HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու գործով մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի

Փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու կասկածանքով մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: 

Ըստ Քննչական կոմիտեի, որի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում են ձեռնարկվել քննչական և դատավարական գործողություններ, մեղադրանք է առաջադրվել Զավեն Գրիգորյանին: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Ավելի վաղ ՔԿ-ն հայտնել էր, որ 2019թ. սեպտեմբերի 18-ին անգիտակից վիճակում, «գլխուղեղի աջ կիսագնդի միջին աստիճանի սալջարդ, աջ քունք-գագաթային, ճակատային բլթերի շրջանի սուբդորալ հեմատոմա՝ արտահայտված քունքտենտորյալ լատերալ դիսլոկացիայով» նախնական ախտորոշմամբ, հիվանդանոց էր տեղափոխվել ՀՀ ՊՆ զորամասի սպա Արա Մխիթարյանը և ենթարկվել է շտապ վիրահատության:

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ սպան մարմնական վնասվածքներն ստացել է 2019թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, պարզաբանումներ ստանալու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ:

Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից երկուսի ինքնությունը, ովքեր Եղեգնաձոր քաղաքի բնակիչներ են՝ եղբայրներ Հարություն և Զավեն Գրիգորյանները:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկին՝ Հարություն Գրիգորյանին, մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:

Մեղադրանք է առաջադրվել նաև Զավեն Գրիգորյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի  2-րդ մասի 6-րդ կետով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter