HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ու՞մ օդանավով է Փաշինյանը թռել ԱՄՆ, կամ ովքե՞ր են կլորիկ գումար աշխատել վարչապետի ուղեւորությունից  

«Հետքը» պարզել է, թե ում օդանավով է վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղեկիցների հետ մեկնել ԱՄՆ, ապա այնտեղից վերադարձել Հայաստան:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին Գյումրիում ՀՀ անկախության 28-ամյակի միջոցառումներին մասնակցելուց հետո Փաշինյանը մեկնել էր երկրից: Բիզնես դասի ամերիկյան «Gulfstream G550» ինքնաթիռը վարչապետին ԱՄՆ տեղափոխելու համար Գյումրու «Շիրակ» օդանավակայան էր ժամանել Կիեւից նույն օրը՝ ամսի 21-ին: Գյումրուց արդեն Փաշինյանի հետ այն թռել էր Իռլանդիա՝ «Շանոն» օդանավակայան, որտեղ վառելիքի լիցքավորում էր կատարվել, ապա այնտեղից մեկնել էր Լոս Անջելես՝ Վան Նայսի օդանավակայան, որտեղ վայրէջք էր կատարել տեղական ժամանակով սեպտեմբերի 21-ի երեկոյան:

Ինչպես հայտնի է, այստեղ ՀՀ վարչապետը մի շարք հանդիպումներ էր ունեցել տեղական իշխանությունների եւ հայ համայնքի հետ: Սեպտեմբերի 23-ին Փաշինյանի ինքնաթիռը մեկնել էր Սիլիկոնային հովիտ՝ Սան Խոսե, իսկ նույն օրվա երեկոյան՝ Նյու Յորք, ավելի կոնկրետ՝ Նյու Ջերսի նահանգի Տետերբորոյի օդանավակայան: ՄԱԿ-ում մի շարք հանդիպումներ եւ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում ելույթ ունենալուց հետո Փաշինյանը Տետերբորոյից վերադարձել է Երեւան՝ «Զվարթնոց» օդանավակայան, որտեղ ինքնաթիռը վայրէջք է կատարել տեղական ժամանակով սեպտեմբերի 26-ի երեկոյան: Ամսի 27-ի առավոտյան «Gulfstream G550» օդանավը Երեւանից վերադարձել է Կիեւ:        

Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Փաշինյանը ԱՄՆ է մեկնել ոչ թե ՀՀ կառավարական օդանավով, այլ վարձակալված մասնավոր ինքնաթիռով, ինչը բավական թանկ հաճույք է (մամուլը գրեց, որ վարձակալությունն արժեցել է 300-400 հազ. դոլար), նրա խոսնակ Վլադիմիր Կարապետյանը սեպտեմբերի 23-ին ֆեյսբուքյան իր էջով հանդես եկավ պարզաբանմամբ. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը ԱՄՆ կատարվել է չարտերային չվերթով, մասնավոր ընկերության միջոցով։ Այցի կազմակերպման համար, ընդհանուր առմամբ, հատկացվող գումարը կարող է հասնել առավելագույնը 165 մլն դրամի (մոտ 350 հազ. դոլար- հեղ.), իսկ չարտերային չվերթի կազմակերպման նպատակը պայմանավորված է մի քանի հանգամանքներով: Վարչապետի օրակարգը Միացյալ Նահանգներում խիստ հագեցած է: Արդեն երկար ժամանակ նախապատրաստվում էր Նիկոլ Փաշինյանի այցը Լոս Անջելես, որտեղ կառավարության ղեկավարը մեկ օրում ունեցել է մեկ տասնյակից ավելի հանդիպումներ եւ միջոցառումներ, որոնց մասին հանրությանը տրվել է պատշաճ տեղեկատվություն։

Այստեղից վարչապետը կրկին հագեցած գրաֆիկով ուղեւորվելու է Սան Խոսե՝ Սիլիկոնյան հովիտ, եւ կրկին ընդամենը մի քանի ժամում անցկացնելու է մի շարք հանդիպումներ եւ բանակցություններ բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ընկերությունների հետ: Այնուհետեւ վարչապետը մեկնելու է Նյու Յորք, ներգրավվելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի աշխատանքներին: ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում Նիկոլ Փաշինյանն ունենալու է մեկ տասնյակից ավելի հանդիպումներ եւ միջոցառումներ։ Միաժամանակ հայտնում եմ, որ սեպտեմբերի 28-ին նախատեսված է Սինգապուրի վարչապետի պաշտոնական այցը Հայաստան, եւ կառավարության ղեկավարը խնդիր ունի մինչ այդ ժամանելու Երեւան։ Առանց հատուկ թռիչքի կազմակերպման` վարչապետի կարեւոր աշխատանքային այցը Միացյալ Նահանգներ նման հագեցած գրաֆիկով եւ սեղմ ժամկետներում անհնար կլիներ կազմակերպել, մանավանդ, որ վարչապետը չէր կարող չմասնակցել սեպտեմբերի 21-ին Հայաստանում նախատեսված միջոցառումներին, այդ թվում՝ «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությանը: Այսուհետ եւս, նման կարգավորումներն արվելու են այնպես, որ հնարավորինս նպաստեն երկրի ղեկավարի այցի առավել արդյունավետ կազմակեպմանը»։

Մի կողմ թողնելով ծախսված գումարի չափի մասին քննարկումները, ինչպես նաեւ կառավարականի փոխարեն վարձակալված բիզնես դասի ինքնաթիռով չվերթի իրականացումը՝ անդրադառնանք այս օդանավը շահագործողին եւ սեփականատիրոջը, ինչը նույնպես հետաքրքիր է, քանի որ հենց նրանց են վճարվել պետբյուջեից հատկացվող միլիոնները:

Այսօր աշխարհում բազմաթիվ են բիզնես դասի օդանավերով չարտերային չվերթներ առաջարկող ավիաընկերությունները: Նիկոլ Փաշինյանի թիմը նրա համար օդանավ է վարձակալել ավստրիական «Avcon Jet AG» ընկերությունից, որի գլխամասը գտնվում է Վիեննայում, սակայն եւս 10 գրասենյակ ունի Եվրոպայում, Ասիայում եւ Աֆրիկայում: Ավիաընկերությունը հնարավոր պատվիրատուներին առաջարկում է տարբեր օդանավեր, այդ թվում՝ «Cessna», «Bombardier», «Gulfstream»:

Ինչպես ասվեց, ՀՀ վարչապետին տրամադրվել է «Gulfstream G550» մոդելի օդանավ: Ավստրիայի օդանավերի ռեգիստրի տվյալներով՝ «Avcon Jet»-ի հաշվեկշռում 7 հատ «G550» կա: Սակայն ավիաընկերության պաշտոնական կայքում ներկայացված են երկուսը: Մեկի (գրանցման համարը՝ OE-ICQ) բազավորման վայրը Վիեննայի միջազգային օդանավակայանն է, մյուսինը (OE-ISN)՝ «Կիեւ» օդանավակայանը (հայտնի է նաեւ որպեսի «Ժուլյանի»): Թերեւս Հայաստանին մոտ լինելու հանգամանքն է դեր խաղացել, որ ընտրվել է Կիեւում բազավորվող ինքնաթիռը, որը նախատեսված է 19 հոգու համար (մյուսը՝ 18):

OE-ISN համարով ինքնաթիռն արտադրվել է 2013-ին (մյուսը՝ 2005-ին), կարող է առանց կանգառի թռչել մինչեւ 12.500 կմ, «Avcon Jet»-ն այս օդանավում առաջարկում է բորտ-ուղեկցորդի ծառայություն եւ տաք կերակուրներ, ինչը ոչ բոլոր ինքնաթիռներում է առկա: Օդանավն ունի 5 մահճակալ, ըստ aviapages.com-ի՝ արբանյակային հեռախոսակապ:

Համաձայն ավիացիոն տեղեկատուների՝ օդանավի առաջին շահագործողը եղել է նույնպես ավստրիական «Jetalliance» ընկերությունը, որը, սակայն, 2013-ին դադարեցրել է իր թռիչքները: Հետո, փաստորեն, OE-ISN-ի շահագործող է դարձել «Avcon Jet»-ը, որը բիզնես ավիացիայի ոլորտում հայտնի ընկերություն է: Հիմնադրվել է 2007-ին, համաձայն Ավստրիայի ռեգիստրի տվյալների՝ սեփականատերերի թվում են գլխավոր տնօրեն Ալեքսանդր Վագակսը (Alexander Vagacs), գործադիր տնօրեն Մաքսիմիլիան Մարունան (Maximilian Maruna), սակայն հիմնական սեփականատերը ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ, ավստրիացի իրավաբան, տնտեսագետ Ռոման Շվայցերն է (Roman Schweitzer):

Այդուհանդերձ, այս ընկերության տերերի ով լինելը մեծ հաշվով էական չէ, քանի որ նրանց ընկերությունը միայն օդանավի շահագործողն է: Հայտնի է, որ նման ընկերությունները ոչ միայն իրենց սեփական ինքնաթիռներն են օգտագործում, այլեւ կառավարում եւ շահագործում են հայտնի հարուստների, օլիգարխների, պաշտոնյաների, խոշոր ձեռնարկությունների սեփական օդանավերը: Դիմելով նման սեփականատերերի՝ «Avcon Jet»-ն իր կայքում նշում է. «Ձեր մասնավոր օդանավը մեր գործն է: Այս փիլիսոփայությամբ մեր մասնագետները հոգ կտանեն Ձեր ինքնաթիռի մասին մանրակրկիտ ձեւով. տեխնիկական, շահագործական, իրավաբանական եւ ֆինանսական բոլոր ոլորտները կառավարվում են ամենաբարձր ստանդարտներով ու Ձեզ բացարձակ բավարարելով: Մենք երաշխավորում ենք, որ Ձեր մասնավոր օդանավը միշտ կլինի անթերի վիճակում՝ նրան հատկացնելով ամբողջ ուշադրությունն ու անհրաժեշտ սպասարկումը: Միաժամանակ մենք կարող ենք Ձեզ օգնել նվազեցնել օդանավի պահպանման ծախսերն այնպիսի լուծումների միջոցով, որոնք կհամապատասխանեն Ձեր պահանջներին: Ձեր օդանավի առկայությունը մեր չարտերային շարժակազմի մեջ կապահովի ֆինանսական մուտքեր, որոնց մասին, անշուշտ, եւս հոգ կտանենք»:  

Դատելով նրանից, որ «Avcon Jet»-ի կայքում ներկայացված ինքնաթիռները բազավորվում են Ավստրիայում, Գերմանիայում, Իտալիայում, Մեծ Բրիտանիայում, Պորտուգալիայում, եւ միայն OE-ISN-ն է կայանում Արեւելյան Եվրոպայում, կասկած առաջացավ, որ դրա սեփականատերն Ուկրաինայից է: Գաղտնիք չէ, որ տարբեր երկրների մեծահարուստներ, այդ թվում՝ ռուսաստանցի եւ ուկրաինացի օլիգարխները, իրենց ինքնաթիռներն ու ուղղաթիռները հաճախ գրանցում են այլ երկրներում (նրանցից մի քանիսի մասին կարող եք կարդալ այստեղ): Նրանց համար օդանավերի գրանցման «դրախտ» են օֆշորային գոտիները՝ Կարիբյան ավազանի Արուբա կղզին, Բերմուդները, Մալթան, Մեն կղզին, Լյուքսեմբուրգը, նաեւ Ավստրիան:     

Նախորդ տարի գրել էինք ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանի՝ Մալթայում որպես 9H-SSK գրանցված «Gulfstream G650» ինքնաթիռի մասին, որով այն ժամանակվա վարչապետ Կարեն Կարապետյանը թռել էր Դավոս, իսկ նախագահ Սերժ Սարգսյանը՝ Թեհրան:

Բիզնես դասի օդանավերի տերերին իդենտիֆիկացնելու ամենալավ ձեւերից մեկը տվյալ օդանավի գրանցմանն ուշադրություն դարձնելն է: Հայտնի է, որ մեծահարուստներն օդանավերն իրենց անուն-ազգանուն-հայրանվան սկզբնատառերով գրանցելու «թուլություն» ունեն: Օրինակ՝ Սամվել Կարապետյանի ինքնաթիռի գրանցման մեջ 9H-ն Մալթայի ազգային նիշն է, իսկ SSK-ն վերծանվում է որպես Samvel Sargis(ovich) Karapetyan:

Փաշինյանին տեղափոխած OE-ISN գրանցմամբ ինքնաթիռի պարագայում OE-ն Ավստրիայի ազգային նիշն է, ISN-ն՝ տրամաբանորեն սեփականատիրոջ անվան սկզբնատառերը (այդուհանդերձ, ոչ միշտ է, որ գրանցումն ու տիրոջ անունը համընկնում են իրար): Համացանցում փնտրելու արդյունքում պարզեցինք, որ ISN-ն իսկապես «G550»-ի տիրոջ անուն-ազգանուն-հայրանվան հապավումն է: Խոսքն ուկրաինացի քաղաքական գործիչ Նեստոր Իվանովիչ Շուֆրիչի (Nestor Ivanovych Shufrych) մասին է: 

Սերբական, հունգարական, ուկրաինական, ռուսական ու սլովակական արմատներ ունեցող 52-ամյա Նեստոր Շուֆրիչը, որը մասնագիտությամբ պատմաբան եւ տնտեսագետ է, մինչեւ քաղաքականություն մտնելը զբաղվել է բիզնեսով, պաշտոններ է զբաղեցրել տարբեր ձեռնարկություններում: Ըստ լուրերի՝ ներգրավված է եղել Արեւմտյան Ուկրաինայի էլեկտրակայաններին մազութ եւ ածուխ մատակարարելու, ինչպես նաեւ շինանյութերի արտահանման բիզնեսում:

1998-ին Շուֆրիչն առաջին անգամ ընտրվել է Գերագույն ռադայի պատգամավոր Ուկրաինայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից (ՍԴԿ): Պատգամավոր է եղել մինչեւ 2006 թ.: 2004-2005 թթ. նախագահական ընտրություններում եւ «նարնջագույն» հեղափոխության ժամանակ պաշտպանել է այն ժամանակվա գործող վարչապետ Վիկտոր Յանուկովիչին, որն ի վերջո պարտվեց ընդդիմադիր Վիկտոր Յուշչենկոյին:

2006-2007 թթ. Յուշչենկոյի կողմից վարչապետ նշանակված Յանուկովիչի կաբինետում Նեստոր Շուֆրիչը Ուկրաինայի արտակարգ իրավիճակների նախարարն էր, ինչից հետո Գերագույն ռադայի պատգամավոր է ընտրվել Յանուկովիչի «Ռեգիոնների կուսակցությունից», որի անդամ էր հասցրել դառնալ ՍԴԿ-ից դուրս գալուց հետո: Իսկ երբ 2010-ին Վ. Յանուկովիչն ընտրվել էր նախագահ, Շուֆրիչը վարչապետ Նիկոլայ Ազարովի կաբինետում նորից ԱԻ նախարար էր դարձել, բայց աշխատել էր 4 ամիս: 2012-2014 թթ. Շուֆրիչը կրկին պատգամավոր էր:

2014-ին՝ Յանուկովիչի պաշտոնանկությունից հետո, Շուֆրիչը հեռացել է «Ռեգիոնների կուսակցությունից» (վերջինս որոշել էր չմասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին) ու արդեն որպես «Ընդդիմադիր բլոկի» ներկայացուցիչ նորից ընտրվել պատգամավոր (վերընտրվել է 2019 թ. ընտրություններում): Ավելի ուշ Շուֆրիչը խոստովանել է, որ «Ընդդիմադիր բլոկը» մոտ 1 մլն դոլար է վճարել ամերիկացի քաղտեխնոլոգ Պոլ Մանաֆորտին (Paul Manafort), որպեսզի վերջինս օգնի իրենց մտնել խորհրդարան: «Մանաֆորտին վճարելն արդարացվեց: Նա հանճար է»,- ասել էր Շուֆրիչը: Պոլ Մանաֆորտը Ուկրաինայում երկար ժամանակ լոբբինգ է արել Վիկտոր Յանուկովիչի շահերը, նախկինում աշխատել է ԱՄՆ նախագահներ Ֆորդի, Ռեյգանի, Բուշ ավագի, Թրամփի նախընտրական թիմերում:  

Ըստ լուրերի՝ Նեստոր Շուֆրիչին է պատկանում բիզնես դասի եւս մեկ օդանավ՝ OE-HSN ավստրիական գրանցումով «Gulfstream G200»-ը, որի շահագործողն Ավստրիայի «MJet» ավիաընկերությունն է: Ինչ վերաբերում է OE-ISN-ին, ապա aviapages.com-ը նշում է, որ դրա վարձակալության համար անհրաժեշտ է սեփականատիրոջ համաձայնությունը, ինչը, եթե իրականություն է, նշանակում է, որ Նեստոր Շուֆրիչն նախապես իրազեկվել եւ համաձայնել է, որ իր օդանավը վարձով տրվի Հայաստանի վարչապետին: 

Մեկնաբանություններ (8)

Lilo
@preston Would you please give us some examples of that “most corrupt “ behavior? Maybe mansions in California or penthouses in London that we are not aware of? As for what he has done. Well, he has done a lot but the fact that he managed to stabilize Armenia’s surging public debt and avoid a default in a few years is enough for him to be proud.
Preston Bagrationi
That OK, he saved Armenia from oligarchs...ehhem, yet he himself has become one of the most corrupt, vengeful person in Armenia. Already people on the streets are calling him a liar, for doing absolutely NOTHING for the last year plus he has been in office, but take REVENGE on the former regime officials. Let us see how long he will be able to fool the people. Eventually he will be chased out of Armenia and into a cell in Moscow Russia.
Garabed Missaelian
And the point is?
Արման
Հետաքրքիրա որ պետական A319 CJ 1998թ․ -ի կարող է անցնել շուրջ 11 650 կմ(wikipedia,և airbus-ի տվյալների) իսկ Gulfstream G650 12 960 տարբերությունը 1310 կմ է որը բան չի փոխում և Gulfstream-ը ստիպված պետք է Լոնդոնում կանգներ լիցքավորման։Կառավարական ինքնաթիռնել կարող էր դա Լոնդոնում լիցքավորվելով հասնել Լոս Անջելես։Իսկ ինչու չեն օգտագործել ինքնաթիռը հնարավոր է ինքնաթիռի նորոգման գումարները վատնվել են և ինքնաթիռը չի նորոգվել ինչի պատճառով այն չէր կարող իրականացնել մեծ շառավղով թռիչք։Ինքնաթիռ վերանորոգելը և սպասարկելը թանկ հաճույք է և հնարավոր է որ մի կազմակերպություն վատնելով Յուրացնում է "Բորտ 1"-ի վերանորոգման գումարը։
Վախթանգ Սիրադեղյան
Իսկապես, հետաքննության ՕԳԳ-ն ավելի բարձր կլիներ, եթե համեմատվեր թիվ 1 «բորտով» և վարձակալվածով թռիչքների ծախսերի տարբերությունը:
Paruyr
The explanation by his spokesman fully makes sense. Hetq & co. are just not happy with Pashinyan's stance on mining and thus try to make a fuss out of stuff like these. Do you expect the PM of a country to take regular economy class flights from one state/destination to the other where he has scheduled meetings? Oh and the A319 Airbus owned by the Armenian gov't can't make it to the USA because it doesn't have the fuel range capacity to cross the Atlantic Ocean.
Lilo
Looks to me, after the revolution hetq journalists are desperately looking for some story to stay relevant. You don’t really expect the pm to fly economy class? The jet and its pictures show no luxury. It looks very normal. The Airbus owned by the Armenian government is far larger and probably more comfortable. The reason for renting this and not flying the Airbus is just technical. And who cares who is the owner? Most private jets are available for rent through different companies. And one more thing, flying the Armenian Airbus is not cheap either. Just because you own it doesn’t mean you don’t spend on fuel and maintenance.
Arthur
Good research, but it was purely business transaction as the owner of the aircraft was happy that his aircraft got leased through the Austrian company and was not sitting idle in Kiev airport.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter