
Փարաքարի 14/1 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահի խոսքով՝ դրսում ընտրողներ բերող մեքենա է նկատվել
Արմավիրի մարզի Փարաքար համայնքում ընթացող համայնքապետի արտահերթ ընտրություններին 14/1 տեղամասում ժամը 12:00-ի դրությամբ գրանցված 1878 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 336 ընտրող:
Փարաքար համայնքում, որն ընդգրկում է Փարաքար և Թաիրով գյուղերը, առաջադրվել են գործող համայնքապետ, նախկին ՀՀԿ-ական Սամվել Վարդանյանը, ով 18 տարի է զբաղեցնում է այդ պաշտոնը, ավագանու անդամներ Սամվել Ավետիսյանն ու Դավիթ Մինասյանը և համայնքապետի տեղակալ, նախկին ՀՀԿ-ական Սարդուր Թևոսյանը:
Առաջադրված բոլոր 4 թեկնածուներն անկուսակցական են: Թեկնածուներից երեքն ընտրել են հենց այս տեղամասում, մեկը` Սարդուր Թևոսյանը, որն այս տեղամասում չի ընտրում, առավոտյան անցավ ընտրատեղամասով, բարևեց և դուրս եկավ։
14/1-ում դիտորդական առաքելություն են իրականացնում «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը և «ՀՔԱ Վանաձորի գրասենյակը»։ Մեր այստեղ գտնվելու պահին դիտորդների միջամտությունից հետո ուղղվեց մի քանի վրիպակ։
14/1 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Սյուզաննա Գրիգորյանի խոսքով` համայնքում ընտրապայքարը հանգիստ է անցել, առանց միջադեպերի, ըստ նրա գնահատականի, նույնպիսին է նաև քվեարկության ընթացքը։
Րոպեներ անց հանձնաժողովի նախագահը նշեց, որ դրսում մեքենա է նկատվել, որն ընտրողների է բերել։ Հարցով ոստիկաններն են զբաղվել։
Ընտրություններից առաջ Փարաքարում նախընտրական պայքարի մասին մի շարք հրապարակումներ եղան:
Թեկնածուներից մեկի` Սարդուր Թևոսյանի անունը նախընտրական շրջանում մամուլում կապվել էր ԵԿՄ ղեկավար Սասուն Միքայելյանի հետ, նշվում էր, որ նա վայելում է Միքայելյանի աջակցությունը:
Հիշեցնենք՝ մի քանի օր առաջ «Հետք»-ը գրել էր, որ Փարաքարի համայնքապետի թեկնածու Դավիթ Մինասյանը քարոզչական պաստառներ է փակցրել օդանավակայան տանող ճանապարհի պատնեշներին: Նյութի հրապարակումից հետո թեկնածուն հեռացրել էր փակցված պաստառները:
Անահիտ Հակոբյան
Մեկնաբանել