
Նարեկ Բաբայանը՝ «Գոլդեն փելիսի» հետագա գործունեության մասին
Ազգային ժողովի հերթական նիստին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հետաքրքրվեց «Գոլդեն Փելիս» հյուրանոցի հետագա ճակատագրով։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ի Կառավարության նիստում Ծաղկաձորում գտնվող հյուրանոցը՝ որպես նվիրատվություն, փոխանցվել է պետությանը։
«Արդյոք պետությունը պատրաստվո՞ւմ է իր կառավարման ներքո գտնվող հյուրանոցը օգտագործել ըստ նշանակության, թե՞ այն դառնալու է պետական կառավարման ենթակայության տակ գտնվող շենք-շինությունների նման, որոնք կամաց-կամաց քանդվում են, որովհետև ահազանգեր կան, որ արդեն մեկ-երկու պատուհաններ կոտրվել են»,- ասաց Թովմասյանը։
Անշարժ գույքի կառավարման պետական կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն արձագանքեց.
«Թեև որոշումը կայացվել է, բայց հանձնման-ընդունման աշխատանքները չեն ավարտվել, ընդունելուց հետո լավագույն առաջարկով այն պետք է տրվի կամ հավատարմագրային կառավարման, որպեսզի համապատասխան օպերատորը աշխատեցնի որպես հյուրանոց, կամ հանվելու է աճուրդի, մրցույթի։ Կարճ ժամկետում մտադրություն ունենք հանձնել հավատարմագրային կառավարման կամ վաճառել»։
Թագուհի Թովմասյանը հետաքրքրվեց, թե կարճ ժամկետը որքա՞ն է, Նարեկ Բաբայանը հույս հայտնեց՝ մինչ Նոր տարի։
Մեկնաբանել