HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Բալկոնում Ռուբեն Բաբայանն է

Բաղրամյանի ներքին բակերից մեկում գտնվող իմ այս բալկոնը միակն է, որ պահպանել է նախնական ձեւը՝ առաջ չեն տվել, չեն փակել ապակիներով, չի փոփոխել գունային հիմնական երանգը։ Այս բալկոնում ամեն շաբաթ մի քանի ժամով հանգստանալու, առանձնանալու հնարավորություն է ունենալու մեկը, ում հետ զրուցելու եմ։ Նրանք ամենատարբեր ոլորտներից են, բայց նրանց ընտրությունն ամեն անգամ բացատրություն պետք է ունենա։ Զրույցի թեման տարբեր է լինելու, բայց, ում հյուրընկալելու եմ բալկոնում, ինքս չեմ ներկայացնելու նա պետք է իր մասին խոսի երրորդ դեմքով ու այդպես ներկայանա ձեզ։

Բալկոնում ռեժիսոր, Երեւանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն է։

Ռուբեն Բաբայանը՝ երրորդ տարածությունում (ինքն իր մասին)

Ինքը երեւի զարմանքի սեփական տարածությունն ունի ու ապրում է այդտեղ։

Ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ, թե իր անձի նկատմամբ ուշադրությունը որտեղից է գալիս․ ինքը համեստ է գնահատում իր բոլոր հատկություններն ու ունակությունները, ինչպես արվեստում, այնպես էլ քաղաքացիական կյանքում, մարդկանց հետ ունեցած հարաբերություններում։ Հաճախակի ունեցած այդ զարմանքից էլ առաջանում է հետաքրքրություն․․․ Եվ գուցե բնական է զարմանք-հետաքրքրություն-մտասուզում հերթականությունը․ այս ամենի հետ բացարձակապես կապ չունի ոչ ժամանակաշրջանը, ոչ իրադարձությունները, ոչ էլ համակարգը։

Խելագար արագ այս տեմպի մեջ ինքն առանձնության, մենակութան կարիք ունի․ այդ մենակությունը հնարավորություն է տալիս անձնապես մտատանջող հարցերին ոչ թե պատասխաններ գտնելու, այլ դրանք դասակարգելու, կարգավորելու համար․․․ Հետո իհարկե այդ դասակարգածն արագորեն նորից խառնվում է։ Ինչքան որ կյանքիդ փորձառությունն ավելանում է, այնքան ավելի լավ ես հասկանում, որ երեւի թե որեւէ բան չես սովորել, երեւի թե շատ օգտակար չես եղել կամ հակառակը՝ շատ տվեցիր։

Իր վիճակը գուցե բնութագրվում է «անհասկանալի» բառով, քանի որ շատ ու շատ բաներ հաջողվել են ինտուիցիայի շնորհիվ։ Ցանկացած երեւույթի, ցանկացած մարդու, մտքի եւ գաղափարի շուրջ այդ ինտուիցիան աշխատում է եւ հիմնականում չի էլ խաբում։

Աշխարհը շատ է սիրում, գիտի, որ այն տարբեր է, եւ, երբ դու չես սահմանափակում քեզ մեկ հայացքով կամ մեկ դիտանկյունով, հարստանում ես․․․ Ինքն էլ այդտեսակ «հարստանալու» մեծ ցանկություն ունի։

Տարիներ շարունակ հետեւում եմ Ձեր գործունեությանը, կարդում եմ հնարավոր ամեն բան, ինչ մեդիայում է հայտնվում, դիտում եմ նաեւ հաղորդումներ, որի մասնակիցն եք։

Մի տարօրինակ բան կաանկախ հարցի կշռից, անկախ խնդրի հետ ունեցած առնչությունից, Ձեզ ամեն ինչի մասին հարցնում են։ Դուք կարող եք մի օր հարցազրույց տալ ու խոսել մայրաքաղաքի աղբահանության խնդիրներից, հաջորդ օրը՝ Ստամբուլյան կոնվենցիան քննարկենք, իսկ մի քանի օր անց՝ քաղաքական ինչ-որ թեմայի անդրադառնաք․․․

Երեւի երկու կարեւոր հատկություն կա՝ նախ բացբերան եմ, ապա նաեւ շատախոս (ծիծաղում է)։ Այս երկու հատկություններերի պատճառով կամ շնորհիվ էլ հրավիրում են զրուցելու․ անկեղծ ասած՝ երբեւէ ինքս որեւէ հարցազրույց նախաձեռնելու առիթ չեմ ունեցել։

Այս հատկություններից զատ՝ ես այս երկրի քաղաքացի եմ, ունեմ կարծիքս արտահայտելու եւ կիսվելու իրավունք՝ առանց այդ կարծիքը որեւէ մեկին պարտադրելու, որովհետեւ մեկնաբանություններս ու մտքերս չեմ համարում ճշմարտության վերջին ատյան․․․ Ավելին՝ ժամանակի ընթացքում հաճախ է պատահել, որ փոխել եմ կարծիքս կոնկրետ երեւույթի հետ կապված, եւ, կարծում եմ, սա նորմալ է, որովհետեւ զարգացումներ են լինում, ինքներս ենք անընդհատ կրթվում, ինֆորմացիա ստանալու աղբյուրները շատանում են, նոր տեսակետներ են առաջ գալիս, այնպիսինները, որոք գուցե ավելի համոզիչ են, քան այն, ինչ դու ունեիր, ինչում համոզված էիր մինչ այդ։

Ես զբաղված եմ այնպիսի գործով (նկատի ունեմ թատերական արվեստը), որը գտնվում է իր ժամանակի մեջ․ այն չունի անցյալ, չունի ապագա, եւ կարիքը կա անընդհատ զգալու ժամանակի զարկերակը։ Այս իմաստով ես հավատարիմ եմ մնում իմ մասնագիտությանը։

Մի առիթով ասել էիք, թե նույն ներկայացումն ամեն անգամ պիտի «տարբեր» լինի, քանի որ այսօրվա ներկայացրածն արդեն վաղվա համար չէ, վաղվա հանդիսատեսինը չէ․․․

Այո, ներկայացումն ու թատրոնը փոփոխական է, ինչպես կյանքը։

Մենք՝ հայերս, հաճախ ենք կիրառում «երնե՜կ անցած օրերին» արտահայտությունը՝ հղում տալով անցյալին, ցանկություն ունենալով վերադառնալ․․․ Գուցե սիրուն է հնչում, բայց ռեալ կյանքի հետ այստեսակ արտահայտությունները կապ չունեն։ Ռեալ կյանքը շատ ավելի արագ է առաջ գնում, եւ այդ իմաստով դու ունես երկու տարբերակ․ փորձել համապատասխանել այդ արագությանը կամ կանգնել տեղում այնքան, մինչեւ ժամանակը քեզ դուրս կշպրտի։

Չեմ հիշում՝ ով, բայց ասել էր մի շատ կարեւոր միտք․ «Մի փորձեք վերադառնալ անցյալ․ այնտեղ ոչ ոք չկա»։

Ասել, որ դուք ընդդիմադիր եք եղել, միանշանակ չի լինի, ասել, որ դուք իշխանամետ եք եղել, նորից չի լինի։ Ինձ իսկապես հետաքրքրում է այն, որ նախորդ իշխանությունների հետ Ձեզ ուղիղ իմաստով ասոցացնել չէր լինում, առանձնացում տալն էլ դժվար էր։ Գուցե կոպիտ հնչի, պարոն Բաբայան, բայց Ձեզ «չպիտակավորեցին»։

Արտառոց բան չկա․ ես սիրում եմ իմ գործն ու մասնագիտությունը ավելի, քան իմ քաղաքական կողմնորոշումները։ Համոզված եմ, որ օգտակար եմ հենց իմ դաշտում՝ որպես թատրոնի ղեկավար, որպես մանկավարժ։

«Ընդդիմադիր» եւ «ոչ ընդդիմադիր» եզրույթները շատ քաղաքական են․ մարդը տարբեր է․ յուրաքանչյուր քաղաքական գործիչ արել է եւ լավ, եւ վատ բաներ, եւ վրիպել է, եւ մտածված հաշվարկված քայլերի գնացել նաեւ։ Ես բացարձակապես դեմ եմ որեւէ մեկին աստվածացնելուն կամ դեմոնիզացնելուն։

Այն թեզերը, թե «սիրում ենք բոլորին», «երկրպագում ենք բոլորին», «խոնարհվում ենք բոլորի առաջ» եւ այլն, եւ այլն, հնարված են։ Բոլորին հնարավոր չէ սիրել, բայց հարգել հնարավոր է․ հարգանքը չի ենթադրում համաձայնություն, չի ենթադրում էմոցիոնալ կապ, այն չի պայմանավորվում սիրով կամ ատելությամբ․․․ Հարգանքը հենց վարվելու կանոնն է․ ինչքան այդ վարվեցողության հիմքերում այն պինդ է, այնքան պինդ է երկիրը, հասարակությունը, այնքան կայացած է պետությունը։

2019-ի մայիսին, երբ Թատերական ինստիտուտում ռեկտորի ընտրություններ էին ընթանում եւ դրան զուգահեռ ուսանողների բողոքի ակցիաները, Դուք ազատման դիմում գրեցիք՝ ասելով, որ հրաժարվում եք ինստիտուտի Դերասանի վարպետության եւ ռեժիսուրայի ամբիոնի վարիչի պաշտոնից։ Սա այդ վարվելու կանոններից բխող գործողությու՞ն էր։

Այո, ես դիմում գրեցի ինստիտուտից դուրս գալու համար եւ, կարծում եմ, շատ տրամաբանական էր, որովհետեւ գործունեությանս ողջ ընթացքում փորձել եմ ավագ եւ կրտսեր սերնդի իմ գործընկերներին հաղորդել այն սկզբունքները, որով առաջնորդվում եմ․ դուք պարտավոր եք սիրել ազատությունը, որպեսզի կայանաք, բայց պարտավոր եք նաեւ հարգել ուրիշի ազատությունը, ինչ մասին արդեն խոսեցինք։ Իսկ ի՞նչ էր կատարվում ինստիտուտում․ ազատ տեղաշարժման իրավունք չկար, դռները փակվել էին, երկխոսություն չէր ստեղծվում, որպեսզի իրավիճակ հարթվի․․․ Իսկ երկխոսության անհրաժեշտություն իսկապես կար։

Պարզ է չէ՞, որ միայն ազատությունն է տալիս հնարավորություն ազատ մտածողության, այս դեպքում նաեւ ստեղծագործելու, արարելու։ Հիմա չեմ ուզում խորանալ, անդրադառնալ կրոնական հարցերին, բայց այդ ստեղծողը, որին կուզեք անվանեք աստված, արարարիչ, բնություն կամ մի այլ բան, մարդուն շնորհել է առանձնահատկությամբ, որը բնորոշ չէ կենդանական աշխարհին․․․

Ինչո՞վ ենք մենք առանձնանում կենդանուց․ սիրելու մեր կարողությա՞մբ, ո՛չ, որովհետեւ կենդանական աշխարհում էլ է դրսեւորվում սերը, ինքնազոհաբերությա՞մբ, ո՛չ, որովհետեւ նույնիսկ կենդանիները դիմում են պաշպանության ․․․ Մի բան կա միայն, որ կենդանին չի կարող, արարելն է։ Իսկ մարդն արարում է, երբ ազատ է իր մտածողությամբ։

Համակարգն ու ազատությունը․․․

Կարծում եմ՝ ազատությունը շատ ներքին հարց է։ Համոզված եմ՝ Փարաջանովը բանտում ավելի ազատ էր, քան իր կոլեգաները, ովքեր այդ նույն ժամանակ պտտվում էին տարբեր երկրներում։ Այն, ինչ անում էր նա բանտում՝ իր սուղ միջոցներով, անհավանական էր․․․ Ահավոր կյանք՝ զուգորդված տանջանքներով ու կտտանքներով, բայց նա շարունակում էր ստեղծագործել, չէ՞։

Դադար

Գիտե՞ք՝ ինչն է կարեւոր․  մարդը պիտի զգա ազատության համը։ Ազատության համն զգացած մեկն այլեւս երբեք չի կարող հրաժարվել դրանից, իսկ զգալ կարելի է միայն այն ժամանակ, երբ ներքին վախերն արդեն հաղթահարված են։

Բայց տարբեր համակարգերի ազդեցությունները, ամենատարբեր զարգացումներն իրենց հետեւանքներով նոր վախերի առիթ են դառնում։ Խորհրդային տարիներին այդ վախերն ունեին իրենց համակարգային պատճառները, այսօրվա վախերն՝ իրենց։ 

Միգուցե, բայց կան վախեր, որոնք մշտական ու շարունակական են՝ անկախ համակարգից։ Օրինակով խոսենք, առանձնացնենք «կուսակցական վախը»։

Մինչ օրինակին կանցնեք, հարցնեմ՝ կուսակցական եղել եք։

Ոչ։

Լավ, շարունակենք։

Ազգային ժողովում հայտնված կուսակցականները փաստորեն «խախտում» են սահմանադրական պահանջն առ այն, որ յուրաքանչյուր ոք ունի իր միտքն ու խոսքն ազատ արտահայտելու իրավունք եւ առաջնորդվում է խղճով ու ընտրողների կամքով։

Ի՞նչ է կատարվում իրականում․ պատգամավորն առաջնորդվում է կուսակցական կարգապահությամբ, խոսում է միայն այն մասին, ինչը կուսակցական գաղափարախոսությանն ու ընթացիկ որոշումներին է հատուկ եւ հարմար։ Եվ սա անում են բոլորը։

Հիմա դիտարկենք Միացյալ նահանգների օրինակով, ԱՄՆ նախագահ հանրապետական Թրամփի եւ Սենատում Հանրապետականների մեծամասնականի ղեկավար, մեկ տարի առաջ մահացած Ջոն ՄըՔեյնի օրինակով․․․ ՄըՔեյնը Թրամփի ամենամեծ քննադատն էր, նույն կուսակցությունից․ այդ քննադատությունը քանդե՞ց կուսակցությունը, քանդե՞ց երկիրը․․․ Իհարկե ոչ։

Ուրեմն կուսակցությունը միայն ու միայն ընտրություններին մասնակցելու համար նախըտրելի ամենահարմար միջոցն է․ կուսակցությունն առաջնորդ չէ, կուսակությունը մեխանիզմ է, որն իր ներսում ունի գիտակ, պրոֆեսիոնալ մարդկանց, ովքեր ընտրություններում ձայն հավաքելուց հետո համապատասխան պետական կառույցներում զբաղեցնում են իրենց տեղը եւ գործում ի շահ ընտրողի, ի շահ ձայն տված ժողովրդի։ Վե՛րջ։

Բայց արի ու տես, որ մենք շարունակում ենք հարազատ մնալ դեռ հարյուր տարի առաջ գործող կուսակցությունների մոդելին․ ինչպե՞ս են այն շարունակում տեղավորել 21-րդ դարում, անհասկանալի է․․․ Ավելի անհասկանալի է այն պահվածքը, երբ կուսակցական պատգամավորներից մեկը ձայն է հանում, չի համաձայնում կուսակցական ընդհանուրին, ուրեմն արդեն կարող է պիտակավորվել որպես դավաճան, կարող է հեռացվել կուսակցական շարքերից, եւ այլն, եւ այլն։

Մի խոսքով, մենք չենք փոխել համակարգը․ այս ցավով տառապում են բոլոր կուսակցություններն անխտիր, որովհետեւ պատճենել են խորհրդային կուսակցական համակարգը, կրում են նույն վախերը։

Հիմա հարց եմ տալիս՝ ինչպես կարելի է ձեւը խառնել բովանդակության հետ։ Կուսկացությամբ ներկայանալը ձեւ է, մեխանիզմ, որը պիտի գործարկվի, բայց որեւէ կուսակցություն չի կարող համարվել ազգային արժեք․․․

Պատկերացրու՝ վերամբարձ կռունկի միջոցով ինչ-որ հանճարեղ տաճար է կառուցվում ու․․․

Ու ոչ թե տաճարն է արժեւորվում, այլ կռունկը․․․ Դա՞ էիք ուզում ասել։

Հա՛, հասկանու՞մ ենք չէ, որ վերամբարձ կռունկը բացի իր կատարած աշխատանքի տեխնիկական մասից այլեւս կարեւորվել չի կարող։ Ոչ մի վերամբարձ կռունկ չի կարող դառնալ թանգարանային նմուշ։

Գուցե կռունկի ու տաճարի կարեւորության տարանջատման պահին խնդիրներ ունենք։

Դադար

Քաղաքական կոնտեքստում գործողություններն ու խոսքը դիալոգի ու քննարկման հանգեցնու՞մ է․․․ Բազմաթիվ են օրինակները, երբ էմոցիոնալ վերագրումների արդյունքում բուն նյութը մղվում է երկրորդ պլան, իսկ գործողություն կատարողը կամ աստվածացվում է, կամ դեմոնիզացվում։ 

Հետաքրքիր թեմա եք շոշափում, որը կարելի է կապել այն ամենի հետ, ինչի մասին սկզբում արդեն խոսեցինք։

Կան ոլորտներ, որտեղ էմոցիոնալ ընկալումն անհրաժեշտ է, ինչպես օրինակ մշակույթի կամ արվեստի հարցում է։ Այսինքն այստեղ էմոցիան բացառել չենք կարող։ Բայց կան հարցեր, որոնք սթափ մտածողության արդյունքում միայն կարող են լուծվել՝ թեկուզ համեմված լինեն էմոցիաներով։

Վերագրումներ ենք անում, թե մենք «կովկասյան» ժողովուրդ ենք, «տաքարյուն» ենք, «բռնկվող», բայց սրանք հորինված բաներ են․ հիմնական խնդիրն այն է, որ մենք դեռ իսկապես ազատ չենք, ավելին՝ սեփական ազատությունը պարտադիր կապում ենք որեւէ անհատի հետ։ Այլ կերպ ասած՝ ազատությունը փնտրում ենք մեզնից դուրս, բռնվում ենք մեկից ու ասում՝ «տուր մեզ այդ երջանկությունը, լավ ապրելու այդ խոստումդ իրականացրու․․․ Առավել եւս խոսք ես տվել»։

Ոչ ոք չի կարող տանել  այդ ճանապարհով, ոչ ոք․․․ Ազատությունը, երջանկությունը կապ չունեն վարչապետի, նախագահի, համակարգի, կոռուպցիայի հաղթահարման ընթացքի եւ այլ շատ պրոցեսների հետ։

Երջանկությունը սեփական ճակատագրի տեր լինելն է։ Երբ հասկանում ես, որ այդ մեկը դու ես, ով անցնելու է որոնման իր ճանապարհը, սկսում ես սթափ նայել շուրջդ, սթափ ես գնահատում իրավիճակը, կողմնորոշվում ես ում ընտրել, ում՝ ոչ, փորձում ես հասկանալ համակարգն ինչ է առաջարկում, եւ արդյոք կարող ես տեղավորվել դրա մեջ, թե պիտի ընդդիմանալ։

Այս եւ այլ հարցեր, եթե ինքդ քեզ չես տալիս, շարունակում ես կույրի պես փնտրել մեկին, ով քեզ բարեհունչ բաներ կխոստանա, ում պոչից կբռնես, կգնաս։

Այդպես մեկ ամիս, երկու ամիս, մեկ տարի անց սկսում ես հիասթափվել, բողոքել՝ մոռանալով, որ մեղավորը նա չէ․ այդ դու ես որոշել քո ճակատագիրը, քո անձնական երջանկությունը, քո որոնումը կապել ես իր հետ, քո գործողությունը տվել ես ուրիշին։

 «Այդ մեկը դու՛ ես» կարգախոս-կոչը, կարծում եմ, իր նախնական շրջանառությամբ կապ ունի Ձեր մտահոգության հետ։

Ես կարող եմ լսել այդ արտահայտությունը, հնարավոր է նաեւ, որ հավանության արժանացնեմ, բայց պատրաստ չլինեմ հասկանալու, թե այդ մեկը, որ ես եմ, ինչ բովանդակության հետ կապ ունի։

Ավելին՝ պետական գործիչների, քաղաքական եւ քաղաքացիական շարժումների առաջնորդների կոչերը ընդունում ենք այնպես, որ «բա՜ն էր էլի, ասաց մի բան, որ պիտի ասեր»․․․ Այնինչ պիտի փնտրենք այն ռացիոնալ հատիկը, հենց այն տեքստը, որը մեզ  է վերաբերում, որովհետեւ, եթե տեղում ես, մասնակիցն ես, ծափահարողը, բայց չես հասկացել, որ գործառույթը քոնն է, ուրեմն ոչինչ էլ չես հասկացել, ուրեմն ոչինչ էլ չի ստացվի։

Այնպես որ լսելն ու ունկնդրելը տարբեր բաներ են։ Երբ սկսում ենք պահանջել մեր բարեկեցության ապահովումը, մեր երջանկության բաժինը, պիտի արդեն հասկացած լինեինք, որ ճանապարհ անցնելու պատասխանատվությունը հենց մեզ վրա է։

Հեղափոխությունից հետո ասացիք, որ հնարավորություն եղավ տեսնելու, որ ժողովուրդ ենք, կարող ենք համախմբվել եւ միասնաբար ընդդիմանալ, հետո շարունակում եք ու հավելում, որ կա երկրորդ կարեւոր քայլը՝ ամեն մեկս պիտի հասկանանք, որ քաղաքացի ենք։

Ի՞նչ ենք ուզում ունենալ․ ինքնիշխան պետությու՞ն, թե՞ հայկական ամենամեծ գաղութը։ Պետություն լինել ենթադրվում է մտնել մեծ համակարգի մեջ, որը ներառում է աշխարհի մյուս պետությունները՝ իրենց խաղի կանոններով․ այս իմաստով մեր պահանջներն ու հնարավորությունները պիտի համապատասխան հարթության վրա լինեն, բացվեն մեր բոլոր անոթները։

Եթե այս ուղղությունը չենք վերցնելու, կարող ենք մտնել ռեզերվացիայի մեջ․․․ Ի վերջո մեզ ոչ ոք չի ստիպում պետութուն ունենալ․ սա մեր պահանջն է չէ՞, սակայն պահանջը կամ ցանկությունը դեռ բավարար չէ, քանի դեռ քաղաքացին չի հասկացել, որ այս տարածքն իր տունն է, որն աշխատանքի արդյունքում է ամրանում, որն անընդհատ մաքրման ու պահպանման կարիք ունի, կարիք ունի ի վերջո սիրվելու։

«Ես սիրում եմ իմ երկիրը» ապրիորի սիրելու այս եւ այլ դրսեւորումներն ու արտահայտությունները հորինված բաներ են․ եթե պատրաստ չես գետնից վերցնելու ու աղբամանը նետելու ուրիշի ծխախոտի մնացորդը, ուրեմն այդ սիրելն իրական չէ, ոչ մի բան է։

Երբեմն մեծ-մեծ արտահայտություննր ենք անում, թե մեզ բնորոշ բնավորության գծեր ունենք, թե մեր ճանապարհը բարդ է եղել, իսկ չե՞ք կարծում, որ այլ ազգեր էլ են անցնել նման բարդ ճանապարհներով, առավել եւս անցել ու կայացրել են իրենց պետությունը։ 

Դադար

Երբ ինձ ասում են՝ անկախությունը եղել է դարավոր երազանք, թույլ տվեք չհավատալ․․․ Երբ դարեր շարունակ երազում ես ինչ-որ բանի մասին, անհնար է չունենալ այն․ ուրեմն երազանքն այդ ճիշտ չի ձեւակերպվել, ուրեմն արտահայտություններն այնքան էլ ամուր չեն եղել։ Ավելին ասեմ՝ մինչեւ մենք չտանք մեր անցածի ճիշտ ախտորոշումը, հաստատ չենք էլ կարող բնորոշել, թե ինչ նոր ճանապարհով ենք անցնելու, ինչես պետք է առաջ գնանք։

Երկար ժամանակ ազգի մեծամասնութունը, ցավոք, փնտրել է հզոր հովանավոր։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ քանդվում էր Օսմանյան կայսրությունը, որի մեջ ապրում էին տարբեր ազգեր, հիմնականում բոլորը փորձում էին ի վերջո անկախություն ձեռք բերել, իսկ ի՞նչ էինք փորձում մենք․․․ Գտնել ավելի լավ հովանավոր․ այսպես ասած՝ մեկի թաթի տակից դուրս գալուց հետո փնտրում էինք ավելի «լավ» թաթի տակ հայտնվելու հնարավորություն։

Գուցե մի քիչ փոքրացնե՞նք մեր պահանջները, բայց ամուր կառչենք հողից, ստեղծենք պետականություն, որովհետեւ ՄԱԿ-ի գրասենյակի կամ մի այլ միջազգային կառույցի շենքի դիմաց ծածանվող եռագույնը դեռ բավարար պայման չէ․․․ Դրոշը կա, պատվիրակությունը կա, բովանդակությունը չկա։

30 տարվա ընթացքում շատ քիչ քայլեր ենք արել, հաճախ նաեւ հետքայլերի ականատեսն ենք եղել, երբ էներգետիկ համակարգը վաճառվեց, երբ մինչ այսօր չենք կարողանում ինքնուրույն ապահովել հարավային սահմանների պաշպանությունը, երբ մեր սահմանային կետերում նստած են հայեր, բայց ուրիշ երկրի հովանու ներքո․․․ Սա՞ է ինքնիշխանությունը․․․

Ասում էիք՝ պատերազմող երկիրը չի կարող միաժամանակ նաեւ առաջընթաց գրացնելայսպես ասած՝ «մենք այնքան հումանիստ չենք», որ միաժամանակ կարողանանք սիրել եւ ատել։

Շնորհակալ եմ այս հարցի համար․․․ Գիտեմ, որ այն խիստ ցավոտ է, որովհետեւ պատկերացումները պատերազմի մասին թերի են․ շատերն այն ընկալում են որպես ֆիզիկական եւ տարածքային կորստի պատճառ, բայց գրեթե չի վերլուծվում պատերազմի հոգեբանական ազդեցությունը, որն իր հերթին ուժեղ է թե անմիջական մասնակցի, թե պատերազմի ծավալման ընթացքում խաղաղ պայմաններում ապրողի համար։

Դադար

Պատերազմն ահավոր բան է, եւ մարդկության առաջադեմ մասը հասկանում է, որ այն սպանիչ է ու անվերջանալի, հասկանում է, որ եթե չի գնահատվում պատերազմի բուն էությունը, այն ավարտված համարել չի կարելի։

Վերջին տասը-տասնհինգ տարիների ընթացքում Եվրոպայում եւ աշխարհում նշվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը, Ռուսաստանում շարունակում են նշել հաղթանակը․․․ Բայց չէ՞ որ ամենամեծ հաղթանակը հենց ավարտն է, այլ ոչ այն, որ կանխորոշվեց հաղթողն ու պարտվողը։

Այո, Երկրորդ համաշխարհայինում հաղթեց Սովետական միությունը, պարտվեց՝ Նացիստական Գերմանիան, բայց դիտարկենք հետոն․ Գերմանիան այսօր վերամիավորված է եւ Եվրոպայի ամենահզոր տնտեսություն ունեցող պետություններից մեկն է, իսկ Սովետական միությունը քանդվեց, Ռուսաստանն էլ չես անվանի ժողովրդավարական, հզոր տնտեսություն ունեցող երկիր։

Ուրեմն հաղթանակ եւ պարտություն հասկացողությունները շատ հարաբերական են․ այսպիսի սահմանում տալուց առաջ պիտի հասկանալ, վերլուծել, թե այդ գրանցած հաղթանակից եւ պարտությունից հետո ինչ դասեր քաղեցինք, ինչ զարգացումներ ունեցանք, ուր հասանք։

Ի նկատի ունե՞ք, որ պատերազմից հետո երկխոսության, վերլուծության անընդհատ կարիք կա։

Նախ ցանկացած խնդրի շուրջ պիտի կարողանանք երկխոսել, պիտի պատրաստ լինենք անկեղծ դիալոգի, պատրաստ լինենք լսելու այն տեսակետները, որոնք մեզ խորթ են, չհամարենք, որ այն, ինչ, չի համապատասխանում մեր տեսակետին, պիտի որակվի որպես դավաճանություն։

Երբ սկսվում է այս պիտակավորումը, այդտեղ դիալոգը դադարում է։

Կարո՞ղ է ինչ-որ մեկն ասել, որ ինքը լավ քաղաքացի է, որովհետեւ անհանդուրժող  է, չի ընդունում այլ կարծիք․․․ Իհարկե ոչ։ Եկեք ի վերջո կոնկրետ խոսենք, ասենք՝ ինչպես ենք տեսնում հետոն՝ մեկ-երկու տարի անց։

Այն, ինչ հիմա կասեմ, լուրջ խոսակցության նյութ չէ, բայց, ցավոք, շատ տարածված ու բնորոշ է մեզ․ մենք աշխարհում անընդհատ թշնամիներ ենք փնտրում, ասում ենք՝ հին ազգն ուզում են վերացնել, ոչնչացնել, իբր մեծ տերությունները օրուգիշեր մտածում են՝ ինչպես հեռացնել մեզ աշխարհի քարտեզից․․․ Սրանից մեծ ազգային մեծամտություն պատկերացնելը դժվար է։

Մենք չենք կարողանում երկխոսել աշխարհի հետ, որովհետեւ աշխարհի կանոնները մեզ համար կասկածելի են, որովհետեւ նախեւառաջ մենք ներսում իրար հետ խոսել չգիտենք։ Ինչպե՞ս կարող ես ներսում «տականք եւ «դավաճան» անվանել այլ կարծիք ունեցողին, ինչպե՞ս կարող ես էմոցիոնալ վերագրումներով միայն առաջնորդվել, ու, ներսի խնդիրը չլուծած, փորձել դրսում դիալոգների առիթներ փնտրել։

Չէ՛․․․ Չի ստացվելու․․․ Քանի մենք ներսում չենք կարողանում խոսել իրար հետ, դրսում հաստատ ու հաստատ չենք կարողանալու։

Ինչու՞ չենք կարողանում խոսել իրար հետ, ինչու՞ դիալոգ չի ստացվում։

Մշակույթի հարց է։ Մշակույթի կիրառական նշանակությունն ամբողջովին հասկացված չէ, ավելին՝ այն հիմնականում ընկալվում է որպես ժամանցի ձեւ։ Հիմա կասեք, որ կրթությունն էլ մեծ նշանակություն ունի․․․ Այո, բայց մենք տեսել ենք նաեւ կրթված մարդուն, ով այլանդակ է, որովհետեւ մշակույթի մաս չէ, չի կրում այն իր մեջ։

Մշակույթն է սահմանում մարդուն, տալիս հնարավորություն ուսումնասիրելու ու ճանաչելու սեփական ես-ը։

Հիշեցի, որ հարցազրույցներից մեկում ասում եք՝ թատրոնը կրթական գործառույթ չի իրականացնում։

Այո, միանշանակ է, որ թատրոնի առաջնային դերը կրթականը չի կարող լինել․ այն տալիս է հնարավորութուն երկխոսելու ինքդ քեզ հետ, տալիս է հնարավորություն էմոցիոնալ ազդեցությունից հետո մտովի վերադառնալ տեսածիդ։

Այսինքն մեծ հաշվով մշակույթն է, որ ինքդ քեզ ճանաչելու, ինքդ քեզ հետ առչնվելու, ինքնազարգացման հնարավորություն է տալիս։

Ճապոնիայում դպրոցականները առաջին երկու- երեք  տարվա  ընթացքոմ որեւէ առարկա չեն ուսումնասիրում․ նրանք գնում են թատրոններ, համերգասրահներ, թանգարաններ, հաճախ են լինում բնության մեջ․․․ Այսինքն նախապատրաստվում է հող, որը գիտելիք ձեռք բերելու ունակություն ու կարողություն զարգացնելու հնարավորություն է տալու։

Շատ պարզ է․ եթե ես հասկանում եմ, որ իմ երկրի բնությունը միայն խորոված-քաբաբ ուտելու տեղ չի, այլ իմ վերաբերմունքն է ամեն ծառին, թփին ու գետին, արդեն ուրիշ մշակույթի կրող եմ, արդեն գիտեմ, որ ես ու բնությունն անբաժանելի ենք, կապված իրար, սնվում ենք իրարից։

Ցավոք, ինքս այս հասկացողությանը երկար տարիների ընթացքում եմ եկել, այնինչ վաղ տարիքից այդպես պետք է լիներ։ Այդ «մշակման» պրոցեսը խիստ կարեւոր է․ երբ բույս ես աճեցնում, ազնվականացնում ես․ այն այլեւս վայրի չէ․․․ Նույնը մարդն է, որն անընդհատ «մշակման», «ազնվականացման» կարիք ունի։

Երբ ներքուստ դիմադրում ես գողությանը, մշակույթի կրող ես․ այնպես չէ, որ գողություն անողը կամ մարդասպանը գործողության պահին մտածում է բանտում հայտնվելու մասին։ Այսինքն, երբ խոսում ենք մշակույթ կրող մարդու մասին, նշանավորում ենք այն, որ տվյալ անհատն ունի ներքին սահմաններ, որոնք չի կարող խախտել․ նա ուղղակի չի կարող գողություն անել, չի կարող մարդ սպանել, չի կարող աղտոտել միջավայրը։

Այս շատ պարզ բաժանումն ինձ համար ակնհայտ է․ կան մարդիկ, ովքեր ունեն այդ ներքին սահմանները եւ չեն կարող դրանք շրջանցել, եւ կան մյուսները, ովքեր ամեն բանի միջով ու վրայով կանցնեն, միայն թե չբռնվեն․․․

«Չբռնվողների» այդ տեսակներին առնչվել եք։

Մի լավ ընկեր ունեի, ասում էր՝ մենք՝ հայերս, նույն եվրոպացիներն ենք, միայն թե 400 տարի առաջ։ Եկեք այդ 400 տարին մի քիչ արագ անցնենք, եկեք էմոցիան մի քիչ թուլացնենք, եկեք կոնկրետ խոսենք, մարդու արտաքինով չդատենք ներսային հնարավորությունները։

Հիմա երբ կառավարության անդամների մի մասը մորուքներով է ման գալիս, դժվար է պատկերացնել, որ ես՝ Ռուբեն Բաբայանս, 17-18 տարեկան հասակում Երեւանի փողոցներումմ օրումեջ կռիվ է տալիս, որովհետեւ մորուք էի պահում։

Ծիծաղում ես, բայց այն ժամանակ «պարտադիր» պայման էր արտաքինով տարբերվողին հայհոյելը, ինչպես որ  փողոցում կատու էին տեսնում, պիտի քարով խփեին․․․ Հաղթահարել ենք չէ՞ այս ամենը, ուրեմն եկեք մի քիչ արագացնենք տեմպերը, որովհետեւ այսօրվա մեր «կանոնների» վրա արդեն մյուս սերունդն է ծիծաղելու։

Դադար

Եվ մի կարեւոր բան էլ․ խոսեցինք քաղաքացու եւ գաղութային մտածողության մասին։ Ուզում էի նշել, որ քաղաքացին կամուրջներ է փնտրում համաքաղաքացիների հետ, իսկ երբ գաղութն արդեն կառուցված է, ներսում գործում է մեկ ուրիշի մոդելը, որն ասում է․ «Երգե՛ք ձեր ազգային երգերը, կերե՛ք ձեր ազգային ուտեստները», եւ այդ կամուրջ ստեղծելու անհրաժեշտությունն էլ չկա, որովհետեւ ուրիշն արդեն քեզ համար ստեղծել է փակ գոտին։

Բալկոնի մշտական հարցըՀայաստանի եւ ձեր հարաբերությունները։

Լավ հարց է, բայց բարդ․ ինչպես ամեն մի սիրո պատմություն, այն ոչ իդեալական է, ոչ ողբերգական։ Տարբեր տարիներին տարբեր իրադարձությունների արդյունքում այդ հարաբերության ձեւը փոխվել է։

Մի բան կարող եմ ասել, որ նույնիսկ անձնական ամենադժվար պայմաններում երբեք մտքովս չի անցել գնալ ուրիշ տեղ․ սա ոչ առավելություն է, ոչ էլ բացասական ինչ-որ բան։ Ես այստեղ ինձ կոմֆորտ եմ զգում՝ անկախ ֆինանսական վիճակներից, անկախ անձնական խնդիրներից։ Սա իմն է՝ իր բոլոր բացասական կողմերով․․․ Միգուցե շատախոսությունը նաեւ դրանով է հիմնավորված, որովհետեւ ես ուզում եմ այդ «իմն» ավելի իմը լինի։

Եւ սիրում եմ, եւ ատում եմ միաժամանակ։ Միակ զգացումը, որ չունեմ իմ երկրի, իմ ժողովրդի հանդեպ, անտարբերությունն է․․․ Անտարբեր լինել հաստատ ոչ մի կերպ չի ստացվի։

․․․ Հարաբերությունները բարդ են, ինչպես երկու սիրեկանների միջեւ, ովքեր երկար տարիներ ապրում են միասին, անցնում են բազմաթիվ փորձությունների միջով, թվում է՝ վեճերն էլ հասել են վերջնակետին, բայց, մեկ է, բաժանվել չի լինի․․․Չեն կարող։

Եվ գիտեք՝ ըստ էության ես կոսմոպոլիտ եմ, բայց հայ  կոսմոպոլիտ (ծիծաղում է)։

«Մինչեւ հիմա ինձ չեմ կարողանում ներել, որ 2008 թվականի մարտի մեկին ես այնտեղ չեմ եղել, գուցե միամիտ բաներ եմ ասում, բայց հնարավոր էր, որ իմ ներկայությունը որոշակի մարդկանց համար որպես զսպող ուժ հանդես գար, դժվար է ասել»։

Այս զղջումը հատուկ ընդգծել եք։

Ինքս չեմ եղել որեւէ թեկնածուի երկրպագուն, որ դուրս գամ հրապարակ, ավելին՝ երկու կողմերի տվյալներն էլ իմ կարծիքով իրականությանը չէին համապատասխանում, բայց սա չէ էականը․․․

Չգիտեմ՝ կունենայի դուրս գալու խիզախություն, թե չէ, եթե իմանայի, որ ելքերն արյունալի են լինելու։ Կունենայի՞ այդքան համարձակություն, եթե իմանայի՝ ինչի է հանգելու շարժումը։ Կկանգնեի՞ այդ հրապարակում, կփոխե՞ր իմ ներկայությունն ինչ-որ բան․․․ Չգիտեմ։ Էլի չգիտեմ։

Ինչպես ասում էր Շեքսպիրը, մարդուն վախկոտ են դարձնում այս մտքերը։ Եթե ուզում ես հաղթահարել այս կամ այն վախդ, ուրեմն պիտի հետեւանքների մասին չմտածես, անես այն, ինչ թելադրում է խիղճդ։

Կարծում եմ՝ իմ բոլոր բացատրությունները, թե ես կողմնակից չէի, թե իմ ներկայությունը գուցե բան չփոխեր, թե ելքն այդպիսին չէի ենթադրում եւ այլն, եւ այլն, թույլ արդարացումներ են․ իրականում ես պետք էի անեի դա ու չմտածեի՝ ինչ հետեւանքներ կլինեն։

Հետագայում հենց այս պատճառով արագ արձագանքում էի պրոցեսներին, ինչպես օրինակ Էլեկտրիկ Երեւանի ժամանակ, երբ տեղում էի որպես քաղաքացի, որպես գործիչ․․․ Միգուցե այդ տեղում լինելու պատճառը կամ առիթը հենց այն էր, որ չէի ներել ինձ 2008-ի պասիվության համար։

Ձեր տղան անցյալ տարվա իրադարձության առաջին, հաստատակամ քայլողներից էր․․․

Որպես ծնող վախեր ունեի, բայց միաժամանակ հպարտ էի։ Մենք երբեք չենք խոսել քաղաքական մեր հայացքների, կողմնորոշումների մասին։ Իմ ազդեցությունը եղել է այնքանքով, որքանով․․․

Ի՞նչ ես ասում զավակիդ այդ դեպքերում՝ «զգույշ կլինես», բայց մյուս բոլոր պարտադրանքներն ու նախազգուշացումները չեն եղել ու չէին էլ կարող լինել, որովհետեւ յուրաքանչյուրն իր կայանալու ճանապարհն ունի, ճակատագրական պահերին հատկապես չես կարող արգելք լինել, եթե անգամ մտածում ես, որ իր քայլը սխալ է։ Համոզված եմ, որ սեփական փորձն ու մտածողությունը կայացնում է անհատին, քաղաքացուն։

Տիկնիկային թատրոնում շատ են եղել առաջնախաղերըստ երեւույթին թատրոնն էլ այդ իմաստով միշտ փորձարկման եւ անգամ սխալվելու տեղ եք սահանել Ձեզ համար։  

Ի վերջո թատրոնն ու ներկայացումը հենց երկխոսության փորձ է․ դու արտահայտում ես կյանքի ընթացքում ձեռք բերած փորձդ, այդ օջախը պիտի աշխատի նույն սկզբունքով, ինչ կյանքում։ Թատրոնը կենդանի զարկերակ է, ուրեմն այդտեղ պիտի երիտասարդը լինի։

Սխալվե՞լ․․․ Իսկ ինչու՞ սխալ պիտի չլինի։ Թատերական արվեստում սեփական սխալները կամ չստացված ներկայացումներն ավելի ուսուցողական են, քան ստացվածները (ծիծաղում է)։

Գիտե՞ք՝ երբ ներկայացումը «ստացվում» է, շնորհավորում են, գովում, երջանիկ ես, համաձայնում ես այն մտքի հետ, որ, այո, դու «համեստ այդ հանճարն» ես․․․ Հետո՞․․․ Իսկ «ձախողումը» փնտրելու նոր տեղ է բացում, կարեւոր առիթ է դառնում, որ պատճառներ առաջ գան, ու այդ պատճառներն ու հարցադրումները փնտրես հենց քո ներսում, արտաքին միջավայրին հղումներ չտաս։

Այս ընթացքն է կայացումը դարձնում հնարավոր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter