HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց նվազագույն ամսական աշխատավարձը 68 հազար դրամ դարձնելու նախագիծը

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ներկայացրած «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը (ի սկզբանե նախագծի համահեղինակները Վարազդատ Կարապետյանն ու Բաբկեն Թունյանն էին, նրանց միացել է նաև Նարեկ Զեյնալյանը

Պատգամավորներն առաջարկում են նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից դարձնել 63 հազար դրամ, Կառավարության առաջարկն է այն դարձնել 68 հազար դրամ։ ԱԺ մշտական հանձնաժողովում երկարատև քննարկումներից հետո պատգամավորներն այդպես էլ ընդհանուր հայտարարի չեկան, թե ի վերջո պատգամավորների առաջարկած տարբերակն է ավելի ոչ ռիսկային, թե Կառավարության։ Այս հարցը երկու անգամ է քննարկվել Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում։ Նախագծի համահեղինակ Բաբկեն Թունյանն առաջարկում էր փուլային լուծում՝ 2020 թվականի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը դարձնել 63 հազար դրամ, 2021 թվականից՝ 68 հազար դրամ, սակայն երկար քննարկումներից հետո հանձնաժողովը հավանություն տվեց Կառավարության առաջարկին, և նախագիծն այդ տեսքով ընդգրկվեց օրակարգ։

Նախագծի հիմնական զեկուցող Վարազդատ Կարապետյանն իր խոսքում ասաց, որ սկզբնապես առաջարկել էին նվազագույն աշխատավարձը բարձրացնել մինչև 63 հազար դրամ, որպեսզի այն չազդի բազային աշխատավարձի վրա, որը հիմա 66 հազարից ավել է:

Հիշեցնենք, որ պետական պաշտոնյաների, այդ թվում պատգամավորների աշխատավարձերը հաշվարկվում է հենց այդ բազային աշխատավարձի համապատասխան գործակիցներով, հետևաբար եթե նվազագույն աշխատավարձը բարձրանար, ապա փոխվելու էր նաև պետական պաշտոնյաների աշխատավարձի համար հիմք հանդիսացող բազային աշխատավարձը։

«Համայնքներում մեր հանդիպումները ցույց էին տալիս, որ բազմաթիվ մարդկանց՝ հատկապես համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում (ՀՈԱԿ) աշխատողների աշխատավարձը նվազագույն էր, և մարդիկ բողոքում էին: Եվ մենք բազմաթիվ քննարկումների արդյունքում որոշեցինք առաջարկել նվազագույն աշխատավարձի բարձրացում»,- ասաց նախագծի համահեղինակ Վարազդատ Կարապետյանը, ապա հավելեց, որ Կառավարությունն էլ 68 հազար դրամ նվազագույն աշխատավարձն է առաջարկել։

Հիմնական զեկուցողի խոսքով՝ ծախսերի ու հարկերի ազդեցության հանրագումարի արդյունքում պետական բյուջեի վրա «մաքուր ազդեցությունը» 2 մլրդ դրամից չի անցնելու: Կարապետյանը վստահեցրեց՝ Կառավարությունը դրան պատրաստ է:

Նախագծի հարակից զեկուցող, աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանն ասաց, որ իրենց հաշվարկների հիմքում մի քանի մեթոդաբանություն են ունեցել, ինչպես նաև՝ 1500 գործատուների շրջանում իրականացված հետազոտության տվյալները։ Փոխնախարարի խոսքով՝ պատգամավորներն իրենց առաջարկում հիմք են ընդունել սպառողական նվազագույն զամբյուղի արժեքը, որը 63 հազար դրամ է։ Փոխնախարարը սակայն ընդգծեց՝ աշխատանքի միջազգային կազմակերպության փորձագետների հետ խորհրդակցելու ընթացքում որոշել են մի քանի մեթոդաբանություններ կիրառել, որից մեկն էլ նվազագույն աշատավարձի մասնաբաժինը ՀՆԱ-ի մեջ համեմատելն է։ Ըստ փոխնախարարի՝ գործատուների հետ իրականացված հարցումների արդյունքում միջինացված ցուցանիշ է ընտրվել 74 հազար դրամը։

Նախագծի մյուս համահեղինակ Բաբկեն Թունյանն իր ելույթում անդրադարձավ պատգամավորների այն հարցադրումներին, թե ինչու են 63 հազար դրամ առաջարկել, արդյոք սխալ հաշվարկն է պատճառը, քանի որ Կառավարությունն առաջարկել է 68 հազար դրամ։ Թունյանն ասաց, որ ի սկզբանե առաջարկել են 65 հազար դրամ, բայց այն իջեցրել են 63 հազար դրամ, որպեսզի բազային աշխատավարձի վրա ազդեցություն չլինի։

Նախագծի համահեղինակի խոսքով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկն էլ 5 հազար դրամով ավելացնելն է, այսինքն 68 հազար դրամ։ Թունյանը կարևորեց նաև հարցի տնտեսական կողմն ու ռիսկերը։

«Որովհետև կարելի էր նույն տրամաբանությամբ այն դարձնել 100 հազար դրամ, բայց բալանսավորված մոտեցում է պետք։ Ես անձամբ փուլային տարբերակին եմ կողմ, բայց վերջնական տարբերակը, որի վրա կանգ առանք 68 հազար դրամն է»,- ասաց Թունյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter