HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Սեպտեմբերին գրանցվել է 0.5% գնաճ. որ ապրանքներն են թանկացել կամ էժանացել

Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը՝ 2019 թվականի սեպտեմբերին 2018 թվականի սեպտեմբերի նկատմամբ, կազմել է 0.5 %։ Ինչպես տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեից (ՀՀ ՎԿ), մի շարք ապրանքախմբերում գրանցվել է գնանկում, հիմնականում ՝ սննդամթերքի շուկայում։ Դրա հետ մեկտեղ, թանկացել են ծառայություններն ու ոչ պարենային ապրանքները։

Սննդամթերքն էժանացել է 1.4 %-ով

Մասնավորապես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի շուկայում սեպտեմբերին գրանցվել է  1.4 % գնանկում։ Օրինակ, բանջարեղենն այս տարվա սեպտեմբերին, 2018թ. սեպտեմբերի համեմատ, էժանացել է 4 %-ով, միրգը՝  1.9 %-ով, մսամթերքը՝ 1.2 %-ով, ձուկը և ծովամթերքը՝ 2.9 %-ով, շաքարավազը՝ 1.7 %-ով, կաթնամթերքը, պանիրն ու ձուն՝ 1.7 %-ով և այլն։

Ոչ պարենային ապրանքները թանկացել են 2.4 %-ով

Ոչ պարենային ապրանքների շուկայում 2019թ. սեպտեմբերին, 2018թ. սեպտեմբերի համեմատ, գրանցվել է 2.4 % գնաճ։ Թանկացել է կենցաղային տեխնիկան, կենցաղային տարբեր իրեր, դեղերը, կահույքը և այլն։

Վերջերս շատ է քննարկվում բենզինի գնանկումը. Վիճկոմիտեն դա նույնպես արձանագրել է։ Բենզինի և դիզելային վառելիքի գներն այս տարվա սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել են համապատասխանաբար 6.0 % և 5.7 %-ով, իսկ 2018թ. դեկտեմբերի համեմատ՝ 3.3 % և 3.4-ով: 

Ծառայությունները թանկացել են 1.1 %-ով

Հայաստանում մատուցված ծառայությունների ոլորտում 2019թ. սեպտեմբերին 2018թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է սակագների 1.1 % գնաճ։ Մասնավորապես, ռեստորանների և հյուրանոցների ծառայությունները թանկացել են 1.6 %-ով, կրթության ոլորտի ծառայությունները՝ 3.7 %-ով, առողջապահությանը՝ 1.4 %-ով և այլն։

Վիճկոմիտեն գնային փոփոխությունները ներկայացնում է նաև ի համեմատ օգոստոսի։ Սակայն, հաշվի առնելով, որ սպառողական շուկային հատուկ է սեզոնայնությունը, գների իրական փոփոխությունները հասկանալու համար հարկավոր է նշված ամիսը համեմատել նախորդ տարվա նույն ամսվա հետ, կամ նշված ժամանակահատվածը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ։

Տարեսկզբից՝ 2019 թվականի հունվար-սեպտեմբերին, սպառողական գները Հայաստանում բարձրացել են 1.6 %-ով՝  2018 թվականի հունվար-սեպտեմբերի համեմատ։

Ներքևում գտնվող ինֆոգրաֆիկայում կարող եք տեսնել սեպտեմբերին արձանագրված գների փոփոխությունները նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ ըստ ապրանքախմբերի, ինչպես նաև՝ 9 ամիսների (հունվար-սեպտեմբեր) համեմատությունը նախորդ տարվա նույն ամիսների հետ։

Նշենք, ոչ Հայաստանի կենտրոնական բանկը որպես 12-ամսյա գնաճի թույլատրելի միջակայք է ընտրել 4 +/-1.5 %-ը: Այսինքն՝ եթե 12-ամսյա գնաճը 2.5-5.5 %-ի սահմաններում չէ, նշանակում է Կենտրոնական բանկը պետք է քայլեր ձեռնարկի դրամավարկային քաղաքականության հարցում։ Այս տարի գնաճը բավականին ցածր մակարդակում է։ Ինչպես տեսնում ենք, սեպտեմբերի 0.5 % գնաճը ևս չի տեղավորվում ԿԲ-ի նախանշած միջակայքում։ Ու չնայած սպառողի տեսնակյունից ցածր գնաճը ողջունելի է, սակայն տնտեսագետների մի խումբ կարծում է, որ այն խոսում է տնտեսության խնդիրների մասին, մասնավորապես՝ սպառման ցածր մակարդակի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter