը չէ, այս շինությունները ոչ հիմնական են, և բացի դրանից՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր ընթացակարգերը պահպանվել են:
«Շրջակա միջավայրը դուք փոխել եք: Սա իմ մանկության այգին է: Ձեր երեխային եթե էս այգին բերեք, Ձեզ նույն հարցն է տալու, ինչ իմ երեխան: Էս ծառերը ինչի՞ եք բանտարկել»,- Զավեն Առաքելյանին ասում էր Զարուհի Փոստանջյանը՝ պնդելով, որ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն անպայման պետք է անցկացվեր:
Պատգամավորը Ներսես Նազարյանին խնդրեց անմիջապես դադարեցնել այս պահին կատարվող ապօրինի շինարարությունը: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետը մի փոքր հեռացավ և սկսեց հեռախոսով խոսել: Ոստիկանները պատ կազմեցին և թույլ չտվեցին մոտենալ նրան՝ ասելով, որ Ներսես Նազարյանը խորհրդակցում է:
Այնուհետև Ներսես Նազարյանի հետ սկսեցին բանակցել բնապահպան-ակտիվիստների ներկայացուցիչները: Բանակցությունից հետո Վահրամ Սողոմոնյանը (ներքևի լուսանկարում) հայտարարեց. «Մինչև պետությունը մտածի, օրենքը մենք ենք պահելու էստեղ»:
Ներսես Նազարյանը լրագրողներին ասաց, որ գնում է բանակցելու և կվերադառնա կես ժամից:
«Ոստիկանները պահում են ուղղակի, որ ընդհարում չլինի բանվորների, աշխատողների և ժողովրդի մեջ: Ոստիկանները կանգնած են լինելու, ոչ մի բանի չեն խոչընդոտելու, հրամանը տրված է ոստիկանության պետի կողմից: Նույն ժողովուրդն ենք, պետք չի առանձնացնել: Ոստիկանները չեն խոչընդոտել»,- ասաց Ներսես Նազարյանը:
Մինչդեռ բնապահպան-ակտիվիստ Մարիամ Սուխուդյանն ասաց, որ վաղ առավոտյան, երբ ոստիկանները եկան, հրեցին ակտիվիստներին՝ ոլորելով ու ցավեցնելով ձեռքերը:
Ներսես Նազարյանն ասաց, որ այս ընթացքում շինարարությունը չի դադարեցվելու, քանի որ քաղաքապետը շինարարության փաստաթղթեր է ներկայացրել:
Որոշ մարդիկ կողքից հետևում էին, թե ինչ է կատարվում այգում:
Լուսամուտից իրադարձություններին էին հետևում նաև այգու կողքին գտնվող Մարգարյանի անվան մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի բժիշկները և ծննդկանները:
Մեկնաբանություններ (16)
Մեկնաբանել