
Պաշտպան. «Մանվել Գրիգորյանի վիճակը երեկ սրվել է. անհրաժեշտություն է առաջացել անզգայացմամբ բժշկական միջամտության»
ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը երեկ սրվել է, բժշկական միջամտության ենթարկելու նպատակով նրան այսօր անզգայացրել են։ Այս մասին այսօր Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստի ընթացքում ասաց Գրիգորյանի պաշտպաններից Լևոն Բաղդասարյանը:
Պաշտպանի խոսքով՝ Գրիգորյանի ամբողջ մարմինն այտուցված է, ձայնալարերի հետ կապված խնդիր ունի, չի կարողանում խոսել։
«Մանվել Գրիգորյանը գտնվում է նարկոզի տակ, վիճակը ծայրահեղ ծանր է։ Մանվել Գրիգորյանն օրական մի քանի կիլոգրամ դեղորայք է օգտագործում, նրա մոտ գլուխ են բարձրացրել երկրորդային հիվանդություններ, որոնք գնալով կարող են էլ ավելի խորանալ և հանգեցնել մահվան»,- ասաց Լևոն Բաղդասարյանը՝ նշելով, որ Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման հերթական պատասխանատուն դատարանն է։
Գրիգորյանի պաշտպանները միջնորդություն ներկայացրին նրա նկատմամբ գրավ կիրառելու վերաբերյալ:
Նշենք, որ Գրիգորյանի գործով գրեթե բոլոր նիստերին ներկայացվում է գրավի միջնորդություն:
Մեղադրող դատախազ Վահե Դոմազյանն, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ այժմ Գրիգորյանն իր նախընտրած բժշկական հաստատությունում պատշաճ բուժօգնություն է ստանում:
Մեղադրող կողմը Գրիգորյանի գրավի դեմ առարկելիս մշտապես հարց է բարձրացրել, թե արդյոք նրա նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի համարելու դեպքում Գրիգորյանը չի՞ շարունակելու բուժում ստանալ այն նույն բժշկական կենտրոնում, որտեղ այժմ է գտնվում:
Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Մանվել Գրիգորյանը կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է հափշտակություններ։
Մեկնաբանել