HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Գայանե Աբրահամյան. «Ավելի քան 3000 անձ շուրջ քսան տարի ուղղակի տնազուրկ է, մինչդեռ մի քանի տասնյակ «էլիտար խմբակ» դարձավ միլիոնատեր»

«Պետության կողմից «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետևանքով սեփականության իրավունքի ոտնահարման խնդիրները» թեմայով խորհրդարանական լսումներ անցկացնելու մտահղացման հեղինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանն իր ելույթը սկսեց շնորհակալական խոսքերով՝ ուղղված սեփականության իրավունքից զրկված քաղաքացիներին։

«Խոնարհվում եմ ձեր բոլորի՝ երկար տարիների պայքարի առաջ, ավելի քան երկու տասնամյակ պայքարել եք ձեր իրավունքների համար, մինչդեռ իրավունքի պաշտպանություն գտել եք բացառապես Հայաստանի դատական համակարգից  դուրս՝ միայն Եվրոպական դատարանում, սա հստակ ցուցիչ է, որ դատական համակարգը չի գործել»,- ասաց Աբրահամյանը։

Պատգամավորի խոսքով՝ երիտասարդ սերունդն այժմ Հյուսիսային պողոտայում քայլելիս դժվար հիշի, թե քաղաքաշինական այդ ծրագիրը քանի ընտանիքի ճակատագիր է խեղել, և քանի հոգի է բառացի անտուն մնացել։

«Շատ հազվադեպ է հիշվում, թե ինչպես էին մարդիկ բռնի ուժով դուրս բերվում պապական տներից, ինչպես էր իրենց աչքի առաջ բուլդոզերի մեկ հարվածից փլուզվում իրենց մանկությունը, ունեցվածքը, և սա ուղեկցվում էր ապօրինի՝ առանց համարժեք փոխհատուցման»,- ասաց պատգամավորը։

Աբրահամյանի համոզմամբ՝ այդ ծրագրի իրականացումն անկախ Հայաստանում սեփականության իրավունքի զանգվածային խախտումների սկիզբ դրեց։ «Պետական կարիքների անվան տակ տեղի է ունեցել պետության կողմից քաղաքացու ունեզրկում՝ պետական կարիքների անվան տակ թիրախավորելով քաղաքացու սահմանադրական իրավունքը»,- ասաց Աբրահամյանը։

Պատգամավորի խոսքով՝ տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն, Սահամանադրության երաշխավորը՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, այդ օրերին «հպարտորեն այցելել է շինհրապարակ և ասել՝ բողոքներ չկան, մարդիկ երջանիկ են ու ուրախ»։ «Ավելի քան 3000 անձ արդեն շուրջ քսան տարի է՝ ուղղակի տնազուրկ է, սեփականությունից զրկված, մինչդեռ այդ օրերին մի քանի տասնյակ «էլիտար խմբակ» այս ամենի արդյունքում դարձավ միլիոնատեր։ Այդ դեպքերից յուրաքանչյուրը մեր պետության խարանն է, և անարգանք Սահմանադրության նկատմամբ»,- ասաց նա՝ հուսալով, որ արդարությունը վերականգնվելու է այս հարցում։

Լուսանկարը՝ Անի Սարգսյանի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter