
Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքում ավագանու անդամի արտահերթ ընտրությանը մասնակցել է ընտրողների 56,4%-ը
Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրությանը 1530 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 863-ը կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 56,4%-ը: Բնակիչների առավել մեծ հոսքը եղել է վաղ առավոտյան: Ընտրությունն ընթացել է հանգիստ պայմաններում:
Ավագանու 7 տեղի համար պայքարում էր 12 թեկնածու, բոլորն էլ՝ ինքնաառաջադրված:
Վստահված անձանց խոսքով՝ ընտրողների շրջանում այս տարի գրանցվել է ամենամեծ ակտիվությունը, նախորդ տարիներին ընտրությանը մասնակցած բնակիչների թիվը չի գերազանցել 600-ը:
Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը 2019 թվականի մայիսի 10-ի նիստում որոշեց այս տարվա սեպտեմբերի 29-ին անցկացնել Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն: Պատճառը ավագանու անդամների նիստերին չներկայանալն էր։ Ավագանու նիստերը 2018 թվականի օգոստոսից չեն կայացել, ինչի հետևանքով էլ վաղաժամկետ դադարեցվել են ավագանու անդամների լիազորությունները։
Գայանե Հովսեփյան
Մեկնաբանել