HY RU EN

Պանաման նվաճած հայ գեներալը․ Միհրան Պողոսյանի օֆշորային ընկերությունները և հաշիվները շվեյցարական բանկերում

Քրիստինե Աղալարյան, Էդիկ Բաղդասարյան

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը խորը արմատներ է գցել օֆշորային գոտիներում։ Այնտեղ գրանցած ընկերությունների միջոցով բիզնես է անում, իր պաշտոնն օգտագործում է սեփական բիզնեսի զարգացման համար և թաքցնում է եկամուտները:  

«Հետքը» մասնակցել է Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի համատեղ (ICIJ) նախագծին. այս անգամ գաղտնազերծվել են Բրիտանական Վիրջինյան կղզիներում, Պանամայում, Սեյշելներում, Բահամյան կղզիներում, Նևադայում, Հոնկ Կոնգում, Միացյալ Թագավորությունում, Բելիզում, Կոստա Ռիկայում, Մալթայում, Նոր Զելանդիայում, Կիպրոսում, Սինգապուրում և մի քանի այլ վայրերում գրանցված միլիոնավոր օֆշորային ընկերությունների փաստաթղթեր: Տվյալների այդ բազայում կան նաև հայաստանցիներ: ԱՆ ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանը և նրա քեռիների՝ Գրիգորի եւ Միխաիլ Հարությունյանների ընտանիքների անդամների անունները այդ ցուցակում են։

ICIJ-ի տվյալները պարունակում են 11,5 մլն փաստաթուղթ, այդ թվում՝ 214,488 իրավաբանական անձանց (ընկերություններ, վստահորդներ և հիմնադրամներ), 14,153 հաճախորդներ/միջնորդների մասին: Այդ փաստաթղթերում արծարծվում են 12 երկրի ղեկավարների, Ֆորբս ամսագրում ընդգրկված 29 միլիարդատերերի անուններ: Փաստաթղթերն առնչվում են 200-ից ավելի երկրների և տարածքների: Նախագծին մասնակցել է 376 լրագրող և 109 մեդիա կազմակերպություն 76 երկրից: Հետաքննությունը տևել է մեկ տարի: Գերմանական Süddeutsche Zeitung-ին անանուն աղբյուրը փոխանցել է փաստաթղթերը, և պարբերականն այն տրամադրել է ICIJ-ին, որը և կազմակերպել է համագործակցությունը: Գաղտնազերծվել է միջնորդ/գրանցող Mossack Fonseca & Co. փաստաթղթաշրջանառությունը:  

Արդարադատության գեներալ-մայորը ստում է

40-ամյա այս պաշտոնյան 2008 թվականից զբաղեցնում է գլխավոր դատական հարկադիր կատարողի պաշտոնը: Իր մասնագիտական կարիերան սկսել է Ազգային անվտանգության ծառայությունից: ՀՀ ԱԱԾ պետի ֆինանսական գծով տեղակալը այդ տարիներին եղել է Գրիգորի (Գրիշա) Հարությունյանը՝ Միհրան Պողոսյանի քեռին:

Համաձայն գաղտնազերծված փաստաթղթերի՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը բաժնետեր է Պանամայում գրանցված երեք ընկերությունների՝

«Սիգթեմ ռեալ իսթեյթ ինքորփորեյթիդ» (Sigtem Real Estates Incorporated)

«Հոփքինթեն թրեյդինգ ինքորփորեյթինգ»  (Hopkinten Trading Incorporated)

«Բանջիո ինվեստ» ԲԸ (BANGIO INVEST S.A.): 

Mihran Poghosyan on Linkurious.

Մասնագիտությամբ տնտեսագետ Միհրան Պողոսյանը տիրապետում է օֆշորային գաղտնիքներին: Նա հանդես է գալիս որպես Bearer Share-ի սեփականատեր: Այսինքն՝ ընկերության իրական բաժնետերը ընկերությունների պետական ռեգիստրում չի գրանցվում, նրա լիազորը գրանցող կազմակերպությունն է, որն էլ բաժնետիրոջը տրամադրում է բաժնեմասի տիրապետման սերտիֆիկատ (Տես ստորև՝ լուսանկարում): Ստացվում է, որ միայն այդ սերտիֆիկատը տնօրինողն է տիրապետում այդ ինֆորմացիային՝ գրանցող ընկերությունից բացի: Սա ընդունված մեթոդ է, որից օգտվում են գաղտնի մնալու ձգտում ունեցող անձինք: Միհրան Պողոսյանն առաջին երկու ընկերությունների բաժնեմասը ստանձնել է 2011թ. մարտին: Այսինքն՝ այն ժամանակ, երբ արդեն զբաղեցնում էր ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը: Իսկ «Բանջիո ինվեստ»-ի հետ առնչություն ունեցել է դեռևս 2005-ից: Նշենք, որ փաստաթղթերում գաղտնազերծված անձը ՀՀ քաղաքացի ոմն Միհրան Պողոսյան չէ, այլ հենց ԴԱՀԿԾ պետն է, ում գրանցման հասցեն և անձնագրային տվյալներն ուղարկվել են գրանցող/միջնորդ ընկերության կողմից վերոնշյալ ընկերությունների գրանցման, բաժնեմասի տնօրինման, բանկային հաշիվների բացման համար: 

Այժմ հերթով անդրադառնանք վերոնշյալ ընկերություններին: 

«Սիգթեմ ռեալ իսթեյթ ինքորփորեյթիդ» և «Հոփքինթեն թրեյդինգ ինքորփորեյթինգ» ըկերությունները հավասարապես կիսում են Հայաստանում գրանցված «Բեսթ ռեալթի» ՍՊԸ-ի բաժնեմասը: «Բեսթ ռեալթի» ՍՊԸ-ն էր իրականացրել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի գնահատումը ԴԱՀԿԾ-ի վարույթի շրջանակներում՝ այն գնահատելով ընդամենը 25,8 մլրդ դրամ և հաշվի չառնելով, որ համալիրը պետական հուշարձան է: Մարզահամերգային համալիրի ղեկավարությունը չէր զարմանա, թե ինչու էր գնահատողի հետ մեկտեղ այդ օրը ամբողջ ԴԱՀԿԾ-ն գտնվում իրենց շենքում, եթե իմանար, թե ում է պատկանում այդ ընկերությունը: 

Բացի դրանից, «Բեսթ ռեալթի» ՍՊԸ-ն «կցված է» ԴԱՀԿ-ին, և անշարժ ու շարժական գույքի գնահատում իրականացնում է ԴԱՀԿ-ի վարույթների շրջանակներում: Օրինակ` Երևան, Նորագավիթ 11 փող. 9/1 տուն հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է «Բեսթ Ռեալթի» ՍՊԸ-ին: Մեկ այլ` Հասմիկ Ստամբոլյանին սեփականության իրավունքով պատկանող՝ ք. Երևան, Դավթաշեն արոտավայր հողամասի գնահատողը նույնպես եղել է «Բեսթ Ռեալթի» ընկերությունը:   

Համաձայն գաղտնազերծված փաստաթղթերի` «Սիգթեմ ռեալ իսթեյթ ինքորփորեյթիդ» և «Հոփքինթեն թրեյդինգ ինքորփորեյթինգ» ընկերությունները Շվեյցարիայի LGT Bank (Suise) SA բանկում հաշվեհամար են բացել, որոնց առնչվող բոլոր փաստաթղթերի և հենց բանկային հաշվեհամարների կառավարման/ստորագրման իրավասու միակ անձը Միհրան Պողոսյանն է:

«Հոփքինթեն թրեյդինգ ինքորփորեյթինգ» ընկերության բանկային հաշիվ բացելու մասին տնօրենների խորհրդի որոշումը    «Սիգթեմ ռեալ իսթեյթ ինքորփորեյթիդ» ընկերության բանկային հաշիվ բացելու մասին տնօրենների խորհրդի որոշումը    «Բանջիո ինվեստ» ընկերության բանկային հաշիվ բացելու փաստաթուղթը:

«Սիգթեմ ռեալ իսթեյթ ինքորփորեյթիդ» ընկերության տնօրեն-նախագահը ՀՀ ԱԺ պատգամավոր (ՀՀԿ խմբակցության անդամ) Արթուր Ստեփանյանն է: Հիշեցնենք՝ հայաստանյան օրենսդրությունը թույլ չի տալիս պատգամավորին զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ և կառավարել որևէ բիզնես: 

«Բանջիո ինվեստ» ԲԸ-ն «Ֆրեշ» ՍՊԸ-ի 100% բաժնետերն է: «Ֆրեշ» ՍՊԸ-ն շահագործում էր «Ֆրեշ» սուպերմարկետների ցանցը: Այժմ «Ֆրեշ» ՍՊԸ-ի գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է, իսկ «Ֆրեշ» սուպերմարկետների ցանցից գործում է միայն Կոմիտաս 1 հասցեի մասնաճյուղը, որը շահագործում է «Քեթրին գրուպ»-ը: 

«Բանջիո ինվեստ» ԲԸ-ն  Շվեյցարիայի DRESDNER BANK (SWITZERLAND) LTD-ում հաշվեհամար է բացել, որը բացելու համար պետք է եղել Միհրան Պողոսյանի ստորագրությունը, իսկ հաշվեհամարի կառավարումը հետագայում լիազորվել է Միհրան Պողոսյանին և նրա մորեղբայր Միխաիլ Հարությունյանին:

«Ես բազմիցս ասել եմ՝ մինչեւ պետական պաշտոնյա լինելը ես բիզնեսներ եմ ունեցել, եւ արդյունավետ աշխատել են այդ բիզնեսները, այս պահին կան որոշակի շենք–շինություններ, որոնք վարձակալությամբ հանձնված են տարբեր տնտեսվարող սուբյեկտների: Ես` որպես պետական պաշտոնյա, ոչ մի բիզնես չունեմ: Իսկ ինչ վերաբերում է ընտանիքի անդամներին, իմ կինը բիզնես չունի, իսկ իմ երեխաները տասնչորս, տասնհինգ եւ չորս տարեկան են: Չգիտես ինչու, երբ երրորդ կամ չորորդ բարեկամը բիզնես ունի, մեր հասարակությունն այն կապում է բարեկամ պետական պաշտոնյայի հետ»,- «Հայկական ժամանակ» թերթին ասել է Միհրան Պողոսյանը: 

Օֆշորային ընկերությունների բաժնետեր լինելու վերաբերյալ «Հետքի» հարցմանը Միհրան Պողոսյանի ղեկավարած գերատեսչությունը պատասխանել է հակիրճ․

«ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը Ձեր հարցման մեջ նշված ընկերությունների հետ որևէ առնչություն չունի»։

«Բիզնես չունեցող» այս պաշտոնյան, սակայն, մեծ գումարների փոխառություններ է տալիս: 2013-2014թթ. Միհրան Պողոսյանը գումարի բռնագանձման պահանջով 4 հայցադիմում է ներկայացրել դատարաններ և պարտքը վերադարձրել դատական կարգով: Միհրան Պողոսյանը 2013թ. ապրիլի 4-ին 53 մլն դրամ գումարի բռնագանձման պահանջով հայցադիմում է ներկայացրել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Սթար Դիվայդ» ՓԲԸ-ի: Գործը դատաքննության նախապատրաստելու փուլում Մ. Պողոսյանը հրաժարվել է հայցապահանջից՝ պատճառաբանելով, թե «պատասխանող ընկերությունը հայցադիմումով պահանջվող գումարը կանխիկ եղանակով ամբողջությամբ վերադարձրել է»: Նույն օրը մեկ այլ հայցադիմում է մուտք արվել Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան: Այս անգամ Միհրան Պողոսյանը 4,7 մլն դրամի պահանջ է ներկայացրել «Բյուրակն» ՍՊԸ-ի դեմ: Այս գործը ևս կարճվել է, քանի որ Միհրան Պողոսյանը հրաժարվել է հայցից՝ տեղեկացնելով, որ ընկերությունը պարտավորությունը կատարել է: Միհրան Պողոսյանը 2013թ. նոյեմբերին քաղաքացի Գևորգ Աֆանդյանի դեմ է հայցադիմում ներկայացրել դատարան՝ պահանջելով 5 մլն 147 հազար դոլար: Դատական նիստի ժամանակ կողմերը ներկայացրել են հաշտության համաձայնագիր, Գևորգ Աֆանդյանը պարտավորվել է դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելու պահից հետո մեկամսյա ժամկետում Միհրան Պողոսյանին վճարել փոխառության գումարից 499 մլն դրամ և այդ գումարի նկատմամբ կետանցի յուրաքանչյուր օրվա համար հաշվարկված տոկոսներ` 0.055 տոկոսի չափով` սկսած 11.11.2011թ.-ից մինչև պարտավորության փաստացի կատարումը։ Գումարի բռնագանձման պահանջի մասին առայժմ վերջին հայցադիմումը Միհրան Պողոսյանը 2014թ. օգոստոսին է ներկայացրել Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի որդուն՝ Արմեն Նազարյանին պատկանող «Բիզնես լիդեր հոլդինգ» ՍՊԸ-ի: Գլխավոր հարկադիր կատարողը այս ընկերությունից պահանջում է 11 մլն դրամի գումար: Այս գործով նույնպես Մ. Պողոսյանը հրաժարվել է հայցից, քանի որ պատասխանողն իր պարտավորությունները կատարել է դատարանում գործի քննության ընթացքում:

Այս ամենին զուգահեռ՝ 2015թ. Մ. Պողոսյանի հայտարարագրած եկամուտներն ու դրամական միջոցները շատ համեստ են. նա ունեցել է ընդամենը 22 մլն 359 հազար դրամի եկամուտ, որից աշխատավարձը` մոտ 12,5 մլն, իսկ մնացածը` վարձակալության դիմաց ստացված վճարներ: Արտարժույթով նա ունեցել է նաև 200 հազար դոլար և 12 հազար եվրո:

ԴԱՀԿ ծառայության պետի կինը ո'չ 2014թ., ո'չ էլ 2015-ին  եկամուտ չի ունեցել, սակայն 2014թ. հայտարարագրել է 15 մլն դրամ կարողություն: Եկամուտ չունենալը չի խանգարել տիկին Մխիթարյանին գնել 70 000 դոլար արժողության «RANGE ROVER SPORT-HSE» մակնիշի ավտոմեքենա:

Ինչու «Քեթրինի Միհրան»

Հարկադիր կատարողի մասին խոսելիս հաճախ ասում են «Քեթրինի Միհրան»։ Բանանի, ցիտրուսային և տրոպիկական մրգերի ներմուծող և մենաշնորհ ունեցող «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ն անմիջականորեն առնչվում է Միհրան Պողոսյանի հետ: Նախ՝ իր կենսագրության մեջ Միհրան Պողոսյանը գրում է, որ ընկերության հիմնադիրն է, ապա, համաձայն ՀՀ ԱՆ պետական ռեգիստրի տվյալների, մինչև 2008թ. բաժնեմաս է ունեցել այնտեղ: Միհրան Պողոսյանից բացի՝ մինչև 2015թ.-ը ընկերությունում բաժնեմաս է ունեցել նաև կինը՝ Կարինե Մխիթարյանը: Սակայն 2012-ին ընկերության բաժնեմասը հետզհետե տեղափոխվել է օֆշոր, կրկին՝ Պանամա: Այժմ «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ի միակ բաժնետերը Պանամայում գրանցված «Սենդոլինե կորպ.» ընկերությունն է: Ի ուրախություն Միհրան Պողոսյանի, գաղտնազերծված փաստաթղթերում առայժմ այս ընկերության տվյալները չկան: Սակայն, հաշվի առնելով Պանամայի նրա մեծ փորձը, կարող ենք ենթադրել, որ «Սենդոլինե կորպ.» ընկերությունը նույնպես Միհրան Պողոսյանին է պատկանում: 

Բանանի ներմուծման սկանդալում Միհրան Պողոսյանը հայտնվեց 2008-ին: «Քեթրին» ընկերությունը 2005-2007թթ., ներկրելով մոտ 6500 տոնա բանան «Ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով, ազատվել է մաքսային վճարի, մաքսատուրքի եւ ավելացված արժեքի հարկի վճարումից։ Օրենքն այդպես է նախատեսում: Իսկ այդ մաքսային ռեժիմով բանանը ներկրելով` «Քեթրին» ՍՊԸ-ն պարտավոր էր վերամշակումից ստացած ապրանքը արտահանել Հայաստանից: Բայց քանի որ վերամշակում չի եղել, ընկերությունը կեղծ փաստաթղթեր է սարքել` իբրեւ պատրաստել է բանանի յուղ եւ արտահանել Բահամյան կղզիներ: Քննությամբ պարզվել է, որ վերաարտահանվել է ոչ թե բանանի յուղ, այլ արեւածաղկի յուղ: Այս գործարքի ադրյունքում «Քեթրին» ՍՊԸ-ն պետությանը չի վճարել 443 711 516 դրամ (մոտ 1 միլիոն 479 հազար դոլար): Իրավապահները գտել են, որ այստեղ մաքսանենգության խնդիր չի եղել, այլ եղել է հարկերից խուսափելու փորձ: 

Այդուհանդերձ, «Քեթրին գրուպը» վերջին տարիներին խոշոր հարկատուների ցանկում է. 2015-ին եղել է 100-րդ խոշոր հարկատուն՝ ՀՀ պետական բյուջե վճարելով 1,2 մլրդ դրամ, 2014-ին եղել է 81-րդը՝ 1,6 մլրդ դրամ հարկային վճարումով: 

«Քեթրին գրուպ» ՍՊԸ-ն բացի բանանի, ցիտրուսային և տրոպիկական մրգերի ներմուծումից, զբաղվում է նաև այլ գործունեությամբ: 2009-ից սկսել է ընդլայնվել ագրոբիզնեսի ոլորտում: Ներմուծում է պա­րար­տա­նյու­թեր և թու­նա­քի­մի­կատ­ներ: Զբաղվում է նաև անասնաբուծությամբ: Բուծում և բազմացնում է խոզեր, կովեր, ոչխարներ և հնդկահավեր: Ավտոբիզնեսը նույնպես ընկերության գործունեության ոլորտներից է: «Քեթրին գրուպ» ընկերությունը առանց մրցույթների ձեռք է բերում պետական կառույցների հետ պետգնումների պայմանագրեր: Ավելին, Միհրան Պողոսյանը հենց իր ղեկավարած ծառայության համար է կնքում այդ պայմանագրերը՝ իր իսկ ընկերության հետ: 2015թ. պետական գնումների պայմանագրով 3 մլն դրամ արժեքով ավտոմեքենաների վերանորոգման ծառայությունների պայմանագիր է կնքել «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ի հետ:

Բիզնես չունենալու` Միհրան Պողոսյանի բոլոր պնդումները, փաստորեն, իրականությանը չեն համապատասխանում: Իսկ տարածքներ ունենալու փաստը նա չի հերքել: ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից «Հետքը» ստացել է Երևանի կենտրոնում՝ Ամիրյան 4/6 հասցեում տարածք ունեցող սեփականատերերի ցանկը: 32 անձ նույն հասցեում տարածք ունի: Համաձայն Կադաստրի փաստաթղթի՝  4/6 շենքի 143-րդ տարածքը պատկանում է Միհրան Պողոսյանին: Իսկ նույն հասցեի 19-ը տարածքներ գրանցված են Պողոսյանի քեռու՝ Գրիգորի Հարությունյանի և նրա դուստրերի անվամբ: 4/6 հասցեում է տեղակայված «Կավկազսկայա պլեննիցա» ռեստորանը, «Գրիար» ՓԲԸ-ն, «Փարիզ» հյուրանոցը և այլ հաստատություններ:

Միհրան Պողոսյանի անվան հետ են կապում Ծաղկաձորի «Կեչառիս» հյուրանոցային համալիրը: Բնականաբար, Միհրան Պողոսյանն այն իր անվամբ չի գրանցել, այլ վստահել է Հարությունյաններ գերդաստանի ներկայացուցիչներից մեկին: Համաձայն իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ դրա բաժնետերը պաշտոնապես Էդուարդ Հարությունյանն է, ով նաև «Բեսթ Ռեալթի» ՍՊԸ-ի տնօրենն է:

Բոլորովին վերջերս՝ մարտի 3-ին, «Քեթրին գրուպը» ՀՀ բնապահապնության նախարարություն է ներկայացրել «Ծաղկաձորի Օրբելի եղբայրներ 18/1 հասցեում «Կեչառիս» հյուրանոցային համալիրին կից տարածքում տնակների, բաղնիքի, լողավազանի և սրճարանի կառուցման և շահագործման նախագիծ: Նախատեսվող գործունեության նպատակը հանգստի կազմակերպումը և սպասարկման ծառայությունների մատուցումն է: Նախատեսվող շինությունների տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 5060 ք/մ: Օգտագործվելու են «Կեչառիս» հյուրանոցային համալիրի մերձակա հողատարածքները: Ինչը նշանակում է, որ երկու տարբեր նախագծերի սեփականատերը նույն անձն է:

Միհրան Պողոսյանի «երրորդ կամ չորրորդ բարեկամները» և նրանց բիզնեսը

Միհրան Պողոսյանի քեռիների՝ Հարությունյանների ընտանիքը նույնպես տարբեր օֆշորներում գրանցված ընկերություններ ունի: Միխաիլ Հարությունյանը բոլորովին վերջերս՝ 2015թ. սեպտեմբերին, Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված GAITSKELL HOLDINGS CORP-ի բաժնետեր է դարձել: Այս ընկերության տնօրենը վրացի Կոբա Թագուշին է: Ըստ ամենայնի, Հարությունյանն այս ընկերությամբ բիզնես է իրականացնելու Վրաստանում:

Միխաիլ Հարությունյանի որդին՝ Վահան Հարությունյանը, նույնպես Պանամայում գրանցված ընկերության սեփականատեր է: «Ֆարլեն ռեալ իսթեյթ քորպ.» (FARLEN REAL ESTATES CORP.) ընկերությունը պատկանում է նրան: Շվեյցարիայի LGB Bank (Suise) SA բանկում բացված ընկերության հաշվեհամարն էլ տնօրինում է Վահան Հարությունյանը:

Միհրան Պողոսյանը և նրա ընտանիքի անդամները անմասն չեն Հայաստանում իրականացվող կարևոր բիզնես նախագծերից: Նրանք սնվում են պետական բյուջեի գումարներից, իրականացնում պետական ծրագրեր և ներգրավված են աղմկահարույց նախագծերում: 

Երևանում ավտոկայանատեղիները վճարովի դարձան  2013թ. սեպտեմբերի 1-ից: Ավտոկայանատեղիների կազմակերպումն իրականացնում է «Փարքինգ սիթի սերվիսի» ՓԲԸ-ն՝ շահելով Երևանի քաղաքապետարանի հայտարարած մրցույթը: Մեծ աղմուկ բարձրացրած ավտոկայանատեղիների և կարմիր գծերը շահագործող այս ընկերության բաժնետերը Տիգրան Հարությունյանն է` Միհրան Պողոսյանի քեռի Միխաիլ Հարությունյանի որդին: 

Տիգրան Հարությունյանը 100% բաժնետեր է նաև «Միկշին» ՍՊԸ-ում:  2014-ի մայիսին կառավարության հանձնարարությամբ քաղաքացիական ծառայողներին բնակարաններով ապահովելու համար «Միկշին» ՍՊԸ-ի կողմից կառուցապատման իրականացման նպատակով ընկերությանը 2014թ. պետբյուջեից առաջին կիսամյակում տրամադրվել է 800 մլն դրամ բյուջետային վարկ: «Միկշին» ՍՊԸ-ն է իրականացրել նաև «Երազ» թաղամասի շինարարությունը, որը մեկնարկել էր 2008թ.: 

«Մետէքսիմ» ՍՊԸ-ն զբաղվում է մետաղական ջարդոնների արտահանմամբ և ամբողջ Հայաստանի տարածքով ունի հավաքագրման կետեր և ձուլարաններ, ունի բաց մաքսային պահեստ, տրամադրում է խոշոր շինարարական տեխնիկա, զբաղվում է նաև երկաթգծերի շահագործմամբ, իրականացնում է երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպում, ինչպես նաեւ ավտոբեռնափոխադրումներ: 100 մլն դրամ կանոնադրական կապիտալով «Մետէքսիմ» ՍՊԸ-ի խոշոր բաժնետերը Միխաիլ Հարությունյանն է՝ 98%, 2% բաժնեմաս ունի Նարինե Գրդզելյանը՝ ԴԱՀԿ ծառայության մամլո նախկին խոսնակ, այժմ Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Ռուբեն Գրդզելյանի քույրը:  

«Միկմետալ» ՓԲԸ-ն նույնպես կապում են Միհրան Պողոսյանի անվան հետ: 718 մլն դրամ կանոնադրական կապիտալով այս ընկերությունում 25 տոկոս բաժնեմաս ունի Միխաիլ Հարությունյանը, իսկ 75% բաժնեմասը խճճած է կիպրոսյան օֆշորում: Փաստացի, այն «Մորակո հոլդինգս» ՍՊԸ-ին է պատկանում: Կիպրոսի ընկերությունների գրանցման ռեգիստրից մեր ձեռք բերած փաստաթղթերի համաձայն` «Մորակո հոլդինգս» ՍՊԸ-ի բաժնեմասը շարունակաբար տիրապետում են Կիպրոսում գրանցված այլ ընկերություններ՝ «Կիպրոնավուս» (Cypronavus Limited), «Կիպրոփուբլիկո» (Cypropublico Limited) և «Կիպրոսերվուս քո.» ՍՊԸ-ները (Cyproservus Co. Limited): Վերջնական բաժնետերերը Կիպրոսում գրանցված անձինք են: Սովորաբար, դրանք իրավաբանական ընկերության ներկայացուցիչներն են, որոնք գրանցում են նմանատիպ ընկերություններ: Ինչպես «Beare share»-ի դեպքում, նրանք ևս ներկայանում են որպես բաժնետեր՝ բաժնետոմսերի պատկանելության մասին համաձայնագիր ունենալով իրական բաժնետիրոջ հետ: Ելնելով Միհրան Պողոսյանի պանամյան փորձից, բացառված չէ, որ «Միկմետալ»-ի 75% մասնաբաժինը ևս իրենն է: Այլապես դրանք Կիպրոսյան օֆշորներում խճճելու իմաստ չէր լինի, և Միխաիլ Հարությունյանի նման որևէ մեկի անվամբ կգրանցվեր:

Միխաիլ Հարությունյանի կինը՝ Նարինե Աղասարյանը, ղեկավարում է տուրիստական «Երկիր Նաիրի» ՍՊ ընկերությունը: Նրան է պատկանում այս ընկերության 100% բաժնեմասը: 

«Կագա Քրեդո» ՍՊԸ-ի բաժնեմասը նույնպես տնօրինում է Վահան Հարությունյանը: Սակայն այս ընկերությունը մինչև 2011-ը ղեկավարել է Միհրան Պողոսյանի կինը՝ Կարինե Մխիթարյանը, իսկ ընկերությունը նախկինում կոչվել է «Լիկա-Միհրան» ՍՊԸ: 

Միհրան Պողոսյանն անձամբ 2012-2016թթ. հանրային հեռախոսային և միջքաղաքային հեռախոսային ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքել «Գրիար Տելեկոմ» ՍՊԸ-ի հետ: Պայմանագրի արժեքը կազմել է 11,5 մլն դրամ:   

«Գրիար Տելեկոմ»-ը շինարարական խոշոր՝ «Գրիար» ՓԲ ընկերությանը փոխկապակցված ընկերություններից է:

«Գրիար» ՓԲԸ-ն 2004-ին ստացել էր Երևանի Գլխավոր պողոտայի իրացման ու կառուցապատման առյուծի բաժինը՝ 8000 քմ տարածք (Ամիրյան փողոցից մինչև Բուզանդի փողոց), որտեղ պետք է կառուցեր 6 մասնաշենքից բաղկացած բազմահարկ՝ 14 հարկանի շենքեր: 

«Գրիար» ՓԲԸ խորհրդի նախագահը Գրիշա Հարությունյանն է, տնօրենը՝ նրա փեսան՝ Արթուր Յորդանյանը: Այս ընկերությունում մասնակցություն են ունեցել Սյունիքի նախկին փոխմարզպետ, հանրապետական Արա Դոլունցը, Արթուր Յորդանյանը և ռուսական գրանցում ունեցող «Չես տոր» ՓԲԸ-ն: «Գրիար» ՓԲԸ-ի դուստրերն են «Գրիար-շինարար» շինարարական մասնաճյուղը, «Գրիար նախագիծ» մասնաճյուղը, «Գրիար հանք»-ը և «Գրիար-սպասարկում»: 

Հարությունյանների բիզնեսն այսքանով չի սահմանափակվում, դրանց անդրադառնալու առիթը Միհրան Պողոսյանն էր, ով ներգրավված է իր հարազատների բիզնեսներում, սակայն հմտորեն փորձում է թաքցնել դա և այդ բիզնես գործունեությունից ստացած եկամուտը: Դատելով իր բիզնեսին առնչվող հարցերին տված մշտական նույն պատասխանից, թե ինքը բիզնես չունի, այժմ էլ այս փաստաթղթերը հրապարակելուց հետո Միհրան Պողոսյանն ասելու է, թե բիզնես չունի։ Որեւէ պետական կառույց նրանով չի զբաղվելու, այս փաստաթղթերն «առոչինչ» են, քանի որ նա համարվում է նախագահ Սերժ Սարգսյանի հովանավորյալը։