
Խորհրդարանն ընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու ԱԺ որոշման նախագիծը
Խորհրդարանը 98 կողմ 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու` ԱԺ որոշման նախագիծը։ Քվեարկության արդյունքը ներկայացրեց ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։ Քվեարկությանը 132 պատգամավորներից մասնակցել է 101-ը, երկու քվեաթերթիկ համարվել է անվավեր։
Հիշեցնենք, որ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ քվեարկությունն ընթացավ փակ-գաղտնի ընթացակարգով։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները, ինչպես և հայտարարել էր խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, քվեարկությանը չմասնակցեցին։
Ընդգծենք, սակայն, որ այս քվեարկությամբ Հրայր Թովմասյանի լիազորությունները չեն դադարեցվում, պարզապես բարձր դատարանը 30 օրվա ընթացքում պետք է վարույթ ընդունի ԱԺ ընդունած փաստաթուղթը և որոշում կայացնի դրա առնչությամբ:
Ըստ «Իմ քայլի»՝ Հրայր Թովմասյանը ՍԴ-ում Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության ընթացքում էական կարգապահական խախտումներ է թույլ տվել։ Այն է` առերևույթ կանխակալ վերաբերմունք է դրսևորել, քանի որ Քոչարյանի պաշտպանական թիմի փաստաբան Արամ Օրբելյանի կնքահայրն է, որի մասին Թովմասյանը չի բարձրաձայնել` վարույթից իր հեռացվելու հարցը քննարկման առարկա չդարձնելու համար։
Քաղաքական մեծամասնության որոշման տեքստում նշվում է նաև, որ Թովմասյանը ՀՀԿ-ի իշխանության տարիներին տարբեր բարձր պաշտոններ է զբաղեցրել, իսկ այդ ուժն իր աջակցությունն է հայտնել Քոչարյանին։
Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանը ՍԴ անդամ է ընտրվել 2018 թվականի մարտի 2-ին՝ 64 կողմ, 27 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Նրա թեկնածությունն առաջադրել էր խորհրդարանի նախկին խոսնակ Արա Բաբլոյանը։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել