HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Արարատ Միրզոյան. «Ես պնդում եմ, որ Հրայր Թովմասյանն ունի ներքաղաքական կուսակցական մոտիվացիա»

Խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանն այն համոզմունքին է, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը պարբերաբար իր գործողություններում քաղաքական դիրքորոշում է հայտնում։

«Ես պնդում եմ, որ Հրայր Թովմասյանն ունի ներքաղաքական կուսակցական մոտիվացիա. նա արդար դատական համակարգի տեսանկյունից հանդես չի գալիս»,- լրագրողների հետ զրույցում ասաց Միրզոյանը։

Հիշեցնենք, որ քիչ առաջ խորհրդարանը փակ-գաղտնի քվեարկությամբ ընդունեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու՝ ԱԺ որոշման նախագիծը։ ՍԴ-ն էլ պետք է որոշի, թե որքանով է հիմնավոր «Իմ քայլի» նախագիծը, և արդյոք Թովմասյանն էական կարգապահական խախտում է թույլ տվել։

«Թե ինչպիսի հանգուցալուծում կլինի՝ կախված է Սահմանադրական դատարանից, հարցն ուղարկում ենք ՍԴ, այն արդեն ՍԴ-ի տիրույթում է»,- ասաց ԱԺ խոսնակը։

Միրզոյանի գնահատմամբ՝ նախկին ՀՀԿ-ական գործիչ Հրայր Թովմասյանի՝ որպես ՍԴ նախագահ գործողություններում շատ հստակ քաղաքական դիրքորոշման և քաղաքական մոտիվացիայի տարրեր կան։

«Եվ այդ շարժառիթներն իրենց արտացոլումն են ստանում այն դրվագներում, որոնցում հիմնավորվում է ԱԺ որոշման նախագիծը»,- մանրամասնեց Արարատ Միրզոյանը։

ԱԺ խոսնակն անդրադարձավ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի՝ «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հնչած այն մեղադրանքին, թե իշխող քաղաքական ուժը պարզապես փորձում է չեզոքացնել ՍԴ-ն։

«Իշխող քաղաքական ուժը որևէ մտադրություն չունի և երբեք չի ունեցել էսպես կոչված իր համար ենթադրյալ անցանկալի մարդկանց հեռացնել դատական համակարգից։ Մենք միշտ հանդես ենք եկել օբյեկտիվ, անաչառ դատական համակարգ ունենալու օգտին, մեր մոտիվացիան միշտ դա է եղել»,- նշեց Միրզոյանը։

Միրզոյանը նաև հավելեց, որ խորհրդարանը չի կարող որոշել՝ ՍԴ նախագահը կարգապահական խախտում թույլ է տվել, թե ոչ, պարզապես ունեն կասկած, ինչի համար էլ այդ նախագծով դիմում են ՍԴ։

«Թող ՍԴ-ն որոշի»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է իշխանության ընդդիմախոսների պնդմանը, թե ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը ևս հստակ քաղաքական դիրքորոշում ունի, Միրզոյանն ասաց, որ խոսքն այն մասին չէ, որ ՍԴ դատավորը կամ անդամը նախկինում չէր կարող լինել կուսակցական կամ քաղաքական գործունեություն ծավալել, խնդիրն այն է, որ ՍԴ անդամը կամ դատավորը չի կարող քաղաքական դիրքորոշում ունենալ նման կարևոր հարցերի շուրջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter