HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

9000 տնտեսվարող սպասում է ՀԴՄ-ի․ ՊԵԿ-ը միայն սահմանամերձ համայնքների համար ՀԴՄ ունի

Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ 9000 տնտեսվարող սպասում է հսկիչ-դրամարկղային մեքենայի (ՀԴՄ)։ Սակայն ՊԵԿ-ն այլևս ՀԴՄ չի գնում, ունեցած խմբաքանակն էլ նախատեսված է սահմանամերձ համայնքների համար։

Այն տնտեսվարողները, որոնք հերթից խուսափելու համար իրենց միջոցներով սարքը ներկրել են, չեն կարողանում այն ներդնել՝ ծրագրային ապահովման պատճառով։

Չինաստանից իր ներկրած ՀԴՄ-ի համար ծրագրային ապահովում չի կարողանում ստանալ Իջևանի բնակիչ Դավիթ Կարապետյանը։ Նա «Հետք»-ին պատմեց, որ Կառավարության՝ ՀԴՄ-ների շուկան ազատականացնելուց հետո որոշել է սարք ներկրել։ Չինաստանից մոտ մեկ ամիս առաջ գնել է «PAX S900» մոդելի ՀԴՄ։ Սարքի համար վճարել է 80 դոլար։ Սակայն մինչ օրս չի կարողանում գործարկել ՀԴՄ-ն, քանի որ որևէ ընկերության կամ Պետական եկամուտների կոմիտեի միջոցով չի կարողանում ծրագիր ներդնել սարքում։

ՀԴՄ-ն ստանալուց հետո Դավիթը դիմել է Իջևանի ՊԵԿ բաժին, որպեսզի գրանցեն սարքը, բայց քանի որ այն հայաֆիկացված չի եղել, նրան ասել են գնալ ՀԴՄ-ների ներդրման գրասենյակ։ Գրասենյակը ՀԴՄ-ն հայաֆիկացնելու համար Դավիթին ուղղորդել է սպասարկման ընկերություններ։ Սակայն նրան այնտեղ տեղեկացրել են, որ իրենք ծրագիր են տեղադրում արդեն իսկ գործարկված ՀԴՄ-ում։

«Հայաֆիկացման համար ինձ ասում են՝ ծրագրավորող վարձեք։ Եթե ես բերել եմ նույն մոդելը (ի նկատի ունի «PAX S900» մոդելը-հեղ․), ծրագիր արդեն կա գրված, սարքերի մեջ կարողանում են գցել, խնդիրը ո՞րն է, որ ես նորից պետք է ծրագրավորող վարձեմ, 9 000-10 000 դոլար ծախսեմ, առանձին իմ համար ծրագիր գրեն, հա՞»,- նշեց տնտեսվարողը։

Դավիթ Կարապետյանը գրությամբ դիմել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին՝ խնդրելով ներկրած ՀԴՄ-ն ապահովել հայաֆիկացված ծրագրով։ Սակայն ՊԵԿ նախագահը նրան ևս ուղղորդել է ՀԴՄ-ների սպասարկմամբ զբաղվող ընկերություն։

Պետական եկամուտների կոմիտեն «Հետքին» պարզաբանել է, որ հսկիչ-դրամարկղային մեքենաների հայաֆիկացումը ծրագրային ապահովման մաս է, որը պետք է իրականացնի այն մասնավոր ընկերությունը, որը ներկրել է սարքը։ Սակայն այժմ չկա ընկերություն, որն ունի ծրագրային ապահովման թույլտվություն։ Երկու ընկերություն ծրագրային ապահովում է մշակում, որը դեռևս վերջնական փուլում չէ։

Անկախնիկ գործարքներ՝ ՀԴՄ-ների բացը լրացնելու համար 

9000 տնտեսվարող Պետական եկամուտների կոմիտեից սպասում է հսկիչ-դրամարկղային մեքենայի։

Նրանց շարքում է նաև Դավիթ Մզիկյանը։ Տնտեսվարողը որոշել է ՊԵԿ-ի միջոցով գնել ՀԴՄ, քանի որ չի կարողացել այլ ճանապարհով, խելամիտ արժեքով սարք գնել։ 

Դավիթը ՀԴՄ գնելու համար ուսումնասիրել է ապրանքների վաճառքով զբաղվող www.list-am կայքը և պարզել, որ սարքերի արժեքը սկսվում է 200-250 հազար, իսկ վարձակալության արժեքը՝ 15-20 հազար դրամից։

Դավիթը Չինաստանից հուլիսին է տեղափոխվել Հայաստան՝ բիզնես հիմնելու նպատակով։ Մոտ մեկ ամիս առաջ հիմնել է «Lingostar» լեզվի կենտրոնը, որտեղ երեխաների համար անգլերեն լեզվի ուսուցման դասեր են անցկացվում: «Վրաստանում բիզնես ունենք, երկու-երեք օրվա ընթացքում ՀԴՄ ենք ձեռք բերել։ Ու ինձ որ ասում էին՝ էստեղ խնդիր կա, մարդիկ ամիսներով սպասում են, մտածում էի՝ լավ չեն հարցնում կամ լավ չեն դիմում։ Բայց երկու ամիս առաջ, երբ բացեցինք կենտրոնը, կես ամիս առաջ էլ գործը սկսեցինք, պարզվեց՝ իրոք խնդիր կա»,- «Հետքի» հետ զրույցում նշեց Դավիթը։

Խնդրին ծանոթանալու և լուծման տարբերակներ գտնելու համար Դավիթը գնացել է Պետական եկամուտների կոմիտե, որտեղից նրան ուղղորդել են «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ»։ Հեռախոսազանգով Դավիթը պարզել է, որ գրասենյակում ՀԴՄ չկա, եւ տնտեսվարողը պետք է հերթագրվի։ Սարք ձեռք բերելու համար Դավիթը հերթագրվել է, նախնական 10 000 դրամ վճարումը կատարել։

Գործունեությունն անհայտ ժամանակով չդադարեցնելու համար Դավիթը որոշել է գործարքներն անել կամ բանկային փոխանցումների, կամ տերմինալային վճարումների միջոցով։ Սակայն, ըստ նրա, սա անհարմարություն է առաջացնում հաճախորդների համար։ «Այսինքն՝ մեր հաճախորդները, ովքեր գալիս են, ուզում են վճարել, երեխային վերցնել, ստիպում ենք, որ գնան տերմինալով վճարեն։ Ստիպված նրանց անհարմարություն ենք պատճառում»,- նշեց նա։

ՊԵԿ-ում Դավիթին զգուշացրել են, որ կտուգանեն առանց ՀԴՄ կտրոնի գործարք անելու համար: Նա սա համարում է անօրինական որոշում՝ ընդգծելով, որ պետական մարմինը լուծում չի առաջարկում։

Պետական եկամուտների կոմիտեի հաղորդմամբ՝ մի քանի ընկերություններ ցանկություն են հայտնել ՀԴՄ ներկրել Հայաստան, սակայն նրանք ՊԵԿ-ի հետ գաղտնիության չբացահայտման համաձայնագիր ունեն, որի շրջանակներում իրականացվում է սարքերի ծրագրային ապահովման ամբողջական փաթեթի մշակում և իրականացում։

Մեկնաբանություններ (1)

Гарик
Если нет касовые апарати где купить это нарочно делают что все закрили магазини

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter