HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Քոչարյանի պաշտպաններ ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել դատավոր Աննա Դանիբեկյանին

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը Մարտի 1-ից անջատված մասով գործի քննության ընթացքում ինքնաբացարակի միջնորդություն ներկայացրեց դատավոր Աննա Դանիբեկյանին: Դրան միացան գործով մյուս ամբաստանյալների՝ Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի պաշտպանները:

Ըստ պաշտպան Հայկ Ալումյանի՝ դատավոր Աննա Դանիբեկյանն այս գործով պատշաճ դատարան չի կարող համարվել․ նա կանխակալ բացասական վերաբերմունք ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ:

Ալումյանը նշեց, որ արտակագ դրություն հայտարարելու մասին Քոչարյանի հրամանագիրը նրա մեղադրանքում որակված է որպես ապօրինի՝ Սահմանադրությանը հակասող:

«Սույն գործի քննության շրջանակներում դուք պետք է ի թիվս այլնի գնահատական տաք՝ ՀՀ նախագահի արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիրը հակասել է Սահմանադրությանը, թե՝ ոչ, սակայն հրամանագրի Սահմանադրության համապատասխանության հարցի քննությունը դուրս է սույն դատարանի իրավասության շրջանակներից»,- ասաց Ալումյանը՝ նշելով, որ ՀՀ նախագահի հրամանագրերի Սահմանադրությանը համապատասխանելու հարցին գնահատական տալը վերապահված է ոչ թե առաջին ատյանի դատարանին, այլ Սահմանադրական դատարանին և Ազգային ժողովին:

Ալումյանը նշեց նաև, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունների կասեցումից հետո մինչև գործը նոր դատավորի մակագրելն ինքը դիմել է Երևան քաղաքի դատարանի նախագահին՝ խնդրելով հնարավորություն տալ իրեն և Ռոբերտ Քոչարյանի մյուս պաշտպաններ Ռուբեն Սահակյանին, Արամ Օրբելյանին և Հովհաննես Խուդոյանին ներկա գտնվել գործի համակարգչային բաշխման գործընթացին և տեսանկարահանել այն, ինչպես նաև թույլատրել, որ այդ գործընթացին մասնակցեն ԶԼՄ-ները: Գրավոր դիմումը, սակայն, հաշվի չի առնվել, և գործի վերաբաշխման գործընթացքը անցել է փակ:

«Ոչ թափանցիկ և օրենքի խախտմամբ սույն գործի փոխանցումը ձեզ անկողմնակալ դիտորդի տեսանկյունից կարող է վկայել այն մասին, որ գործի բաշխման գործընթացը կազմակերպվել և անց է կացվել այնպիսի եղանակով, որպեսզի գործը հանձնվի նախապես որոշված դատավորի տվյալ դեպքում՝ ձեզ: Այդպիսի գործընթացը բոլոր դեպքերում չի կարող համարվել օրինական, քանի որ այն տեղի է ունեցել է իմ՝ որպես Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի իրավունքների խախտումներով: Սույն դատարանի կազմը ձևավորվել է կամայականորեն: Դուք սույն գործը քննելու համար պատշաճ դատավոր չեք, իսկ ձեր նախագահությամբ ստեղծված դատարանը չի կարող համարվել օրենքի հիման վրա ստեղծված դատարան»,- ասաց Քոչարյանի պաշտպանը՝ նշելով, որ Աննա Դանիբեկյանը կանխալակալ բացասական վերաբերմունք ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ: Ըստ Ալումյանի՝ Քոչարյանի պաշտպանական կողմը նրա խափանման միջոցի վերաբերյալ մի քանի միջնորդություն է ներկայացրել, սակայն Դանիբեկյանը դրանք չի քննել, որոշում չի կայացել նաև դրանք առանց քննության թողնելու կամ լուծումը հետաձգելու վերաբերյալ:

Ալումյանը նաև նշեց, որ Քոչարյանի կալանքը անփոփոխ թողնելու մասին որոշումը դատարանը կայացրել է առանց այդ հարցի քննությանը Քոչարյանին և նրա պաշտպաններին մասնակից դարձնելու:

«Մտածում էի ինքնաբացարկ ներկայացնելու համար ձեզ դրամական փոխհատուցում առաջարկել»՝ միջնորդությանը միանալով ասաց Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը՝ նշելով, որ Հայաստանում առկա իրողությունների պայմաններում կարծես թե նորմալ է գնահատվում, որ դատավորի կողմից չպաշտոնավարելու համար դրամական փոխհատուցում են առաջարկում։ Պողոսյանը հիշեցրեց նախագիծը, համաձայն որի՝ դատավորներին առաջարկվում է ժամանակից շուտ ազատվել աշխատանքից՝ նրանց կենսաթոշակը պահպանելու պայմանով:

Դանիբեկյանը Պողոսյանի հայտարարությունը որակեց որպես դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք և նկատողություն արեց պաշտպանին։

Մեղադրող կողմն առարկեց միջնորդության դեմ: Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանն ասաց, որ պաշտպանները փաստարկներ ներկայացրին, որոնք վիճարկում են Քոչարյանին առաջադրված մեղադրանքը՝ փորձելով ցույց տալ, որ առանձին հանգամանքներ դատարանում քննվել չեն կարող:

«Քրեական գործով ապացուցված է, որ հրամանագիրն ընդունվել է հանցավոր պայմաններում, ուստի պետք է քննվի այդպիսի գործեր քննող դատարանի կողմից»,- ասաց Գևորգ Բաղդասարյանը:

Վերջինս նշեց, որ իրենք ևս չեն մասնակցել գործի մակագրման գործընթացին․

«Բայց արդար դատաքննության իրավունքը պահաջում է, որ մակագրումը տեղի ունենար այնպես, ինչպես մյուս բոլոր գործերով։ Իսկ այն պնդումը, թե դատարանի նկատմամբ վստահությունը կմեծանար, եթե դրան մասնակցեին ԶԼՄ-ները, անհիմն է։ Չի կարելի դատարանի անվստահության հիմքով կասկածի տակ դնել ամեն ինչ»,- ասաց Բաղդասարյանը:

Անդրադառնալով պաշտպանական կողմի այն դիտարկմանը, թե խափանման միջոցի հարցով որոշում կայացնելիս դատարանը պարտավոր էր ապահովել մեղադրյալի լսված լինելու իրավունքը, դատախազը նշեց, որ այն ապահովվել է:

«Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում կալանավորման հարցը քննարկվել և որոշում է կայացվել։ Այդ հարցը քննարկվել է նաև Վերաքննիչ դատարանում, ուստի օրենքի այդ պահանջը պահպանվել է»,- ասաց Գևորգ Բաղդասարյանը:

Դատարանն այս պահին խորհրդակցական սենյակում է՝ ինքնաբացարկի վերաբերյալ որոշում կայացնելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter