HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Չորրորդ անգամ գողություն կատարելու մեջ մեղադրվող Հասմիկ Սարգսյանը չընդունեց մեղադրանքը, նշեց, որ հետազոտված լազերային սկավառակներում իր պատկերը չէ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, այսօր սկսվեց Սիսիանի բնակիչ Հասմիկ Սարգսյանի գործի քննությունն, ով նախկինում երեք անգամ մեղավոր է ճանաչվել գողություն կատարելու մեջ: Սարգսյանը դատարանին հայտնեց, որ այս պահին խնամքի տակ երկու անչափահաս երեխա ունի, որոնցից մեկը մինչև 14 տարեկան: Սարգսյանն ասաց, որ այս պահին  ամուսնալուծված է,  չի աշխատում, քանի որ վերջերս վիրահատվել է, ի վիճակի չէ աշխատելու: Պատասխանելով դատարանի հարցին՝  հաշմանդամության կարգ ունի, թե՞ ոչ, ամբաստանյալը պատասխանեց, որ չունի, բայց այնպիսի վիրահատություն է տարել, որ պատրաստվում է ունենալ: Սարգսյանը հայտնեց նաև, որ նախկինում դատավածություն ունի, ինչպես նաև պատժի չկրած մաս՝ երկու տարի փորձաշրջան:

Նշենք, որ վճռաբեկ դատարանը  Սարգսյանին 5 տարի, 6 ամիս ժամկետով ազատազրկելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի դատական ակտով  սահմանված պատիժը մեղմացրել ու Սարգսյանի նկատմամբ երկու տարի ժամկետով փորձաշրջան է նշանակել: Այս ժամկետը դեռևս չի ավարտվել:

 Սարգսյանն, ըստ մեղադրանքի,  2018 թվականի  հունիսի 28-ին ժամը 13:00-ից մինչև 18:00-ն ընկած ժամանակահատվածում մուտք է գործել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ,  կոտրել ընդունարան բաժանմունքի 5-րդ աշխատասենյակում առկա պահեստարան հանդիսացող պահարանի դուռը և ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիավորությամբ, այնտեղից գաղտնի հափշտակել  ավագ բուժքույր Սիրանուշ Գասեսյանին պատկանող 7.500 դրամ արժողությամբ դրամապանակը, որի մեջ եղել է վերջինիս «ՎՏԲ Հայաստան» բանկի, «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի բանկային քարտերը իրենց ծածկագրերով և 500 դրամ գումար` Գասեսյանին պատճառելով զգալի չափերի գույքային վնաս: Մեղադրանքի մյուս դրվագը վերաբերում է Գասեսյանի նակային քարտից գումար հանելուն: Ըստ մեղադրանքի` նույն օրը՝ հունիսի 28-ին,  ժամը 17:54-ին Սարգսյանը, քաղաքացի Արա Անտոնյանին գցելով բարեխիղճ մոլորության մեջ, պարզաբանելով, որ ինքը չի կարողանում օգտվել բանկոմատից` վերջինիս միջոցով կանխիկացրել է 60 հազար դրամ գումար: Ըստ քրեական գործի` գումարը կանխիկացվել է Երևանի Չարենցի 8 հասցեում տեղակայված «Արարատ» ՓԲԸ-ի բանկոմատով՝ «ՎՏԲ» բանկի քարտից:

Դատարանը Սարգսյանին պարզաբանեց, որ իրեն վերագրվում են միջին ծանրության արարքներ, ինչպես նաև տեղեկացրեց, որ  ենթադրյալ արարքում նրան մեղավոր ճանաչելու դեպքում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ առկա է հանցանքի  ռեցիդիվ, նրա նկատմամբ ազատազրկման տեսքով պատիժ պետք է նշանակվի, քանի որ տվյալ դեպքում այլ պատիժ նշանակվել չի կարող: Դատարանը պարզաբանեց նաև, որ Հասմիկ Սարգսյանն իրավունք ունի հարցերին չպատասխանելու:

Սարգսյանը հայտնեց, որ մեղսագրվող արարքներում իրեն մեղավոր չի ճանաչում:

Դատարանում այսօր ցուցմունք տվեց տուժող Սիրանուշ Գասեսյանը: Վերջինս հայտնեց, որ Հասմիկ Սարգսյանին առաջին անգամ է տեսնում: Գասեսյանը նշեց, որ դրամապանակը կորցնելու օրը՝ 2018 թվականի հունիսի 28-ին, ժամը 13:00-ի սահմաններում դուրս է եկել խանութ, ապա վերադառնալով` դրամապանակը դրել պայուսակի մեջ ու պայուսակը դրել իր զգեստապահարանում, որը բանալիով փակած է եղել: Դրանից հետո, ըստ Սիրանուշ Գասեսյանի, ինքը 17:50-ի սահմաններում մոտեցել է զգեստապահարանին, որպեսզի  զգեստափոխվի և տեսել է, որ պահարանի դուռը բաց է, ըստ որում՝ առանց բանալիի: Գասեսյանը տեսել է, որ պայուսակի պարունակություն  կիսով չափ թափված է, և դրանում բացակայում է դրամապանակը: Հոսպիտալի աշխատակիցներից մեկի հորդորով զանգահարել է բանկ, որպեսզի քարտի հաշվեհամարը սառեցվի: Պարզվել է, որ Գասեսյանի հաշվից արդեն հանվել է 62 հզ. դրամ գումար: Տուժողի խոսքով՝ դրանից հետո հաշիվը սառեցվել է, ու բանկից իրեն հայտնել են, որ հաշվի արգելափակումից հետո նորից փորձել են գումար հանել, ինչը չի ստացվել: Ինչ վերաբերում է երկրորդ քարտին, դրա մեջ, ըստ Գասեսյանի, գումար չի եղել:

Մեղադրող դատախազ Էդգար Շահումյանի հարցին ի պատասխան տուժողը նշեց, որ  սովորաբար աշխատասենյակից դուրս գալիս կողպել է իր աշխատասենյակի դուռը, բայց հունիսի 28-ին մի քանի անգամ մեկ րոպեով աշխատասենյակից դուրս է եկել մտել կողքի աշխատասենյակ, գիրք վերցրել, վերադարձել: Հասմիկ Սարգսյանի պաշտպանի հարցին՝ եթե այդ ընթացքում ինչ- որ մեկը մտներ աշխատասենյակ ու փորձեր պահարանի դուռը բացել, փական կոտրել, այդ աղմուկն իրեն լսելի կլինե՞ր, Գասեսյանը պատասխանեց, որ լսելի չէր լինի, քանի որ վերևում վերանորոգման աշխատանքներ էին ու աղմուկը թույլ չէր տա լսել իր սենյակից եկող ձայնը: Տուժողը նշեց նաև, որ իր աշխատասենյակն այն սենյակից որտեղ ինքը գնացել է, շուրջ 2 մետր հեռավորության վրա էր:

Հարցին՝ քարտի վրա արգելք կա՞ր, որ 62 հզ. դրամից ավելի գումար չկարողանային հանել, Գասեսյանը նշեց, որ չկար նման արգելք, և իր համար նույնպես հարց է, թե ինչպես է ստացվել, որ քարտի ամբողջ գումարը միանգամից չեն կանխիկացրել:

Գասեսյանը, պատասխանելով ամբաստանյալ Սարգսյանի պաշտպան Լուսինե Ասլանյանի հարցին, ասաց, որ այն քաղաքացիները, որոնք հոսպիտալ են գնում բուժման կամ հետազոտման նպատակով, պարտադիր պետք է գրանցվեն ընդունարանում: Ինչ վերաբերում է այլ նպատակով հոսպիտալ եկող անձանց գրանցվելուն, Գասեսյանն ասաց, որ չի կարող հստակ ասել՝ նրանք գրանցվում են, թե ոչ: Ավելի ուշ, պատասխանելով դատախազի հարցին՝ տուժողը նշեց, որ, օրինակ, կոնսուլտացիայի համար հոսպիտալ եկած քաղաքացիները կարող են և առանց գրանցվելու մոտենալ բժշկին:

Տուժողը նշեց նաև, որ ժամանակին իրենց հոսպիտալում եղել են տեսանկարահանող սարքեր, բայց դեպքի պահին դրանք չեն եղել, քանի որ հոսպիտալում վերանորոգման աշխատանքներ էին:

Լուսինե Ասլանյանը հարց ուղղեց,  թե անծանոթ մարդն իր հետ չի աշխատում, կարո՞ղ է իմանալ, որ նրա սենյակում կա զգեստապահարան, դրա մեջ՝ պայուսակ, ինչին ի պատասխան տուժողը նշեց, որ անծանոթ անձը  չէր կարող իմանալ այդ ամենը:

Այսօրվա դատական նիստի ընթացքում հետազոտվեցին նաև գործում առկա իրեղեն ապացույցները, փաստաթղթերը, բանկոմատի դիմաց տեղի ունեցող իրադարձությունները պատկերող լազերային սկավառակները:

Գործում երկու լազերային սկավառակ կա՝ արված տարբեր ռակուրսներից: Դրացից մեկում երևում է, որ ինչ- որ մեկը մոտենում է բանկոմատին, դրա մեջ քարտ տեղադրում, բայց գումարի ստացման պահ չի ֆիքսվում: Չի ֆիքսվում նաև քաղաքացու դեմքը, երևում են միայն ձեռքերն ու ոտքերը: Երևում է, որ քաղաքացին միայնակ է: Հետո բանկոմատին մոտենում է երկու քաղաքացի, նրանցից մեկը փորձում քարտը մտցնել բանկոմատի մեջ, բայց նորից գումար ստանալու պահը չի ֆիքսվում: Ապա այդ քաղաքացին նորից է գալիս բանկոմատի մոտ ու փորձում գումար կանխիկացնել, այս անգամ ֆիքսվում է գումար ստանալու պահը, կանխիկացված գումարը, քարտն ու քաղվածքը մյուս քաղաքացուն տալով՝ նա հեռանում է: Մյուս տեսանյութում առկա են քաղաքացիների դիմային տվյալները: Այս տեսանյութում տեսանելի չէ՝ քարտը կինն է տալիս տղամարդուն, թե ոչ: Նշենք, որ երբ դատարանն ուսումնասիրում էր լազերային սկավառակի տեսանյութը, որում երևում էր բանկոմատի մոտ գտնվող կինը, Հասմիկ Սարգսյանին առաջարկեց մոտենալ ու նայել, վերջինս, սակայն, հրաժարվեց՝ նշելով, թե ինքն այս տեսանյութը բազմիցս դիտել է: Տեսանյութում երևացող կինը Հասմիկ Սարգսյանին նման էր:

«Հասմիկ, ինչ էլ նման է ձեզ»,- Սարգսյանին դիմելով՝ ասաց դատավոր Մնացական Մարտիրոսյանը:

«Նման է, դրա համար էլ մեղադրանք են առաջադրել»,-արձագանքեց Սարգսյանի պաշտպան Լուսինե Ասլանյանը:

Սարգսյանն էլ հավելեց, որ հենց այդ նմանությունը հաշվի առնելով իրեն ասել են, որ ընդունի մեղքը: Ամբաստանյալը նշեց, որ եթե ինքը նման բաներ աներ, երևի ավելի շատ «մեջքին կանգնողներ կլինեին», ապա շարունակելով՝ ասաց, թե հիմա էլ իրեն օգնողներ կան:

Նշենք, որ այս գործով տրվել է փորձագետի եզրակացություն, այն մասին, որ վերը նշված տեսաֆայլերում  արական սեռի ներկայացուցչի դիմապատկերները պիտանի են նույնականացման, իսկ իգական սեռի ներկայացուցչի դիմապատկերները նույնականացման ուղղված հետազոտման համար պիտանի չեն անձն անհատականացնող հատկանիշների անբավարարության պատճառով:

Գործում առկա է նաև տվյալ այն մասին, որ ամբաստանյալ Հասմիկ Սարգսյանն  ու վերջինիս որդին տեսանյութերը դիտելուց հետո բանավոր կերպով հայտնել են, որ նկարում պատկերված անձը Հասմիկ Սարգսյանն է:

Հետազոտվեց նաև գործում առկա հեռախոսային վերծանումների զննության արձանագրությունը,  համաձայն որի՝ Հասմիկ Սարգսյանի կողմից օգտագործվող հեռախոսահամարին հունիսի 28-ին, ժամը 16:57-ին և 17:09-ին երկու մուտքային զանգեր են կատարվել, որոնք սպասարկվել են Մուրացան 115 հասցեում տեղակայված ալեհավաքով, այսինքն՝ Կայազորային հոսպիտալի տարածքը սպասարկող ալեհավաքով, իսկ  նույն հեռախոսահամարին 17: 56-ի զանգը սպասարկվել է Չարենցի 1 հասցեում տեղայակված ալեհավաքով:

Այսօրվա դատական նիստն ավաևտվեց, հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 18-ին, որի ժամանակ պետք է հարցաքննվեն գործով վկաները:

Նշենք, ո Հասմիկ  Սարգսյանը դատական նիստի մեկնարկին հայտնել է, որ դեմ է տեսանկարահանմանը:

Լուսանկարում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանը

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter