HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Համաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ 2019-ին Հայաստանի տնտեսական աճը կկազմի 5.5%

2019 թվականին, ըստ Համաշխարհային բանկի (ՀԲ) նոր կանխատեսումների, Հայաստանի տնտեսական աճը տարեկան կտրվածքով կկազմի 5.5 %: Հետագա երկու տարիներին այն փոքր-ինչ կնվազի՝ 2020 թվականին կազմելով 5.1 %, իսկ 2021-ին՝ 5.2 %: Այս մասին նշված է ՀԲ-ի «Միգրացիա և ուղեղների արտահոսք» (Migration and Brain Drain) նոր զեկույցում, որում ներկայացված են Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնտեսությունների վերաբերյալ նոր կանխատեսումները։

Մասնավորապես Հայաստանի մասով կանխատեսումները դրական փոփոխություններ են կրել։ Այս տարվա հունիսին հրապարակված զեկույցում տեղ գտած ցուցանիշների համեմատ Հայաստանի 2019 թվականի տնտեսական աճի կանխատեսումը բարձրացվել է 1.3 տոկոսային կետով, 2020 թվականինը` 0.2 տոկոսային կետով, իսկ 2021 թվականինը՝ մնացել է նույնը։ ՀԲ-ն կանխատեսումներ անելիս շեշտադրել է ինչպես տնտեսական աճի ներկա տեմպերը, այնպես էլ սպառումը, հարկաբյուջետային քաղաքականությունը, ներդրումների մակարդակը, աղքատության մակարդակը, ենթակառուցվածքները և այլն։ Հաշվի են առնվում և՛ գրանված առաջընթացները, և՛ խոչընդոտները։

Հայաստանի կառավարությունը, ՀԲ-ի համեմատ, ավելի լավատես է տնտեսական աճի հարցում։ 2020 թվականի պետական բյուջեի նախագծում նշված է, որ 2019 թվականի համար կանխատեսվում է 6.3 % տնտեսական աճ։

Վերադառնալով ՀԲ-ի զեկույցին՝ կառույցը Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում տնտեսության աճի տեմպերի դանդաղում է կանխատեսում։ 2019 թվականին տնտեսական աճը տարածաշրջանում կանխատեսվում է 1.8 %: Դրան զուգահեռ, ըստ ՀԲ-ի, վատթարանում է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների ժողովրդագրական իրավիճակը։ Մասնավորապես, աշխատունակ բնակչության թվաքանակը կրճատվում է։ Եվ զեկույցի գլխավոր ասելիքն այն է, որ միգրանտները կարող են օգնել մեղմել ժողովրդագրական ճնշումները։ Նրանք կարող են նպաստել աշխատուժի ավելացմանը, բարձրացնել արտադրողականությունը և զարկ տալ տարածաշրջանի տնտեսական աճին։ Կառույցը հաշվարկել է, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում միգրանտների թիվը Եվրոպայում կտրուկ տեմպերով աճել է։ Այն երկրները, որոնք ընդունում են միգրանտներին, ըստ ՀԲ-ի, պետք է աջակցեն նրանց՝ հնարավորություն տալով օգտվել կրթական որակյալ ծրագրերից, սոցիալական նպաստներից և այլն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter