HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

34 մլն դրամի գնումներ՝ Գեղարքունիքի մարզպետարանի վարչության պետի եղբոր ՍՊԸ-ից

Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Զազյանի եղբոր ընկերությունը մարզի դպրոցներին տարիներ շարունակ միլիոնավոր դրամների գրենական պիտույքներ է մատակարարում։

«Բայազետ 96» ՍՊ ընկերությունը Գեղարքունիքի մարզի դպրոցներին մատակարարում է գրենական պիտույքներ՝ մատյաններից սկսած։ Դրանց ծավալը հստակեցնելու համար գրավոր հարցում ուղարկեցինք մարզպետարան։ Պատասխան նամակով ստացանք 2017-ից 2019 թվականներին կնքված բոլոր պայմանագրերը։ Քանակը մեծ է, այդ իսկ պատճառով առանձին-առանձին չենք նշի պայմանագրերի գներն ու մատակարարված ապրանքների բնութագրերը։ Նշենք, որ «Բայազետ 96» ՍՊԸ-ն գրենական պիտույքներ է մատակարարել և մատակարարում Գավառի, Մարտունիի, Սևանի, Վանևանի, Լիճքի և մեկ տասնյակից ավելի այլ բնակավայրերի դպրոցներին։ Երեք տարվա պայմանագրերի գների հանրագումարը 34 միլիոն դրամ է։

«Բայազետ 96» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1996 թվականին։ Ընկերության 100 % բաժնետոմսերը մի քանի անձանց փոխանցվելուց հետո 2011 թվականին անցել են Վարդգես Զազյանի տնօրինման տակ։ Նույն տարում Զազյանը դարձել է ընկերության տնօրեն և շարունակում է ղեկավարել ՍՊԸ-ն մինչ օրս։ Վարդգես Զազյանը Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Զազյանի եղբայրն է։

Կարեն Զազյանը «Հետք»-ի հետ զրույցում հաստատեց, որ Վարդգես Զազյանն իր եղբայրն է, բայց վստահեցրեց, որ ինքը չի միջամտել գնումների գործընթացին, քանի որ մինչև վարչության պետի պաշտոնը զբաղեցնելը, եղբայրը մասնակցել է գնումներին, իսկ ինքը այդ պաշտոնում նշանակվել է 2018 թ.-ին։

«Մինչև վարչության պետի պաշտոնում նշանակվելն, այո՛, իմ եղբայրը ունեցել է խանութ, որտեղ աշխատել են նաև իմ ծնողները։ Այնպես չի, որ ես դարձել եմ վարչության պետ, նոր գործել է խանութը։ Մթերային և գրենական պիտույքների խանութից գնումներ են անում և՛ դպրոցները, և՛ քաղաքացիները»,- ասաց Կարեն Զազյանը։ Նրա խոսքով, դպրոցների փաստաթղթերում կան նաև աշակերտների անձնական գործեր, որոնք, նախարարի հրամանով, համարվում են դպրոցի փաստաթուղթ։ Այդ փաստաթղթերի համար աշակերտների ծնողներից գումար հավաքելուց զերծ մնալու նպատակով որոշել են, այդ գործերի համար նախատեսված գրենական պիտույքները և ոչ միայն, գնել դպրոցների հաշվին, որն էլ մատակարարել է «Բայազետ 96» ՍՊԸ-ն։

«Որևէ պարտադրանք, որևէ առաջարկություն, հանձնարարական մեր կողմից չի եղել։ Դպրոցներն, ըստ ցանկության, գրենական պիտույքներ կարող են ձեռք բերել տարբեր խանութներից, որպեսզի այդ փաստաթղթերն ապահովեն»,- նշեց Կարեն Զազյանը։

 

Լուսանկարում՝ Կարեն Զազյանն է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter