HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորը մեկ ամիս հացադուլից հետո ինքնավնասում է կատարել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավոր Վահե Մելոյանն արդեն մեկ ամիս է՝ հացադուլ է անում, իսկ երեկ ինքնավնասում է կատարել։ «Երեկ կալանավայրից տեղեկացրին, որ Վահեն երակներն է կտրել, ձեռքին մի քանի տեղից կար են դրել»,- ասում է Վահեի կինը՝ Նվարդ Մելոյանը։

Կալանավորը պահանջում է վերացնել մեղադրանքը և իրեն ազատ արձակել։ Վահե Մելոյանի մոր՝ Վերա Մաթևոսյանի պնդմամբ՝ որդին կալանավորվել է մեկ անձի ցուցմունքի հիման վրա, որը հետագայում փոխվել է, քանի որ ցուցմունք տված անձը փորձել է «վրեժ լուծել» Վահեից։ Վահե Մելոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 175 հոդվածի 1,2,3,4 կետերով՝ ավազակություն կատարել համար։

Սեպտեմբերի 23-ի «Հետքի» հրապարակումից և ընտանիքի անդամների դիմումից հետո կալանավորին այցելել են ՄԻՊ գրասենյակից, սակայն այցից հետո էլ Մելոյանը չի դադարեցրել հացադուլը։ Նույն օրը հարազատներին տեղեկացրել են, որ Վահեն սկսել է ջրադուլ անել։

Վահե Մելոյանի տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների վրա արգելանք է դրված։ Վերա Մաթևոսյանն ասում է, որ եթե հնարավոր լիներ ինքը կամ Վահեի կինը տեսակցեին կալանավորին, ապա գուցե կարողանային համոզել դադարեցնել հացադուլը։

Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը «Հետքի» հետ զրույցում հաստատեց կալանավորի հացադուլի և ինքնավնասման մասին լուրը, նշեց, որ Վահե Մելոյանի վիճակն այս պահին նորմալ է, գտնվում է դինամիկ հսկողության տակ։ «Ինքնավնասում երեկ է կատարել, ապա տեղափոխվել «Վաղարշապատի» հիվանդանոց՝ ստանալով բուժօգնություն։ Հիմա գտնվում է ՔԿՀ-ի բժիշկների հսկողության ներքո»,- նշեց Նոնա Նավիկյանը։

Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետը տեղեկացրեց նաև, որ սեպտեմբերի 22-ից հետո կալանավորին պատկան մարմիններից որևէ մեկը չի այցելել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter