HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Խորհրդարանը քննարկեց «Էներգաիմպեքս» և «Հայփոստ» ՓԲԸ-ները մասնավորեցման ցանկից հանելու նախագիծը

Խորհրդարանում առաջին ընթերցմամբ քննարկվեց Կառավարության ներկայացրած «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը: Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է «Էներգաիմպեքս» և «Հայփոստ» ՓԲԸ-ները հանել մասնավորեցման ցանկից։

Հիմնական զեկուցողն է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:

Բաբայանի խոսքով՝ Էլեկտրաէներգիայի արտահանման և ներկրման գործընթացն անխափան իրականացնելու, ինքնավար էներգաարտադրողներից էլեկտրաէներգիա գնելու, ներկրելու, արտահանելու գործընթացն առաջարկվում է իրականացնել միայն պետական մասնակցությամբ՝ առևտրային կազմակերպության կողմից, որի դեպքում հանդես է գալիս «Էներգաիմպեքս» ՓԲԸ-ն:

«Հայփոստ»-ի առնչությամբ Կառավարությունը մտավախություն ունի, որ մասնավորեցման դեպքում գյուղական բնակչության մեծամասնության համար փոստային կապի ունիվերսալ ծառայություններն ընկերության համար կդառնան ոչ արդյունավետ:

Ըստ Նարեկ Բաբայանի՝ այդ դեպքում ռիսկային կդառնա ամբողջ հանրապետության տարածքում ունիվերսալ փոստային ծառայությունների մատուցումը, ուստի փոստային կապի մատչելիությունն ապահովելու համար անհրաժեշտ է պետական բաժնեմասը պահպանել որպես պետական սեփականություն, ապա ընկերության բաժնետոմսերը հանձնել հավատարմագրային կառավարման։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը խոսեց «Հայփոստ» ՓԲԸ-ի ղեկավարության բարձր աշխատավարձերի մասին՝ այն դեպքում, երբ ընկերության աշխատակիցների աշխատավարձերը ցածր են։ Պատգամավորը հետաքրքրվեց, թե փոփոխություններից հետո այդ հարցն ինչպես է կարգավորվելու։

Հիմնական զեկուցողն արձագանքեց՝ աշխատավարձերից տեղյակ չէ, սակայն ասաց, որ հավատարմագրային կառավարման մրցույթի ժամանակ պայմանները հստակեցվում են, ընկերությունը, կախված նրանից, թե ինչ եկամուտներ է գեներացնում, կարող է որոշել, թե  ինչ աշխատավարձեր է տալիս աշխատակիցներին։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ է սպասվում «Հայփոստ» ընկերությանը հետագայում։

Նարեկ Բաբայանն արձագանքեց, որ առաջարկվելու է այն հավատարմագրային կառավարման մրցույթի հանձնել.

«Մշակվում են պայմանները՝ այդ թվում մի շարք ծառայությունների մատուցումը։ Գիտեք, որ այս տարվա փետրվարի 15-ին լրացել է պայմանագրի ժամկետը, այն մեկ տարով երկարացվել է, դա նրա համար է, որ հնարավոր լիներ մշակել և հստակեցնել այդ նախապայմանները, որից հետո կլինի հավատարմագրային կառավարման մրցույթը»,- ասաց Բաբայանը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն էլ հետաքրքրվեց, թե կա՞ մտավախություն, որ կլինեն համայնքներ, որտեղ փոստային ծառայությունը կփակվի, քանի որ «կան համայնքներ, որտեղ արտաքին աշխարհի հետ կապը միայն «Հայփոստն» է»։

Նարեկ Բաբայանը պատասխանեց՝ նախագծի ամբողջ նպատակն այն է, որ որևէ գյուղական համայնքում «Հայփոստի» բաժանմունք չփակվի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter