HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Կառավարությունում ընթանում է Մաշկաբանության ինստիտուտի մասնավորեցման գործընթաց. պատրաստվում է մրցութային փաթեթ

Այս պահին Կառավարությունում ընթանում է «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն» ՓԲԸ-ի մասնավորեցման գործընթաց, պատրաստվում է մրցութային փաթեթ։ Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանի հարցին։

Հիշեցնենք, որ խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հեղինակած նախագիծը, որով վերջինս առաջարկում է մասնավորեցման ցանկից հանել բժշկական կենտրոնը (ԲԿ)՝ այդ պրոֆիլով հանրապետությունում միակը լինելու հիմնավորմամբ։ Նախագծին նախարարությունը բացասական եզրակացություն է տվել, «Իմ քայլը» քվեարկելու է ազատ։

«Արդեն չգիտեմ՝ այն կընդունվի՞, թե չէ՝ հաշվի առնելով այստեղ տեղի ունեցող գործընթացը, և դրանով է պայմանավորված, որ կոչ ենք անում նմանատիպ նախագծեր նախաձեռնելուց առաջ առնվազն ինֆորմացիայի տիրապետելու մակարդակում մեր հետ համագործակցել։ Սակայն սրան ի պատասխան՝ ստանում ենք հորդորներ, թե չսովորեցնենք խորհրդարանին, թե ինչպես է պետք աշխատել. մենք փորձում ենք կառուցողական հուն տանել այդ ամենը»,-ասաց Արսեն Թորոսյանը։

Նախարարը հիշեցրեց, որ մասնավորեցման ցանկից հանելը ենթադրելու է վերադարձ նախարարության ուղիղ ենթակայություն։

«Այսինքն` ես պետք է լինեմ հիվանդանոցի տնօրեն նշանակողը, հաստիքացուցակը կազմողը, և իմ կարծիքը հաշվի չի առնվում»,- ասաց նա՝ հավելելով, որ սա ասելով՝ նկատի ունի առողջապահության նախարարության կարծիքը։

Արսեն Թորոսյանն անդրադարձավ նաև նախագծի հեղինակ Նարեկ Զեյնալյանի այն հիմնավորմանը, որ ԲԿ-ն ռազմավարական նշանակություն ունի։

«Միգուցե 60-ական թվականների բժշկության պայմաններում այդ կենտրոնն իրոք ռազմավարական է եղել մաշկաբանական հիվանդությունների առումով, սակայն այսօր մաշկաբանական հիվանդությունները հիմնականում բուժում են ամբուլատոր եղանակով, և շատ հազվադեպ, ծանր դեպքերում կարող են բուժվել ստացիոնար պայմաններում, և դա կարող է արվել բազմապրոֆիլ հիվանդանոցներում։ Այսինքն` ասել, որ առանց այս կենտրոնի մեզ մոտ կլինի մաշկաբանական հիվանդությունների աճ, թերի բուժում, բարձիթողի վիճակ, միանշանակ սխալ է»,- ասաց նա։

Թորոսյանն անդրադարձավ նաև այն հարցին, թե պե՞տք է ԲԿ-ն մասնավորեցնել: «Էդ կենտրոնը մասնավորեցման ցանկից հանելուն դեմ ենք, բայց եթե ԱԺ-ն հարկ համարի, որ էդ կենտրոնը պետք է կառավարեմ ես, ես դա կանեմ շատ բարձր մակարդակով»,- ասաց նա։

Թորոսյանի խոսքին արձագանքեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

«Պարոն Թորոսյան, էդ որ ասում եք հորդորել են, հորդորողը ես եմ եղել, և դա եղել է ի պատասխան ԱԺ-ին դիմելիս ոչ անհրաժեշտ կոռեկտության սահմանները պահելու համար. խնդրում եմ տեղեկացեք մանրամասներին»,- ասաց նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter