HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վայոց ձորի մարզպետարանը հայց է ներկայացրել ընդդեմ ավագանու՝ «Արենի համայնքն առանց մետաղական հանքարդյունաբերության» որոշման

Վայոց ձորի մարզպետարանը այս անգամ որոշել է Արենի խոշորացված համայնքի ավագանու որոշումը անվավեր ճանաչել, որով համայնքը ճանաչվում է էկո-տնտեսական տարածք:

Մարզպետարանն այդ պահանջով դիմել է Վարչական դատարան, իսկ դատարանը հայցադիմումն ընդունել է վարույթ:

Նշենք, որ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի ավագանին դեռևս մայիսի 6-ին որոշում է կայացրել, ըստ որի՝ համայնքը ճանաչվել է էկո-տնտեսական տարածք: Ավագանին որոշել է «այսուհետ արգելել Արենի համայնքի վարչական տարածքում մետաղական հանքարդյունաբերության հետ կապված հետախուզական, առավել ևս հանքավայրերի շահագործման աշխատանքները»: Որոշումն ընդունվել էր 9 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով:

Ավագանու որոշման հիմք էր հանդիսացել համայնքի բնակիչների կողմից կազմակերպված հանրագիր-ստորագրահավաքը՝ 2868 ստորագրություն:

Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը գրություն էր ուղարկել մարզպետին, որով խնդրել էր դիմել բոլոր ինքնակառավարման մարմիններին՝ առաջարկելով նրանց վերացնել համայնքներում հանքարդյունաբերությունն արգելելու որոշումները։ Արենի խոշորացված համայնքի ավագանին հուլիսի 10-ի նիստում քննարկել էր «Արենի համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու մասին» 2019թ. մայիսի 6-ին ընդունած իր որոշումն անվավեր ճանաչելու հարցը։ Արդյունքում 2 կողմ, 5 դեմ, 1 ձեռնպահ ձայներով որոշումը չի ընդունվել, ինչը նշանակում է, որ մետաղական հանքարդյունաբերությունն արգելող ավագանու որոշումը մնում է ուժի մեջ։

Դրանից հետո մարզպետարանը դիմել է դատարան՝ դատական կարգով ավագանու որոշումն անվավեր ճանաչելու համար:

Հիշեցնենք, որ Վայոց ձորի մարզպետարանը հուլիսի 29-ին էլ դիմել էր Վարչական դատարան՝ «Գլաձոր համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու վերաբերյալ» որոշումն անվավեր ճանաչելու պահանջով:

Նշենք, որ հիմք ընդունելով համայնքի ավելի քան երկու հազար բնակիչների կողմից ներկայացված հանրագիրը՝ Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքի ավագանին 9 կողմ 1 ձեռնպահ ձայներով ապրիլի 29-ին որոշել էր հավանություն տալ «Գլաձոր համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ» կոլեկտիվ հանրագրում նշված առաջարկությանը: Գլաձոր համայնքի բնակիչների այդ պահանջով համայնքի ղեկավարին և ավագանուն դիմել էին 2019թ. ապրիլի 19-ին:

Մետաղական հանքարդյունաբերությունն իրենց բնական միջավայրերում թույլ չտալու նախաձեռնությամբ հանդես են եկել 5 համայնք՝ 2018թ․ գարնանը` Նոյեմբերյանը, 2018թ․ աշնանը՝ Ջերմուկը, 2019թ․ ապրիլին՝ Գլաձորը և 2019թ․ մայիսին՝ Արենին և Եղեգնաձորը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter