HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Միհրան Պողոսյանի գործով Հայաստանը երկրորդ անգամ քննչական պահանջ է ուղարկել Շվեյցարիա

Նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քննվող քրեական գործի շրջանակներում վարույթն իրականացնող մարմինը 2019 թվականի մայիսի 6-ին քննչական պահանջ է ուղարկել Շվեյցարիա` գործով պարզման ենթակա որոշ հանգամանքների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով, սակայն հարցման պատասխանը դեռևս չի ստացվել: Այս մասին «Հետք»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել է Հատուկ քննչական ծառայությունը:

Նշենք, որ Հայաստանն արդեն երկրորդ անգամ է գրություն ուղարկում Շվեյցարիա՝ գործով պարզման ենթակա հանգամանքների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով:

Հիշեցնենք՝ «Հետքը», մասնակցելով Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի համատեղ (ICIJ) նախագծին, 2016թ. ապրիլի 4-ին հրապարակել էր «Պանաման նվաճած հայ գեներալը. Միհրան Պողոսյանի օֆշորային ընկերությունները և հաշիվները շվեյցարական բանկերում» հետաքննությունը և ներկայացրել գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի` օֆշորային ընկերությունների միջոցով ծավալած գործունեությունը։ Պանամայում գրանցած ընկերությունների միջոցով Միհրան Պողոսյանն իր պաշտոնն օգտագործել էր սեփական բիզնեսի զարգացման համար և թաքցրել եկամուտները:  

Հրապարակումից հետո Միհրան Պողոսյանը հրաժարական էր տվել, իսկ Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ էր հարուցել Քրեական օրենսգրքի՝ «Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը, այսինքն` պաշտոնատար անձի կողմից, օրենքով սահմանված արգելքին հակառակ, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպություն հիմնադրելը կամ անձամբ կամ վստահված անձի միջոցով այդպիսի կազմակերպության կառավարմանը մասնակցելը» հոդվածի հատկանիշներով, որը հետագայում կարճվել էր: Առաջին անգամ Շվեյցարիային գրություն էր ուղարկվել հենց այս գործի քննության ընթացքում:

Հետքի՝ «Ինչպես է «փակվել» Միհրան Պողոսյանի օֆշորի գործը․ ՀՔԾ-ն տրամադրել է կարճման որոշումը» հոդվածում գրել ենք, որ ՀՔԾ քննիչը խեղաթյուրել է Շվեյցարիայից ստացված պատասխանը, և որ Շվեյցարիայի արդարադատության և ոստիկանության դաշնային դեպարտամենը ոչ թե մերժել է հայկական կողմի իրավական աջակցության հարցումը, ինչպես հայտնել են ՀՔԾ-ից, այլ միջնորդությունը պատշաճ կազմված չի եղել: ՀՔԾ-ն այս հանգամանքը հերքում է:

Օրեր առաջ անդրադառնալով Միհրան Պողոսյանի վերաբերյալ մամուլում տեղ գտած հրապարակումներից մեկին՝ ՀՔԾ-ն հիշատակել է Շվեյցարիայից նախկինում ստացված պատասխանը ու նշել, որ իրավական օգնության վերաբերյալ հարցմանն ի պատասխան՝ Շվեյցարիայի Համադաշնության դաշնային գրասենյակից ստացվել է գրություն այն մասին, որ «դժբախտաբար իրենք չեն կարող բավարարել մեր խնդրանքը և թույլատրել գրասենյակին դատական հետաքննություն կատարել նշված գործի վերաբերյալ, քանի որ չկան բավարար պայմաններ քրեական գործով իրավական օգնություն ցույց տալու համար, որոնք անհրաժեշտ են Շվեյցարիայում»: ՀՔԾ-ն նշել է, թե կայացված որոշման մեջ Շվեյցարիայից ստացած պատասխանը քննիչը որևէ կերպ չի խեղաթյուրել:

Հիշեցնենք, OCCRP-ի մեր գործընկերների հարցմանն ի պատասխան՝ Շվեյցարիայի արդարադատության և ոստիկանության դաշնային դեպարտամենտի մամուլի խոսնակ Ինգրիդ Ռյուսերը (Ingrid Ryser) հայտնել էր, որ «հայկական կողմի միջնորդությունը չի բավարարվել, քանզի այն չի համապատասխանել միջնորդության պահանջներին:

«Հայկական իշխանությունները կարող են ցանկացած ժամանակ հստակեցնել միջնորդությունը»,- հայտնել էր խոսնակը:

2019-ի հունվարին հայտնի դարձավ, որ Միհրան Պողոսյանի վերաբերյալ նախկինում կարճված  գործը վերաբացվել է նոր երևան եկած հանգամանքի հիմքով:

ՀՔԾ-ին ուղարկված հարցմամբ խնդրել ենք նշել, թե ո՞րն է նոր երևան եկած հանգամանքը: Ի պատասխան մեր հարցման՝ ՀՔԾ-ն հայտնել է, որ նոր երևան եկած հանգամանքներն ի հայտ են եկել Հատուկ քննչական ծառայությունում քննված մեկ այլ քրեական գործի նախաքննության ընթացքում:

«Նշված գործի քննության արդյունքներով` Միհրան Պողոսյանի վերաբերյալ նախկինում Հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը ՀՀ գլխավոր դատախազի կողմից վերացվել է, և քրեական գործը նախաքննության կատարման համար ուղարկվել է ՀՔԾ»,-ասված է մեզ ուղարկված պատասխանում, սակայն մատնանշված չէ, թե որոնք են նոր երևան եկած հանգամանքները:

ՀՔԾ-ն հայտնում է նաև, որ  այս պահին Քրեական օրենքսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քննվող քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել միայն Միհրան Պողոսյանը: Խոսքը առանձնապես խոշոր չափով յուրացում կամ վատնում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման առթիվ քննվող քրեական գործի մասին է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter