
Սեյրան Օհանյան. «Ռոբերտ Քոչարյանն ինձ որևէ ցուցում, որևէ հրաման չի տվել»
«Ինձ համար անընդունելի է, երբ 30 տարվա պատմություն կերտած նախագահներից մեկը գտնվում է անազատության մեջ»: Այս մասին այսօր իր գործով դատական նիստից առաջ լրագրողների հոտ զրույցում ասաց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
Անդրադառնալով մի շարք հասարակական-քաղաքական գործիչների ստորագրահավաքին, որով պահանջում են, որ Ռոբերտ Քոչարյանը լինի ազատության մեջ, Օհանյանը նշեց, որ կարելի է թույլ տալ՝ Քոչարյանը լինի ազատության մեջ:
«Ռոբերտ Քոչարյանը հանգիստ, համարձակ եկել, ներկայացել է, երբ անհրաժեշտ է եղել: Ինչ պահանջներ դնում են նրա առջև, նա կատարում է: Կարծում եմ, որ եթե ինքը լինի ազատության մեջ, ինքը ոչ մի բանի չի կարող խոչընդոտել»,- ասաց Սեյրան Օհանյանը՝ վստահություն հայտնելով, որ գործով ցուցմունքներ տված անձինք իրենց ցուցմունքների տերն են:
«Ռոբերտ Քոչարյանը ցուցմունք տված զինծառայողների հետ որևէ առնչություն չի ունեցել: Ես ամենամոտ մարդկանցից մեկն եմ եղել՝ որպես գլխավոր շտաբի պետ: Ռոբերտ Քոչարյանն ինձ որևէ ցուցում, որևէ հրաման չի տվել, առավել ևս՝ մնացածին»,- հայտարարեց Սեյրան Օհանյանը:
Անդրադառնալով մարտի 1-ի գործով առանցքային վկա Հայկ Հարությունյանի մահվան հանգամանքին՝ Սեյրան Օհանյանը նշեց, որ ինքը ցավում է, որ Հայաստանը կորցրել է մի մարդու, որը հասարակական, քաղաքական, պետական գործիչ է եղել:
Խոսելով ԱԱԾ՝ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին՝ Օհանյանը նշեց, որ իր համար անընդունելի է նշանակովի պաշտոններից հրաժարականները:
«Կադրային քաղաքականություն է երկրում տեղի ունենում, և երկրի ղեկավարությանը պետք է հարցնել՝ ինչի համար են նշանակում կամ ազատում տարբեր մարդկանց»,- ընդգծեց նա:
Օհանյանը նշեց, որ վաղը՝ հոկտեմբերի 8-ին, պետք է դիմի Գերմանիայի դեսպանատուն՝ պրոթեզի հետ կապված հարցով Գերմանիա մեկնելու թույլտվություն ստանալու համար:
Մեկնաբանել