HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Մահացածի որդին պնդում է՝ «Տաշիր» ԲԿ-ում մոր անունով ամբուլատոր քարտը լրացվել է հետին թվով

Արման Փեթաքչյանի 60-ամյա մայրը՝ Սվետլանա Փեթաքչյանը, մահացել է խալի վիրահատությունից մոտ մեկ տարի անց։ Խալը հեռացնելուց հետո պարզվել է, որ առկա է մելանոմա՝ ուռուցք. վիրահատությամբ արմատապես չի հեռացվել գոյացությունը, մեկ տարվա ընթացքում այն տարածվել է ամբողջ օրգանիզմով։ Գործն ուղարկվել է դատախազություն, այնտեղից էլ՝ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ՝ պարզելու արդյոք բժշկի միջամտությունն է պատճառը՝ Սվետլանայի մոտ մելանոմայի արագ զարգացման և մահվան։

Փորձաքննության համար ներկայացվել է «Տաշիր» ԲԿ-ից ստացած Սվետլանա Փեթաքչյանի ամբուլատոր քարտը, որը սակայն հրապարակավ չի քննվել, քարտի մասին որդին տեղեկացել է որոշման հրապարակումից հետո։ Արման Փեթաքչյանը պնդում է․ «ամբուլատոր քարտը ապօրինի է, կեղծ, քանի որ լրացվել է հետին ամսաթվով»։

Արմանի պնդմամբ՝ քարտի մասին իրենք որևէ տեղեկություն չեն ունեցել նաև այն ժամանակ, երբ Ռուսաստանի Դաշնությունում Սվետլանա Փեթաքչյանին վիրահատելու համար բժշկին խնդրել են տրամադրել վիրահատության մասին փաստաթուղթ, իրենց ոչ մեկը որևէ քարտ չի տրամադրել։ Բժիշկ Արմենակ Սոլոյանը փաստաթղթի փոխարեն բանավոր կերպով տեղեկացրել է, որ ոտքի վրայից հեռացված զանգվածը եղել է «եղունգի ծայրի չափ»։

Փորձաքննություն որոշման մեջ փորձագետները, հենվելով ներկայացված փաստաթղթերի վրա, մասնավորապես՝ ամբուլատոր քարտի, որոշել են․ Տաշիրում կատարված բուժօգնության ընթացքում թույլ տրված թերություններն ու բացթողումները հիմք չեն կարող լինել Փեթաքչյանի մոտ եղած մելանոմա հիվանդության զարգացման և մահվան համար։

Փորձաքննություն ընթացքում ներկայացվել է կողմերի տված ցուցմունքները։

Արման Փեթաքչյանը պնդում է՝ «Տաշիր» ԲԿ-ում կատարված վիրահատությունը հանգեցրել է մոր մահվանը

2017-ի դեկտեմբերին Սվետլանա Փեթաքչյանի ոտքի ծնկային հատվածում եղած խալի վրա արյունոտ արտադրություն է նկատել, խորհրդատվության համար դիմել է Տաշիրի բժշկական կենտրոն, որպեսզի նաեւ մշակվի վերքը։ Հիվանդանոցի վիրաբույժ Արմենակ Սոլոյանը, տեսնելով խալը, մեկ ժամ հետո նշանակել է վիրահատություն։ Արման Փեթաքչյանը պնդում է, որ վիրահատությունից առաջ որեւէ հետազոտություն չի արվել, չի հավաքվել նաեւ հիվանդի մոտ առկա հիվանդությունների եւ խնդիրների մասին տեղեկատվություն, ինչպես նաև խալը չի զննվել մաշկաբանի կողմից։ Այս մասին նախաքննական իր ցուցմունքի մեջ նշել է նաև Սվետլանա Փեթաքչյանի ամուսինը՝ Գառնիկ Փեթաքչյանը, իսկ Արմենակ Սոլոյանի ցուցմունքներում կան հակասություններ։ Փեթաքչյանները նշում են նաև, որ վիրահատությունից մեկ շաբաթ անց, կարերը քանդելուց հետո, Սվետլանայի ոտքի վրայի վերքը բացվել է, բժիշկը երկրորդ անգամ կարել է վերքը՝ առանց անզգայացման: Բժիշկը վերքը կարել է իմանալով, որ գործ ունի ուռուցքի հետ, քանի որ այդ օրը ստացել է գոյացության հյուսվածքաբանական քննության պատասխանը։ Վիրահատությունից հետո Սվետլանա Փեթաքչյանին տեղափոխել են Մոսկվա, պարզվել է, որ 2017-ի դեկտեմբերին Հայաստանում կատարված ոչ արմատապես վիրահատության պատճառով մելանոման տարածվել է ավշային հանգույցներում։ Այդ պատճառով Ն. Բլոխինի անվան ուռուցքաբանական կենտրոնում կատարվել է մեկ այլ վիրահատություն։

Մոսկվայում կատարված վիրահատությունից հետո Սվետլանա Փեթաքչյանին նշանակվել է իմունոթերապիայի կուրս, իսկ մեկ տարի անց մելանոման տարածվել է ամբողջ օրգանիզմում:  

Արմենակ Սոլոյանը պնդում է՝ հիվանդն իր մոտ է եկել արյունաշաղաղ և վիրակապած ոտքով

«Հետքի» հետ զրույցում Սվետլանա Փեթաքչյանի անունը լսելուց հետո բժիշկն անջատեց հեռախոսը:

Նախաքննության ընթացքում ցումունք տալով՝ Արմենակ Սոլոյանն ասել է, որ Սվետլանա Փեթաքչյանը իր մոտ եկել է աջ սրունքի վիրակապով: Ըստ նրա՝ հիվանդը ասել է, որ նշված հատվածը պատահաբար հարվածել է սեղանին, ինչի հետևանքով առկա գոյացությունը պատռվել է և սկսել է արյունահոսություն։ Սվետլանա Փեթաքչյանը հայտնել է նաև, որ տվյալ գոյացությունն առաջացել է շուրջ 7-8 ամիս առաջ, որը տեսանելի մեծացել է և ունեցել է ծակող բնույթի ցավեր։ Վիրակապը հանելուց հետո տեսել է արյունաշաղաղ գոյացություն և թթի տեսքով մաշկային գոյացություն՝ մեջտեղից պատռված։ Զննման ժամանակ կրկին ի հայտ է եկել առատ արյունահոսություն, որոշում է կայացրել արյունահոսությունը դադարեցնել վիրահատական փոքր միջամտությամբ։ Բժիշկը նշել է նաև, որ երկրորդ անգամ վերքի բացման պատճառը եղել են Սվետլանա Փեթաքչյանի անզգույշ շարժումները։

Ամբուլատոր քարտում անճշտումներ կան

«Տաշիր» ԲԿ-ում Սվետլանա Փեթաքչյանի անվամբ լրացված ամբուլատոր բուժօգնության թերթիկում լրացվել է, որ հիվանդը ԲԿ է դիմել երեկոյան ժամը 19։10-ին, գանգատվել է ձախ ծնկան շրջանի գոյացության ցավերից, արյունային արտադրությունից։ Ըստ հիվանդի՝ գոյացությունը նկատվել է 7-8 ամիս առաջ, չափերը մեծացել է, ի հայտ են եկել ծակող բնույթի ցավեր։ Նշված է, որ եղել է առատ արյունահոսություն։ Արյունահոսությունը դադարեցնելու նպատակով կատարվել է գոյացության հեռացում, հյուսվածքը ուղարկվել է հյուսվածքաբանական քննության։

«Ես քարտը պահանջել եմ, երբ մամայիս տեղափոխել ենք Մոսկվա, չեն տվել, նույնիսկ իրենց մատյանում մամային չեն գրանցել։ Գրել են քարտում, որ եղել է ճղած վերք, այդ դեպքում ինչու ոստիկանություն չեն դիմել։ Իբր մամաս ասել է, որ 10 ժամ առաջ է ոտքը խփել սեղանին, 10 ժամ մարդ առատ արյունահոսի, նո՞ր գնա բժշկի։ Բժիշկը նաև ինձ հետո ասել է, որ Երևանում ինքն իր հարցերը լուծել է»,- ասում է Արման Փեթաքչյանը, հավելելով, որ փորձաքննության ընթացքում հիվանդին մատյանում չլրացնելու պատճառի մասին Արմենակ Սոլոյանն ասել է, որ գյուղացի մարդիկ են, միմյանց ճանաչող, և գումար չի վերցրել, ինչին հակադարձում է Արմանը․«Ինձ անձամբ է ասել, որ գումար տամ բուժքրոջը, որ էդպես լինի՝ բոլորն էլ գյուղացին են, բոլորին էլ պիտի անվճար բուժեն»։

Որդուն ասել են նաև, որ Մոսկվայում բժիշկը ուշացրել է բուժումը, որը ժամանակին լինելուց հետո կարող էր երկարացնել մոր կյանքը:  «Պարզվում է, որ իմ ներկայացրած փաստաթղթերի մի մասը փորձաքննության ժամանակ ուսումնասիրված փաստաթղթերի փաթեթում չկա, ես համեմատում եմ, տեսնում եմ, որ ինչ իրենց պետք չի եղել, հանել են, որ գցեն Ռուսաստանի բժիշկների վրա»,- ասում է Արման Փեթաքչյանը։

Արմանը պնդում է, որ ամբուլատոր քարտը կեղծված է, այն «արտագրվել է Վանաձոր բժշկական կենտրոնի» հյուսվածքաբանական քննության արդյունքից, որտեղ եղել են անճշտություններ և նույն սխալները «կրկնվել են» ամբուլատոր քարտում:

«Այնտեղ աջ ու ձախ ոտքերն են խառնել, վիրահատության օրն ու ժամն են խառնել։ Գրված է՝ վիրահատությունը կատարվել է դեկտեմբերի 7-ին՝ երեկոյան 19։10։ Մայրս վիրահատվել է դեկտեմբերի 5-ին՝ կեսօրին, վիրահատվել է աջ ծնկային հատվածից։ Ես փորձաքննությունից երկու օր անց եմ իմացել ամբուլատոր քարտի մասին։ Փորձաքննությունը մի անգամ հետաձգվել է քարտ չլինելու պատճառով»,- պատմում է Արման Փեթաքչյանը, հետո հավելում, որ մայրը երբեք ցավից չի բողոքել, վիրակապով չի գնացել բժշկի, գոյացությունն առաջացել է 2014-2015թթ․-ին, և չի խանգարել իրեն։ Ասում է, որ տանը եղել են մարդիկ, ովքեր կարող են հստակ ասել, որ Սվետլանա Փեթաքչյանի ոտքին վիրակապ չի եղել, և չի եղել նաև առատ արյունահոսություն։

«Ես քննիչին ասում եմ, որ գնան նորմալ հետազոտեն, տեսնեն քարտի վրայի կնիքը, ստուգեն լրացման ժամկետը, վկաների հետ խոսեն։ Ինչ ասում եմ, ասում են՝ հա ախպեր լավ կլինի, դու ճիշտ ես։ Երևի ուզում են գլխառադ անեն»,- ասում է Արման Փեթաքչյանը։

Թույլ տրված թերությունները կամ բացթողումները մելանոմա հիվանդության զարգացման և հիվանդի մահվան համար հիմքեր չեն 

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ից ստացված որոշման մեջ գրված է՝ քանի որ հիվանդը «Տաշիր» ԲԿ է ներկայացել արյունահոսությամբ, ապա բժշկական միջամտությունը եղել է ցուցված և ճիշտ, իսկ արյունահոսություն չլինելու պարագայում առավել նպատակահարմար էր պացիենտին ուղեգրել համապատասխան նեղ մասնագետի՝ ուռուցքաբանի մոտ, ինչպես նաև բիոպսիայի վերցման, և համարժեք բուժման տակտիկայի որոշման նպատակով։

Փորձաքննությունը գտել է, որ Սվետլանա Փեթաքչյանի բուժօգնության դիմելը ժամանակին համարել հնարավոր չէ,  իսկ ՌԴ-ում կատարված վիրահատությունը եղել է ուշացումով, ինչպես նաև ուշացումով է եղել իմունոթերապիայի կուրսը։

Վիրահատության օրվա սխալ գրանցումը փորձագետները գնահատել են որպես թերություն։

Արմանը Փեթաքչյանը մոր ամբուլատոր քարտի կեղծված լինելու վերաբերյալ պատրաստվում է հաղորդում ներկայացնել դատախազություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter