HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Դուռը ծեծեցին, բացեցի՝ բացարձակ չմտածելով, որ մեր հետևից են եկել»․ սեպտեմբերին 45 հայերի են արտաքսել Գերմանիայից

«Առավոտյան գերմաներենի քննության էինք։ Քննությունը տվեցինք, ուրախ եկանք տուն։ Գիշերը քնած էինք։ Ժամը 2-ին դուռը ծեծեցին, բացեցի՝ բացարձակ չմտածելով, որ մեր հետևից են եկել։ Տեսնեմ 15 ոստիկան։ Ասում են՝ հանգնվեք, դուրս եկեք։ Դուռը ծածկեցի, կին ոստիկաններից մեկը ներս եկավ։ Հարցրեցի՝ կարո՞ղ է սխալվել եք, կարո՞ղ է մեր հետևից չեք եկել։ Ասեցին՝ չորս մարդ, երեք կին, մեկ տղամարդ, դո՞ւք եք։ Ասեցի՝ մի հատ ցույց տվեք, հա, նկարները։ Թղթերի վրա մեր նկարներն էին։ Մտա սենյակ, երեխեքին ասեցի՝ երեխեք, հագնվեք, եկել են մեզ տանեն։ Երևի հոգով բոլորս էնքան երազում էինք Հայաստան վերադառնալու մասին, որ տենց էլ եղավ»,- Ալլա Շահինյանն այսպես է հիշում իրենց արտաքսման գիշերը։

Ալլան ձմեռային շորերը տեղավորել է պայուսակի մեջ ու երեք երեխաների հետ լքել հանրակացարանը՝ ուղևորվելով օդանավակայան։

Ընտանիքը 2018-ի օգոստոսի 1-ից բնակվում էր Գերմանիայի Նիդերդորֆ ավանի հանրակացարանում, մինչ այդ՝ Լայպցիգ քաղաքում։ Նրանց համար արտաքսման որոշումը անսպասելի է եղել, քանի որ օգոստոսին ստացել էին առողջական ապահովագրությունները, Ալլան էլ պատրաստվում էր պետական աշխատանքի անցնել։ Դրանից հետո ընտանիքը ֆինանսապես անկախ էր դառնալու։

Ալլան երկու հաշմանդամություն ունեցող և մեկ անչափահաս երեխայի հետ Գերմանիա է մեկնել 2017 թվականի նոյեմբերին՝ երկու երեխաների հիվանդությունն ախտորոշելու և բուժելու նպատակով։

Նրա՝ 24-ամյա դստեր և 25-ամյա որդու մոտ ախտորոշվել է քիչ հայտնի հիվանդություն «շտրումպել» անվանումով։ Դրա բուժումը, ըստ Ալլայի, Հայաստանում բժիշկները չեն կարողացել ապահովել։ «Հայաստանում դրա ախտորոշման համար գենետիկ հետազոտություն կոնկրետ չի արվում։ Երբ երկու երեխաներիս մոտ էլ ախտորոշվեց «շտրումպել» հիվանդությունը, ասացին, որ դա գենետիկ հիվանդություն է, և մեզ մոտ ոչ մի բան չեն անում, լավագույն դեպքում 15 տարեկանում սայլակի վրա կլինեն»,- պատմում է Ալլան։

Երկար տարիներ Հայաստանում վերականգնողական բուժումներ և վիրահատություններ անելուց հետո, Ալլան նկատել է, որ երեխաների առողջական վիճակը բարելավվելու փոխարեն, վատթարանում է։ Որոշել է որպես զբոսաշրջիկ երեխաների հետ մեկնել Գերմանիա և չվերադառնալ։

«Մեզ թվում էր, որ Գերմանիան այն պետությունն է, որտեղ երեխաները շատ արագ ու որակյալ բուժում պետք է ստանան։ Ինչը որ չեղավ»,- ասում է նա։

Ընտանիքի՝ Գերմանիա մեկնելու պատկերացումները փոխվեց այնտեղ տեղափոխվելուց ամիսներ հետո։ Բժիշկները երեխաների համար հետազոտություններ էին նշանակում, սակայն պետությունը այդ հետազոտությունների համար գումար չէր փոխանցում։

«Ասում էին՝ դուք այն կարգավիճակում չեք, որ պառկեք հիվանդանոց և ձեզ վրա ծախսատար հետազոտություններ անեն, բացի այդ ձեր հիվանդությունը սպառնալիք չունի իր մեջ։ Կոնկրետ մեր դեպքում ստացվում էր՝ հա, վատ ես քայլում, վատ ես քայլում, քայլիր ոնց կարող ես։ Որովհետև այդ երկիրը հարմար է նույնիսկ չքայլող մարդուն»։

Գերմանիա տեղափոխվելուց հետո Ալլան երեխաների հետ 8 ամիս մնացել է ճամբարում, ապա՝ տեղափոխվել հանրակացարան։ Գերմանիային՝ իրենց ընտանիքին ընդունելու համար որպես շնորհակալություն՝ Ալլան ժամը 80 ցենտով որպես մաքրուհի աշխատել է հանրակացարանում։

«Մտածում էի՝ եթե այս երկիրը ոչ մեր հայրենիքն էր, ոչ մեզ պարտական է, ու դու ստեղ ապրում ես մարդավայել, ոչ մի բանից չես զրկում քո երեխային, ուրեմն կարող ես մի փոքր էլ դու ներդնես։ Իսկ դա իմ աշխատուժն էր ընդամենը»։

2018 թվականի մարտին ընտանիքին տեղեկացրել են, որ Գերմիանիան մերժում է նրանց ընդունել։ Փաստաբանը բողոքարկել է որոշումը՝ ընդգծելով, որ ընտանիքի հայրը Հայաստանում մահացել է, և Ալլան չի կարող երկու հաշմանդամ և մեկ անչափահաս երեխայի հետ վերադառնալ Հայաստան և միայնակ խնամել նրանց։ Ընտանիքը մեկուկես տարի սպասել է բողոքի պատասխանին կամ դատականի նիստին։ Այնինչ առանց այս գործընթացների և որոշումների՝ ընտանիքին 2019թ. սեպտեմբերի 5-ին արտաքսեցին Գերմանիայից։

«Ինչքան էլ զարմանալի թվա, ես շատ շնորհակալ եմ Գերմանիայի կառավարությանը, այդ օրենքներին, այնտեղ ապրող մարդականց։ Սա սրտանց եմ ասում։ Աղջիկս օրեր առաջ իր առաջին աշխատանքային օրն է ունեցել, վերականգնողական կենտրոնում լողի մարզիչ է աշխատում, մի բան որ առաջ հնարավոր չէր։ Տղաս առաջարկություն է ստացել վերականգնողական կենտրոնում ճաշարան աշխատացնելու։ Այսինքն՝ պատահական պահի չեղավ մեր այս վերադարձը»,- ասում է Ալլան։

Ըստ Միգրացիոն ծառայության տվյալների՝ սեպտեմբերի 5-ին Գերմանիայից 45 հայերի են արտաքասել Հայաստան։ Նրանց տեղափոխել են մեկ ինքնաթիռով։

Գերմանիայի միգրացիոն քաղաքականության փոփոխության մասին

Հայ արմատներով Գերմանիայի քաղաքացիների շահերը ներկայացող «Գերմանահայոց կենտրոնական խորհրդի» վարչության անդամ Անի Դագեսյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ Գերմանիայից դեպի Հայաստան արտաքսումների աճ է նկատվում:

«Սա կապված է Հայաստանի ներսում կատարված քաղաքական փոփոխությունների հետ։ Որովհետև Հայաստանը դասվում է ապահով երկրների ցանկին։ Այսինքն՝ Գերմանիայի կառավարությունը դրանով է առաջնորդվում, որ Հայաստանում այսօր գոյություն չունի հետապնդում՝ ռասսայական իմաստով, քաղաքական և կրոնական հայացքներից ելնելով։ Այս դեպքում, փաստորեն, չկա հիմքը, որ մարդու՝ փախստականի հայցը դրական արդյունք ստանա»,- նշեց Դագեսյանը։

Վարչության անդամը նաև ընդգծում է, որ արդեն մի քանի տարի է ՝ Գերմանիայում փախստականների կամ ապաստան խնդրողների մեծ հոսքը տեղացիների և «Աջակողմյանների» մոտ դժգոհություն է առաջացրել։ Ըստ նրա՝ բացասական այս տրամադրվածությունն առավել է խորանում։

«Այդ իսկ պատճառով Միգրացիոն դաշնային ծառայությունը փորձում է բոլոր նրանց, ում հայտերը մերժված են, անօրինական կամ կիսաօրինական մտել են Գերմանիա, հետ վերադարձնել իրենց երկիր»,- նշեց նա։

Անի Դագեսյանի խոսքով՝ փախստականի կարգավիճակը ժամանակավոր բնույթ ունի և դրանով անձը ստանում է պաշտպանություն այնքան ժամանակ, որքան նրա երկրում այդ պաշտպանությունը չի տրվում։ Իսկ երբվանից երկիրը ի վիճակի է լինում անձին պաշտպանել, տվյալ պետությունը պարտավոր չի լինում փախստականին պաշտպանել:

«Իմ կարծիքով՝ դեպի Հայաստան մեծ թվով վերադարձեր դեռ սպասվում են այն անձանց համար, ովքեր Սերժ Սարգսյանի տարիներին կամ ավելի շուտ քաղաքական հետապնդումների են ենթարկվել և այլ երկրից ապաստան խնդրել»,- ասում է Անի Դագեսյանը։ 

Դագեսյանն անդրադարձավ նաև առողջական խնդիր ունեցող անձանց արտաքսելու դեպքերին։ Նշեց, որ Միգրացիոն դաշնային գրասենյակի աշխատակիցների թիվը մի քանի անգամ ավելացել է և ապաստանի հայցի քննումը տեղի է ունենում կարճ ժամանակում՝ առավելագույնը 2-3 շաբաթվա ընթացքում, նախկինում ամիսներ-տարիներ էր տևում այդ գործընթացը։ Այդ ընթացքում, ապաստան խնդրողները չեն կարողանում բուժում ստանալ, և նրանց ակնկալիքները չեն արդարացվում․ հայցը մի քանի օրում քննվում է, մերժվում են և նրանց հետ ուղարկում։

«Միգրացիոն դաշնային գրասենյակի տվյալներով՝ այդ հիվանդությունները Հայաստանում բուժվում են։ Մեր առողջապահության նախարարության հետ կա կապ և այստեղ անգիր գիտեն, թե անգամ Հայաստանի որ հիվանդանոցներում է հնարավոր դիալեզ, մենք ունենք քաղցկեղով զբաղվող կենտրոն։ Այսինքն՝ իրենք ունեն մասնագետների խումբ, որը այստեղ հետազոտում է Հայաստանում կատարված փոփոխությունները»,- նշեց Դագեսյանը։

Հայաստանն հետընդունման ամենաշատ հայցերը ստանում է Գերմանիայից

Միգրացիոն ծառայության՝ «Հետքին» տված տվյալներով այս տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստանը հետընդունման առավել շատ հայցեր ստացել է Գերմանիայից։ Դրանք կազմել են հայցերի 67 տոկոսը (452 հայց)։ Իսկ ռեադմիսիոն հայցերի թվով երկրորդ երկիրը Ֆրանսիան է՝ 87 հայցով։

Ըստ օրենքի՝ մարդուն արտաքսելուց առաջ ԵՄ միգրացիոն ծառայությունները նախ պետք է նույնականացնեն, թե որ երկրի քաղաքացի է տվյալ անձը։ ՀՀ քաղաքացիներին նույնականացնելու հարցում նրանց օգնում է Հայաստանի միգրացիոն ծառայությունը՝ ըստ 2014թ.-ին ուժի մեջ մտած ՀՀ-ԵՄ հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագրի։

2018-2019 թվականների առաջին ինն ամիսների տվյալների համեմատությունից պարզ է դառնում, որ այս տարի նվազել է հետընդունման (ռեադմիսիոն) հայցերի թիվը։

Եթե 2018-ի հունվար-սեպտեմբերին ծառայությունը ստացել էր հետընդունման 715 հայց, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում ստացվել է 679 հետընդունման հայց, որոնք վերաբերել են 1376 անձի։

Այս տարվա ռեադմիսիոն հայցերի 94 %-ը եղել է ԵՄ երկրներից, 40 հայց ստացվել է՝ ԵԱՏՄ երկրներից, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնությունից։

Հետընդունման հայցերի մեծ ծավալի պատճառով ժամանակավոր դադարել էր «ERRIN» ծրագրի գործունեությունը

Միգրացիոն ծառայությունում այս պահին գործում է վերաինտեգրման երկու ծրագիր՝ «Մեկ պատուհան» ծառայությունը, որը խորհրդատվական և ուղղորդիչ բնույթ ունի ու «Վերադարձի և վերաինտեգրման եվրոպական ցանց»-ի (ERRIN) ծրագիրը, որը պետք է թիրախային աջակցություն ցուցաբերի վերադարձողներին:

«ERRIN» ծրագիրը մեկնարկել էր 2018 թվականի նոյեմբերին և պետք է ավարտվեր 2020 թվականի հուլիսին։ Այն նախատեսված էր 400 շահառուի համար։ Սակայն, Միգրացիոն ծառայության փոխանցմամբ՝ մեկ ամիս առաջ շահառուների թիվը լրացել է, և ծրագիրը նախատեսվածից մեկ տարի շուտ ավարտվել է։ Սակայն «Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը» դիմել է իր հետ համագործակցող ԵՄ երկրների միգրացիոն ծառայություններին։ Կենտրոնին արձագանքել է Գերմանիայի փախստականների և միգրանտների հարցերով դաշնային գրասենյակը՝ ֆինանսավորելով Գերմանիայից վերադարձողների աջակցության ծրագիրը։ Միացյալ Թագավորությունը ևս արդեն իր համաձայնությունը տվել է և «ERRIN»-ն այժմ աջակցում է Գերմանիայից և Միացյալ Թագավորությունից վերադարձողներին։

Նշենք, որ «ERRIN»-ի աջակցության փաթեթը ներառում է բիզնեսի հիմնման, մասնագիտական վերապատրաստման, բուժզննման և բնակարանային վարձի փոխհատուցման (6 ամիս) աջակցություն։

Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը այս աջակցության շարունակականությունը ապահովելու համար այժմ բանակցում է Ֆրանսիայի, Ավստրալիայի, Նիդերլանդների և ԵՄ այլ երկրների միգրացիոն հարցերով զբաղվող մարմինների հետ՝ նմանօրինակ համագործակցություն սկսելու առաջարկով։

 

Ալլա Շահինյանի լուսանկարները՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանություններ (3)

Ալինա
Ուղակի խի չեն զգուշացնում մարդկանց,շատ դեպքերում մարդիք անտեղյակ են ։Որ գիշերը գալու են։
Ալինա
Անհասկանալի է, ես ամենը։
Լուսինե
Գերմանիան Հայաստանը պաշտոնապես չի դասել ապահով երկրների ցանկին։ Գերմանիայի միգրացիոն քաղաքականությունն է փոխվել, ու դա վերաբերվում է բեոլոր փախստականներին։ Անհեթեթություն է պատճառը փնտրել հայկական հեղափոխության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter