HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ալեքսանդր Սարգսյանը բողոքարկել է իր գույքի վրա կալանք դնելու որոշումը. դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը բողոքարկել է իր գույքի վրա կալանք դնելու Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) որոշումը: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վաչե Մարգարյանի, այսօր հեռացավ խորհրդակցական սենյակ՝ բողոքի վերաբերյալ որոշում կայացնելու:

Նշենք, որ Ալեքսանդր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում, որի նախաքննությունը դեռևս շարունակվում է: Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափով խարդախություն կատարելու մեջ: Քրեական գործի շրջանակներում կալանք է դրվել Սարգսյանի ամբողջ գույքի վրա, այլ ոչ թե մեղադրանքի ծավալի չափով:

Այսօրվա դատական նիստին գործով դատախազն ու ԱԱԾ քննիչը չէին ներկայացել, և նկատի ունենալով հանգամանքը, որ նրանք պատշաճ ծանուցված էին, դատարանը որոշեց բողոքի քննությունն անցկացնել նրանց բացակայությամբ:

Բողոքի քննությունն արդեն տևական ժամանակ է՝ դատավոր Վաչե Մարգարյանի վարույթում է, անցկացվել է դռնբաց, սակայն լրատվամիջոցների ներկայացուցիչներ նիստերին ներկա չեն եղել: Այսօրվա դատական նիստը րոպեներ տևեց: Սարգսյանի պաշտպան Միհրան Պողոսյանը նշեց, որ եթե անգամ Ալեքսանդր Սարգսյանը մեղավոր ճանաչվի իրեն վերագրվող արարքում, գույքի բռնագրավումը չի կարող ավել լինել մեղադրանքի ծավալից:

«Քննիչն իրականացրել է իմ պաշտպանյալի իրավունքների տոտալ ոտնահարում»,- հայտարարեց Միհրան Պողոսյանը՝ դատարանից պահանջելով վարույթն իրականացնող մարմնին՝ ԱԱԾ-ին, պարտավորեցնել վերացնել խախտումները:

Ինչպես պարզվեց, Ալեքսանդր Սարգսյանի պաշտպան Միհրան Պողոսյանն արդեն ներկայացրել է իր բողոքը, դրա վերաբերյալ դիրքորոշում հայտնել է նաև գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը: Վերջինս նախորդ դատական նիստի ընթացքում միջնորդել է հետաձգել նիստը՝ ԱԱԾ քննիչի դիրքորոշումը ևս լսելու համար, որը, փաստորեն, այսօր նույնպես չէր ներկայացել:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Սարգսյանի առանձնատանը 2018 թվականի հուլիսի 4-ին խուզարկություն է կատարվել, և առգրավվել են մի շարք արժեքավոր իրեր, այդ թվում՝ Մարտիրոս Սարյանի՝ մեծ արժեք ներկայացնող գծանկարները:

Բողոքի վերաբերյալ դատական ակտը կհրապարակվի հոկտեմբերի 23-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter