
Առաջնային օժանդակություն ցուցաբերել Հայաստան հարկադիր վերադարձողներին. նոր նախագիծ
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է առաջնային օժանդակություն ցուցաբերել Հայաստան հարկադիր վերադարձողներին՝ նրանց լիարժեք և կայուն վերաինտեգրումն ապահովելու նպատակով։
Նման առաջարկություն է ներկայացրել նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նախատեսում է հարկարդիր վերադարձողներին ապահովել ժամանակավոր կացարանով, տրամադրել տեղեկատվական աջակցություն, առողջապահական խնդիրների լուծման նպատակով նրանց ուղղորդել, խոցելի խմբերի՝ իրենց կարիքներին համապատասխան աջակցություն տրամադրող հաստատություններում տեղավորվել։
Նախարարության հաշվարկներով՝ այս ծրագրի արժեքը կազմելու է մոտ 14 միլիոն դրամ և իրականացվելու է պետական բյուջեի գումարների հաշվին։ Գումարը ներառում է միայն ժամանակավոր կացարանի տրամադրման համար անհրաժեշտ միջոցները, քանի որ աջակցության մյուս տեսակների համար ֆինանսական միջոցներ չեն պահանջվում։
Նշենք, որ յուրաքանչյուր դիմումատուին տրամադրվող բնակարանի վարձի փոխհատուցման չափը կազմելու է 60,000 դրամ՝ վեց ամիս ժամկետով։
«Շատ կարևոր է հարկադիր վերադարձող ՀՀ քաղաքացիներին դիտարկել որպես հատուկ ուշադրության կարիք ունեցող թիրախային խումբ, ում պետք է տրամադրել վերաինտեգրման աջակցություն և հատկապես վերաինտեգրման նախնական փուլում, որպեսզի կանխվի նաև նրանց հետագա ռեէմիգրացիան՝ կրկնակի արտագաղթը Հայաստանից»,-նշել է նախարարությունը:
Գերատեսչությունը ընդգծել է, որ պետության կողմից դրամական միջոցների ներդրումը կարձանագրի նաև պետության շահագրգռվածությունը վերադարձած միգրանտների՝ հայրենիք վերադարձի խրախուսման և վերաինտեգրմանը։ Ըստ նախարարության՝ սա կարող է նաև կարևոր ազդակ լինել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը արագացնելու հարցում:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տվյալներով՝ այսօր, ավելի քան երբևէ, առկա է դեպի Հայաստան վերադարձի կայուն հոսք, և Հայաստանից արտագաղթած Հայաստանի քաղաքացիների վերադարձի հիմնախնդիրները մնում են խիստ արդիական։
«Չնայած մի շարք վերաինտեգրման ծրագրերի առկայությանը Հայաստանում, այնուամենայնիվ, վերադարձ(վ)ողների համար նախատեսված պետական օժանդակության որևէ ծրագիր այսօր դեռևս չի իրականացվում։ Մեծ հաշվով Հայաստանում ցուցաբերվող վերաինտեգրման աջակցությունը ԵՄ երկրներից կամավոր վերադարձի խրախուսման ծրագրերի մաս է և ձևակերպված չէ որպես հայաստանյան օրակարգից բխող հիմնահարց»,-նախագծում նշել է նախարարությունը։
Մեկնաբանել