
Դատարանը բավարարել է Աննա Դանիբեկյանի գործով մեղադրյալ Սարգիս Օհանջանյանին կալանավորելու միջնորդությունը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Նելլի Բաղդասարյանի, քիչ առաջ բավարարել է Քննչական կոմիտեի միջնորդությունը` դատավոր Աննա Դանիբեկյանի գործով մեղադրյալ Սարգիս Օհանջանյանին կալանավորելու վերաբերյալ: Այս մասին «Հետքը» տեղեկացավ դատարանից: Նշենք, որ Քննչական կոմիտեի միջնորդության քննությունը սկսվել էր այսօր՝ ժամը 14:30-ին, ապա դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:
Ավելի վաղ մեկ այլ դատավոր՝ Արտուշ Գաբրիելյանը, բավարարել է գործով անցնող մյուս մեղադրյալ Նարեկ Մութաֆյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը: Այսպիսով, սեպտեմբերի 27-ին դատավոր Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցած միջադեպի գործով երկու կալանավորված անձ կա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի ուշ երեկոյան դատավոր Աննա Դանիբեկյանն, ով քննում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը, ոտքով գնալիս է եղել Շենգավիթի դատարան, երբ նրան են մոտեցել երիտասարդներ, ու նրանցից մեկը՝ Նարեկ Մութաֆյանը, ֆեյսբուքում ուղիղ եթերով հեռարձակում միացնելով, դատավոր Դանիբեկյանին պարբերաբար հարցրել է, թե արդյոք նա կա՞ «վնգստացող դատավորների ցանկում»:
Տեղի ունեցածից հետո հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել և հարուցվել քրեական գործ, որով մեղադրյալ են ներգրավվել Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը: Վերջիններս մեղադրվում են արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը միջամտելու մեջ:
Լուսանկարում`դատավոր Նելլի Բաղդասարյանը
Մեկնաբանել