Գայլերի մորթին, սեռական օրգանները, ատամներն օգտագործվում են մոգության մեջ
Կառավարության որոշման համաձայն՝ այս տարվա փետրվարից մինչև ապրիլի կեսը թույլատրվում է իրականացնել 200 գայլի որս: Յուրաքանչյուր գայլի դիմաց սահմանված է 100 հազար դրամ պարգևավճար:
Բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտաշես Զիրոյանի խոսքով՝ նրանք այս քայլին ստիպված են գնացել, որովհետև սննդի պակասության պատճառով գայլերը հարձակվում են բնակավայրերի վրա, բնակիչները բողոքում են և վախենում գայլերից: Բացի այդ՝ ձմեռը գայլերի բեղմնավորման շրջանն է, նրանք շատ ակտիվ են, անգամ հաճախ պայքարում են միմյանց միջև էգի և սննդի պատճառով:
Ա. Զիրոյանի խոսքով՝ գայլերը շատ են հատկապես Սյունիքի, Վայոց Ձորի, Արագածոտնի մարզերում, և անցած տարի գայլերի պատճառով գրանցվել է 300-400 ոչխարի կորուստ, ինչը մեծ թիվ է գյուղացիների համար: Բացի այդ՝ «որս անող չկա», և պարգևավճար սահմանվել է որսորդներին շահագրգռելու համար, քանի որ գայլ որսալը շատ դժվար է:
Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանի կարծիքով՝ գայլերի դեմ պայքարի նման ձևը բարբարոսական է: Մեծ Բրիտանիայի նման փորձի արդյունքում այնտեղ գայլերը վերացել են, և նա չէր ցանկանա, որ այդ փորձը կրկնվեր նաև Հայաստանում: Նա առաջարկում է գայլերի որսը կազմակերպել որսի շրջանում, այնինչ որսի շրջանում այն արգելված է:
Ս. Ադամյանը նաև առաջարկում է գյուղական տնտեսություններին տրամադրել գայլախեղդ շներ, որոնք կպայքարեն գայլերի դեմ:
Կենդանաբանության ինստիտուտի ողնաշարավոր կենդանիների լաբորատորիայի ղեկավար Մամիկոն Ղասաբյանը համամիտ է Ս. Ադամյանի առաջարկությանը. լավ շուն պահելը թանկ հաճույք է, բայց և անհրաժեշտություն է: Նրա կարծիքով՝ գայլերը շատ և քիչ չեն լինում, այլ լինում են այնքան, որքան պետք է. նրանք իրենք իրենց ինքնակարգավորում են: Եվ չնայած կենդանաբանության ինստիտուտը տվել է իր համաձայնությունը գայլերի որսի համար, այնուամենայնիվ, Մ. Ղասաբյանի կարծիքով, հարցը սխալ է կազմակերպվել:
Ա. Զիրոյանի կարծիքով՝ գայլերը ակտիվ հարձակվում են տարբեր կենդանիների վրա, անգամ Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակների վրա: Գայլը ազդում է նաև հայկական մուֆլոնի և բեզոարյան այծի քանակի վրա: 2008-2009 թթ.-ի մոնիտորինգի հաշվարկներով գրացվել է 800-850 բեզորյան այծ և 300-350 հայակական մուֆլոն: Այնինչ, Մ. Ղասաբյանի կարծիքով, գայլը չի կարող ազդել բեզոարյան այծի և հայկական մուֆլոնի քանակի վրա, որովհետև նրանց միջավայրերը տարբեր են: Այդ կենդանիների քանակի նվազման պատճառը անօրինական որսն է:
Ա. Զիրոյանը նշեց, որ այժմ նախատեսվում է իրականացնել կենդանատեսակների մոնիտորինգ, որը պետք է ավարտվի 2015 թ.-ին: Մոնիտորինգի շնորհիվ հնարավոր կլինի կազմակերպել համապատասխան միջոցառումներ:
Սիլվա Ադամյանը նշեց, որ իրականում սպանված գայլերի ոչ բոլոր մորթիներն են հանձնվում ԳԱԱ-ին: Բացի այդ՝ գայլերի մորթին, սեռական օրգանները, ատամները և մարմնի տարբեր մասեր օգտագործվում են մոգության մեջ և վաճառվում հազարավոր դոլարներով: Նրա խոսքով՝ դա ծիծաղելի չէ, այլ իրականություն, է և ինքն ականատես է եղել նման դեպքերի:
Ս. Ադամյանը հավելեց, որ հանքարդյունաբերության, անտառահատման հետևանքով խեղաթյուրվում է բնական միջավայրը, ինչն իր հերթին խիստ բացասաբար է ազդում կենդանական աշխարհի վրա:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (8)
Մեկնաբանել