HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ալեն Սիմոնյանը՝ Հրայր Թովմասյանին. «Սատանայի փաստաբանը լինելը Ձեր միակ կարգավիճակն է եղել»

Ազգային Ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը դատապարտում է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի բացակայությունը ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու ԱԺ որոշման նախագծի քննարկմանը։

Այս մասին իր ելույթում ասաց Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Հրայր Թովմասյանի հայտարարությանը։

«Ես՝ որպես խորհրդարանի փոխխոսնակ, շատ բացասական եմ գնահատում Հրայր Թովմասյանի՝ էստեղ ներկա չլինելը, և ՀՀԿ-ական պատգամավորի վերջին հայտարարությունը (նկատի ունի Հրայր Թովմասյանին, հեղ.), որտեղ այս ինստիտուտի նկատմամբ ինքը անհարգալից վերաբերմունք է դրսևորել՝ տարանջատելով ԲՀԿ-ն և դիմելով իրենց։ Նա փաստացի հերթական քաղաքական հայտարարությունն է արել, որն անընդունելի եմ համարում»,- ասաց Սիմոնյանը։

ԱԺ փոխխոսնակն անդրադարձավ ՍԴ նախագահի այն խոսքերին, որ ըստ իրեն այս պրոցեսը նպատակ ունի չեզոքացնել Սահմանադրական դատարանը։

«Պարոն Թովմասյան, Դուք Սահմանադրական դատարանը չեք, Դուք ընդամենը այդ դատարանի մեկ անդամ եք, մի վերագրեք Ձեզ ամբողջ դատարանի ֆուկցիան, մի փորձեք «հանցակից» սարքել ՍԴ մյուս դատավոր-անդամներին»,- ասաց Սիմոնյանը։

Ալեն Սիմոնյանը հիշեցրեց, որ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի փոփոխությունների հեղինակը հենց Հրայր Թովմասյանն է։

«Դուք եք գրել էդ օրենքը, Ձեր վրով գրել եք, որ դառնաք ՍԴ անդամ, գրել եք, որ Սերժ Սարգսյանը Ձեզ նշանակի»,- ասաց նա։

Վերջինս համոզմունք հայտնեց, որ ՍԴ գործող նախագահը հանրության շրջանում չունի վստահություն, և ներկայացրեց իր հիմնավորումները դրա վերաբերյալ։

«Չեք վայելում, որովհետև Սերժ Սարգսյանի համար գրել եք Ընտրական օրենսգիրք, որպեսզի ինքը կարողանա վերարտադրվել, հանրությունը Ձեզ չի վստահում ու չի վստահելու Ձեր որոշումներին։ Ձեր հարցազրույցում ասում եք՝ նա չկա, ով ինձ նշանակել է։ Այո, նա չկա, Ձեզ նա չի նշանակում, ԱԺ-ն է նշանակում, այո նա չկա, ու Դուք գնալու եք նրա հետևից։ Սատանայի փաստաբանը լինելը Ձեր միակ կարգավիճակն է եղել նախորդ իշխանության տարիներին, Դուք եղել եք նրա փաստաբանը, իր արածները և պրոյեկտները իրականացնելուն իրավական ձևակերպում տալու համար վարձահատույց է եղել Ձեզ հետ»,- ասաց ԱԺ փոխխոսնակը։

Հիշեցնենք, որ խորհրդարանում քննարկվում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու ԱԺ որոշման նախագիծը, որի հեղինակը «Իմ քայլը» խմբակցությունն է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter