HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Բյուջե 2020. աճում են ինչպես եկամուտներն ու ծախսերը, այնպես էլ՝ դեֆիցիտը

Կառավարությունը երկու օր առաջ հավանություն է տրվել «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծին։ Այս նախագծով նախատեսվում է, որ եկող տարի աճելու են թե՛ բյուջեի եկամուտները, թե՛ ծախսերը, թե՛ պակասուրդը՝ դեֆիցիտը։

Այսպես, ըստ նախագծի՝ 2020 թվականի պետբյուջեն եկամուտների գծով կազմում է 1 տրլն 697.6 մլրդ դրամ, իսկ ծախսերի գծով՝ 1 տրլն 880.2 մլրդ դրամ։ Ու քանի որ ծախսերն ավելի շատ են, քան եկամուտները, հետևաբար բյուջեն դեֆիցիտային է, ինչպես եղել է նաև նախորդ տարիներին։ 2020 թվականի դեֆիցիտը (պակասուրդը) պլանավորված է 182.6 մլրդ դրամ:

2019 թվականի բյուջեի նախագծով հաստատված ցուցանիշների համեմատ՝ սպասվում է, որ 2020-ին եկամուտներն աճելու են 201 մլրդ դրամով կամ 13.4 %-ով։ Ծախսերը կավելանան՝ 232 մլրդ դրամով կամ 14.1 %-ով։ Այս ամենի արդյունքում ավելանում է նաև բյուջեի դեֆիցիտը՝  31 մլրդ դրամով կամ 20.4 %-ով։

Նշենք, որ 2020 թվականի բյուջեի նախագիծը դեռևս պետք է քննարկվի Ազգային ժողովում։ Իսկ մինչ այդ, հնարավոր է, որոշ լրացումներ ու փոփոխություններ կատարվեն։

Եկող տարվա դեֆիցիտը նախատեսվում է լրացնել ներքին աղբյուրների հաշվին։ Այսինքն՝ ներքին պետական պարտքը դրա արդյունքում աճելու է։ Այստեղ կարևոր է նշել, որ նախորդ տարիներին բյուջեի դեֆիցիտի կեսից ավելին լրացվում էր արտաքին աղբյուրների հաշվին։ Եկող տարվա համար այդ բեռը կրելու է ներքին պետական պարտքը։ Առհասարակ, վերջին տարիներին Հայաստանի կառավարությունը ձգտում է ավելացնել ներքին պարտքի կշիռը պետական պարտքի կազմում՝ այդպիսով փորձելով նվազեցնել փոխարժեքի տատանումների ռիսկը, արտաքին աղբյուրներից եկող վտանգները և այլն։

Ինչ վերաբերում է բյուջեի եկամուտներին, ապա դրանք գոյանում են հարկերի հաշվին։ Որոշակի մաս են կազմում նաև պաշտոնական դրամաշնորհները։ Մասնավորապես, 2020 թվականի համար նախատեսված 1 տրլն 697.6 մլրդ դրամ եկամուտների 94 %-ը սպասվում է ապահովել հարկային եկամուտների և պետական տուրքերի հավաքագրման արդյունքում, մոտ 2 %-ը՝ պետական դրամաշնորհներն են կազմելու և 4 %-ը՝ այլ եկամուտները։ 

Ինչպես է ծախսվելու փողը

Ինչպես նշեցինք, Բյուջե 2020-ով նախատեսվում է ծախսել 1 տրլն 880.2 մլրդ դրամ։ Նախագծում մանրամասն ներկայացված է, թե ինչպես է բաշխվելու այդ գումարը։

Եթե դիտարկում ենք ըստ խոշորացված խմբերի (ըստ գործառնական դասակարգման), ապա ամենամեծ մասնաբաժինը հասնում է սոցիալական պաշտպանությանը՝ 486.5 մլրդ դրամ։ Դա կազմում է բյուջեի ծախսերի 26 %-ը։ 2019 թվականի հաստատված բյուջեով սոցիալական պաշտպանությանը տրամադրվող գումարների համեմատ՝ եկող տարվա գումարն ավելանում է  45.2 մլրդ դրամով կամ 10.2 %-ով։ Ի դեպ, նախորդ տարիներին ևս ամենամեծ ծավալի գումարները բյուջեից ուղղվել են սոցիալական պաշտպանության ոլորտ։ Սրա հիմնական մասը հատկացվում է ծերության կենսաթոշակներին։ 2020-ի բյուջեով այն նախատեսված է մոտ 374 մլրդ դրամ՝ 2019-ի մոտ 333 մլրդ դրամի դիմաց։

Մյուս խոշոր խումբն ընդհանուր բնույթի հանրային ծառայություններն են, որոնց 2020 թվականի բյուջեով նախատեսված է հատկացնել 347 մլրդ դրամ՝ 2019 թվականի մոտ 316 մլրդ դրամի դիմաց։ Աճը՝ 31.5 մլրդ դրամ կամ 10 %:

Երրորդ տեղում պաշտպանության ոլորտն է, որին նախատեսված է հատկացնել 310.5 մլրդ դրամ. այն ուղղվում է ռազմական պաշտպանությանը։ 2019 թվականի համեմատ պաշտպանությանն ուղղվող ծախսերը պակասում են մոտ 3 մլրդ դրամով։

Էական բարձրացում է սպասվում տնտեսական հարաբերություններին ուղղվող գումարների մասով։ Այս տարի նախատեսվում է այս ուղղությամբ ծախսել մոտ 242 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 133 մլրդ դրամի դիմաց։ Տնտեսական հարաբերություններ ասելով՝ պետք է նկատի ունենալ տնտեսությանն առնչվող գրեթե բոլոր ճյուղերը՝ գյուղատնտեսությունից, ոռոգումից, տրանսպորտից մինչև տնտեսական մրցակցության պաշտպանություն։ Մասնավորապես, սպասվում է, որ եկող տարի զգալի կավելանան ոռոգմանը (17 մլրդ դրամից հասնելով 58 մլրդ դրամի) ու տրանսպորտին ուղղվող ծախսերը (65 մլրդ դրամից հասնելով 135 մլրդ դրամի): Տրանսպորտին ուղղվող գումարների մեծ մասը ծախսվելու է ճանապարհաշինության վրա։

Ընդհանուր առմամբ, ոլորտների մեծ մասի գծով սպասվում է ծախսերի ավելացում, այդ թվում՝ առողջապահության, կրթության, հասարակական կարգի և այլն։ Ներքևում գտնվող ինֆոգրաֆիկաներում 2019 թվականի բյուջեով հաստատված ծախսերն են՝ ըստ ոլորտների, ինչպես նաև 2020-ի ծախսերը, որոնք ներկայացված են նախագծով և դեռևս չեն հաստատվել ԱԺ-ի կողմից։

Նախագծով նաև նախատեսվում է, որ ՀՀ կենտրոնական բանկը՝ 2020 թ. ընթացքում, օրենքով վերապահված իրավասությունների սահմաններում, դրամավարկային քաղաքականության վերաբերյալ որոշումներ ընդունելիս կառաջնորդվի 12-ամսյա գնաճի 4 +/-1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում նպատակային ցուցանիշով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter