HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ջերմուկցիներն ընդդեմ նախարար Էրիկ Գրիգորյանի գործով փաստաբանը միջնորդեց «Լիդիան Արմենիային» արգելել որևէ գործողություն իրականացնել Ամուլսարում

Ջերմուկի բնակիչների ներկայացուցիչ Նազելի Վարդանյանը վարչական դատարանին միջնորդել է ընդդեմ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի գործով հայցի ապահովման միջոց կիրառել և արգելել «Լիդիան Արմենիա» ընկերությանը որևէ գործողություն իրականացնել Ամուլսարում։

Վարչական դատարանում այսօր տեղի ունեցավ դատական նիստ, որի ավարտին Նազելի Վարդանյանը ցանկանում էր միջնորդությունը ներկայացնել, սակայն դատավորը նշեց, որ հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը կարող է ներկայացվել նաև նիստից հետո՝ գրավոր տարբերակով, ինչը և նիստից հետո փաստաբանն արել է: 

Լրագրողների հետ զրույցում Նազելի Վարդանյանը նշեց, որ չնայած առկա է տեսչական մարմնի որոշումը, համաձայն որի՝ Ամուլսարի հանքավայրում ներկայումս որևէ գործողություն չի կարող իրականացվել մինչև Կարմիր գրքում գրանցված կենդանիների և բույսերի նկատմամբ ազդեցության գնահատելը՝ եթե վարչական դատարանը իրենց միջնորդությունը բավարարի և հայցի ապահովման միջոց կիրառի, նոր հիմք կլինի, որպեսզի իրավական ուժով «Լիդիանը» որևէ գործողություն չիրականացնի Ամուլսարում։

Նշենք, որ Ջերմուկի շուրջ երկու տասնյակ բնակիչներ հայցադիմում են ներկայացրել դատարան՝ պահանջելով պարտավորեցնել պատասխանողին ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքաարդյունաբերական համալիրի փոփոխված նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննական եզրակացությունը և բնապահպանության նախարարի 2016թ. ապրիլի 29-ին որոշումն այն հաստատելու վերաբերյալ:

Այսօրվա դատական նիստում պարզ դարձավ, որ հայցադիմումը լրացվել է։

Հայցվորները դատարանին են ներկայացրել նոր փաստաթղթեր՝ կապված «ԷԼԱՐԴ»-ի զեկույցում նշված հանքի շահագործման դեպքում ի հայտ եկած այն գործոնների հետ, որոնք փորձագիտական եզրակացության մեջ հաշվի չեն առնվել։ Դատարան է ներկայացվել նաև Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գարիգորյանի՝ Կառավարությանն ուղղված 13 կետից բաղկացած գրությունն այն մասին, թե ինչ հանգամանքներ կան, որոնք փորձաքննության չեն ենթարկվել, և պետք է ուսումնասիրվեն տեսչական մարմնի կողմից:

Դատարանը հետաձգեց նիստը, քանի որ դատավարության մյուս մասնակիցները դեռևս ծանոթ չէին հայցի լրացված տարբերակին: Հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 17–ին:

Լուսանկարում՝ փաստաբան Նազելի Վարդանյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter