HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նարեկ Զեյնալյանը վստահեցնում է՝ նախարար Թորոսյանի հետ խնդիր չունեն, «թիմակիցներ են»

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի նախագիծը, որով պատգամավորն առաջարկում է «Մաշկաբանության եւ սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն» ՓԲԸ-ն հանել մասնավորեցվող ընկերությունների ցանկից, մի քանի ժամ պատգամավորները քննարկեցին։

Այս հարցի քննարկումը վիճաբանության առիթ էր դարձել նաև հանձնաժողովում քննարկման ժամանակ, քանի որ պատգամավորները կարծում էին, որ պետք չէ նման ԲԿ մասնավորեցնել, սակայն Առողջապահության նախարարության եզրակացությունը բացասական էր։ Նման քննարկում ծավալվեց նաև այսօր։ Առողջապահության փոխնախարար Հովհաննես Հարությունյանը կոչ արեց «թերի» նախագիծը լրամշակել, քննարկել Անշարժ գույքի պետական կառավարման կոմիտեի նախագահի հետ և հաշվի առնել ոլորտի լիազոր մարմնի՝ Առողջապահության նախարարության կարծիքը։ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը կոչ արեց փոխնախարարին՝ օրենսդիրին դասեր չտալ ու չսովորեցնել ինչպես աշխատել։ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց՝ այս հարցով խմբակցության քվեարկությունն ազատ է։

Այս ամենի շուրջ զրուցել ենք Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հետ։

-Պարոն Զեյնալյան, Ձեր կարծիքով ո՞րն է պատճառը, որ Առողջապահության նախարարության համար Ձեր նախագծի հիմնավորումները բավարար չեն, և մատնանշված խնդիրները նախարարությունը առողջապահության տեսանկյունից չի համարվում ռազմավարական նշանակություն ունեցող։

-Այդ հարցի հասցեատերը ես չեմ, հարցը պետք է հղել նախարարությանը, Կառավարությանը։

-Ըստ Ձեզ, բացասական եզրակացությունը պայմանավորված է տվյալ ԲԿ-ի հանգամանքով, թե՞ նրանով, որ Դուք եք նախագծի հեղինակը։

-Տվյալ ԲԿ-ի հետ կապված նախարարության մոտեցումն այն է, որ կենտրոնը պետք է մասնավորեցվի և պետք է լինի բազմապրոֆիլ հիվանդանոց։ Ամիսներ առաջ նույնատիպ նախագծով մասնավորեցման ցանկից հանեցինք երկու ԲԿ՝ համարելով ռազմավարական նշանակություն ունեցող։

«Մաշկաբանության եւ սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնը» Հանրապետությունում տվյալ ոլորտի միակ ծառայություններ մատուցողն է, այդպիսին է նաև «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ-ն, որը հանեցինք մասնավորեցման ցանկից։ «Մաշկաբանության եւ սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնում» նաև գիտամանկավարժական գործունեություն են իրականացնում, այնտեղ է հավաքագրվում ամբողջ ՀՀ-ի սեռավարակների վիճակագրությունը, իրենք վերլուծում են, տվյալները տրամադրում վիճակագրական վարչությանը։

Սեփականաշնորհման պայմանագրի մեջ նշված է, որ կետրոնը երեք տարի պետք է ծառայության ծավալները պահպանի, սակայն երեք տարի անց թողնված է մասնավորի քմահաճույքին, թե ինչ ծավալով այն նման ծառայություններ կմատուցի։ Մինչդեռ այդ կենտրոնը տարեկան 3000 ստացիոնար հիվանդի ծառայություններ է մատուցում։

Եւ երկրորդ՝ արդյոք մեզ անհրաժե՞շտ է ևս մեկ բազմապրոֆիլ ԲԿ, և այն էլ՝ Երևանում։

-Պարոն Զեյնալյան, այդ դեպքում Առողջապահության նախարարությունը, որը ոլորտը կարգավորող մարմինն է և ոլորտի խնդիրներին, ըստ էության, ավելի է տիրապետում, այս հարցով նման մտահոգություններ չունի՞ ըստ Ձեզ, ինչո՞ւ են իրենք կողմ մասնավորեցմանը։

-Կարծում եմ այն արտահայտությունը, որ նախարարությունը ոլորտի խնդիրներին ավելի լավ է տիրապետում, սխալ ձևակերպում է, նախարարությունը քաղաքականություն մշակող մարմին է։ Խորհրդարանն էլ համապատասխան հանձնաժողով ունի, որը որոշակի գործառույթներ կարող է իրականացնել այս ոլորտում՝ թե՛ կարծիք հայտնելու, թե՛ նախագծեր ներկայացնելու տեսանկյունից։

Ես այն համոզման եմ, որ ԲԿ-ի մատուցվող ծառայությունների ծավալը պետք է պահպանվի, և այն կարող է պահպանվել միայն պետական հսկողության պայմաններում։

-Նախագիծը թե՛ հանձնաժողովում, թե՛ լիագումար նիստում ներկայացվեց փոխնախարարի մակարդակով, այստեղ միտում տեսնո՞ւմ եք, որ նախարարն անձամբ չներկայացրեց, քանի որ, սովորաբար, Արսեն Թորոսյանն ինքն է ներկայացնում նախարարության եզրակացությունները նախագծերի վերաբերյալ։

-Ի՞նչ միտում։

-Որ նախարարի բացակայությունը պայմանավորված է Ձեր անձով։

-Բացարձակ ոչ մի միտում չեմ տեսնում, նախարարությունը որոշել է հարակից զեկուցող ներկայացնել փոխնախարարին, ես որևէ տարօրինակ բան չեմ տեսնում։

-Նախարար Արսեն Թորոսյանի հետ որևէ խնդիր ունե՞ք։

-Բացարձակ որևէ խնդիր չունենք, թիմակիցներ ենք, աշխատում ենք նույն ոլորտում, ժամանակ առ ժամանակ կարող են լինել տարբեր մոտեցումներ, բայց աշխատանքային պրոցես է, եթե տարբեր մոտեցումներ ենք ունենում, չի նշանակում, որ խնդիր կա։

-Դուք քաղաքական մեծամասնության ներկայացուցիչ եք, հանձնաժողովի նախագահ, Ձեր հեղինակած նախագծին Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել, «Իմ քայլը» խմբակցությունն էլ քվեարկելու է ազատ, Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այս ամենին։

-Նորմալ, սա առաջին դեպքը չէ, երբ որևէ պատգամավոր ներկայացնում է նախագիծ, իսկ Կառավարությունը բացասական եզրակացություն է տալիս։ Եղել են դեպքեր, որ Կառավարության բացասական եզրակացությամբ հանձնաժողովը դրական եզրակացություն է տալիս, դա նորմալ երևույթ է։ Եւ կարծում եմ, որ ֆրակցիայի ղեկավարը ճիշտ դիրքորոշում է կայացրել՝ հայտարարելով ազատ քվեարկության մասին, և չլինի այնպես, որ որևէ մեկիս դիրքորոշումը պաշտպանի։ Ազատ քվերակությունն ավելի ճիշտ էր։

-Պարոն Զեյնալյան, Դուք արդեն մի քանի անգամ ասել եք, որ «Մաշկաբանության և սեռավարակաբանության» ԲԿ-ի տարածքը գրավիչ է, Դուք տեղեկություններ ունե՞ք այդ տարածքով հետաքրքրվողների մասին, միգուցե այդ պատճառով եք նման նախագիծ հեղինակել, որ տարածքը չսեփականաշնորհվի։

-Տարածքի գրավչությունը չի եղել նախագծի հիմքը։ Տարբեր անուններ են շրջանառվում պոտենցիալ գնորդների, բայց դա չէ կարևորը, կարևորն այն է, որ ԲԿ-ի ծառայությունների մատուցումը լինի պետական հսկողության տակ։ Նախագծի նպատակն է ոչ թե թույլ չտալ, որ որևէ մեկը էժան գնով գնի այդ տարածքը, այլ ԲԿ-ն իր ծառայություններով պահպանվի պետական ենթակայության տակ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter