HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ըստ Ծառուկյանի՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով «Իմ քայլը» խմբակցության նախագծի հիմնավորումները շատ թույլ են

Խորհրդարանական ընդդիմադիր ամենամեծ խմբակցությունը՝ «Բարգավաճ Հայաստանը», չի մասնակցելու Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով «Իմ քայլը» խմբակցության հեղինակած ԱԺ որոշման նախագծի քվեարկությանը։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։

«Խմբակցությունում հավաքվել ենք, քննարկել ենք: Այսօր նայելով հիմնական դրույթները, փաստաթղթերը՝ տեսել ենք, որ կան ժամկետների խախտումներ, թերի դրույթներ, հիմնավորումները շատ թույլ են, և քանի որ խորհրդարանը չէ որոշողը՝ Թովմասյանը կմնա՞, թե կհեռանա, որոշողը ՍԴ-ն է, դրա համար մենք խմբակցությունով վճռեցինք չմասնակցել այդ քվեարկությանը»,- ասաց Ծառուկյանը:

Հիշեցնենք, որ ըստ «Իմ քայլը» խմբակցության՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ՍԴ-ում քննվող գործի շրջանակում էական կարգապահական խախտում է թույլ տվել։ Խմբակցությունը հեղինակել է որոշման նախագիծ, որպեսզի բարձր դատարանն էլ գնահատի՝ Թովմասյանը խախտում թու՞յլ է տվել, թե՝ ոչ։

Ընդդիմադիր մյուս խմբակցությունը՝ «Լուսավոր Հայաստանը», հայտնել է, որ կողմ են քվեարկելու որոշման նախագծին։

Տեղեկացնենք, որ նախագիծն այս քառօրյայի օրակարգում է, և ամենայն հավանականությամբ կքննարկվի վաղը։

Լուսանկարը՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter