HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մանե Գևորգյան

Արհեստական բանականության ստեղծած հայկական երաժշտություն WCIT 2019-ի բացմանը

Հոկտեմբերի 6-9-ը Երևանում տեղի կունենա «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը։ Բացման օրը Հանրապետության հրապարակում  ելույթ կունենա WCIT նվագախումբը, որը նաեւ կկատարի արհեստական բանականության հիման վրա ստեղծված երաժշտություն։ Նախաձեռնության հեղինակը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն է։ WCIT համաշխարհային նվագախումբը բաղկացած է 14 երկրներ ներկայացնող 75 արտասահմանցի և 30 հայ երաժիշտներից: 

Քանի որ համաժողովի ընթացքում շատ են լինելու արհեստական բանականությանը նվիրված ելույթներն ու քննարկումները, որոշել են բացումն ազդարարել նոր մոտեցմամբ՝ մշակույթն ու արհեստական բանականությունը համատեղել ու ստեղծել նոր փորձառություն ներկաների համար։ 

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանի խոսքով՝ առաջին անգամ նվագախումբը բեմում կկատարի արհեստական բանականության կողմից ստեղծված երաժշտությունը: Երաժիշտները նախապես ծանոթ չեն լինելու ներկայացվող նյութին՝ տեղում պլանշետների միջոցով կստանան նոտաներն ու կկատարեն նոր երաժշտություն։ 

Նախաձեռնության շրջանակում տվյալագետներն ավելի քան ութ ամիս աշխատել են երաժիշտերի, հատկապես կոմպոզիտորների հետ ու աշխարհում առաջին անգամ արհեստական բանականությանը սովորեցրել հայկական շարականներ ու ստացել ամբողջովին հայկական երաժշտություն։ 

Տվյալագետներ Զավեն Նավոյանն ու Գեւորգ Մինասյանը նշում են, որ հետաքրքիր փորձառություն էր առաջին անգամ աշխատել երաժիշտների հետ, որոնք նախապես չէին պատկերացնում, թե ինչ արդյունք են ստանալու։ Բոլորը մոտիվացված ու մեծ էներգիայով են աշխատել։ Օգտագործել են խորը ուսուցման ալգորիթմները, որոնք սովորել են հայկական շարականներն ու ստեղծել նոր երաժշտություն։ 

Արհեստական բանականության հիման վրա ստեղծվել է նաեւ համաժողովի սեփական օրհներգը` 15 երկրի օրհներգերի սիմբիոզը։

Տեսանյութը` Սարո Բաղդասարյանի

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter