HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը ցանկանում է հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 4-ը բացակայել Հայաստանից

Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը ցանկանում է հոկտեմբերի 26-ից մինչև նոյեմբերի 4-ը բացակայել Հայաստանից: Նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանն այսօր տեղի ունեցած դատական նիստի ընթացքում միջնորդություն ներկայացրեց դատարան՝ վերացնել Արմեն Գևորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ թույլ տալ նրան մեկ շաբաթով բացակայել Հայաստանից:

Նշենք, որ Արմեն Գևորգյանի նկատմամբ դեռևս գործի նախաքննության փուլում խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Ըստ Էրիկ Ալեքսանյանի՝ այս խափանման միջոցը պետք է վերացվի. այն ի սկզբանե եղել է ապօրինի և անհիմն։

«Դատարանն արձանագրել է, որ իսպառ բացակայում են Արմեն Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքերը, որը հաստատվել է բարձր դատական ատյանների կողմից։ Նման պայմաններում Գևորգյանի նկատմամբ որևէ տեսակի խափանման միջոց չի կարող ընտրվել, իսկ ընտրված լինելու պարագայում այն ենթակա է վերացման»,- ասաց Ալեքանյանը։

Պաշտպանի խոսքով՝ Արմեն Գևորգյանը պետք է հերթական բուժզննությունն անցնի Ավտրիայում, ինչի վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր են ներկայացվել դատարանին։ Արմեն Գևորգյանը դատարանին հայտնեց, որ պարբերաբար սրտի անոթների հետ կապված հետազոտություն է անցնում, հայտնեց նաև, որ նախատեսում է գործնական բանակցություններ վարել այն ընկերության անունից, որում ինքը գլխավոր տնօրեն է: Խոսքը «Արինս գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասին է:

Գևորգյանը դատարանին ներկայացրեց ընկերության խորհրդի անդամների նամակն՝ ուղղված դատարանին, որով նրանք երաշխավորում են, որ Գևորգյանը բուժզննում անցնելուց հետո կվերադառնա Հայաստան:

Միջնորդության դեմ մեղադրող կողմն առարկեց: Դատախազ Գևորգ Բաղդասարյանը նշեց, որ Արմեն Գևորգյանը չի ներկայացրել կոնկրետ փաստարկներ, որ Հայաստանում իր բուժումը հնարավոր չէ ապահովել, ինչպես նաև պարզ չէ, թե ինչ կարևորություն ունեն նրա գործնական հանդիպումները արտերկրում։ Նշենք, որ Գևորգյանը ցանկանում է օտարերկրյա ներդրումներ բերել Հայաստան:

Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում նա կարծիք հայտնեց, որ եթե Հայաստանի կառավարությունը շարունակի աշխատել այնպես, ինչպես հիմա, Հայաստան ներդրումներ չեն գա:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու, որը կհրապարակվի վաղը՝ հոկտեմբերի 8–ին:

Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանը մեղադրվում է 2008-ին սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույք օրինականացնելու մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter