HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Արաքսը լողալով անցած իրանցի․ «Առնվազն պետք է ցնորված լինեմ, որ 7 կգ հերոին բերեմ»

Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Մուհամմադ Էսմաիլին և Վրաստանի Հանրապետության քաղաքացի Ջուլվեր Կարախանյանը մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ մաքսանենգությամբ փոխադրելու մեջ: Մեղադրյալները, Հայաստանը որպես տարանցիկ երկիր օգտագործելով, փորձել են թմրամիջոցները տեղափոխել Վրաստան:

Այսօր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ դատական նիստին հետազոտվեցին ապացույցներ հանդիսացող հեռախոսային խոսակցությունները, որտեղ Մուհամմադ Էսմաիլին զրուցում էր մի կնոջ հետ, թեև խոսակցության մեջ կնոջ անունը չէր տալիս, բայց ամենայն հավանականությամբ՝ Մանուշակ Մինասյանն էր, ով Մուհամմադին տեղափոխել էր Հայաստան, վերջինս գործով վկա է։

Հեռախոսային խոսակցությունների մի մասը հետազոտվել էր նախորդ նիստին, այս նիստին մոտ 10 րոպե զրույցը լսելուց հետո Մուհամմադ Էսմաիլին բարկացավ և ասաց, որ այլևս չի ցանկանում շարունակել։ «Եկեք ժամանակ չկորցնենք, առաջ տանք կամ ես կասեմ, որ ամբողջը իմն է եղել, այս պարոնը կապ չունի»,- նշեց կալանավորը, ապա հայտարարեց, որ կարող է հենց այդ պահին էլ ցուցմունք տալ։ Վերջինս հավելեց, որ քննիչի մոտ իր ցուցմունքները սխալ են գրվել, իր ասածին չեն համապատասխանում, ուստի մտավախություն ունի, որ դատարանում տված իր ցուցմունքը ևս ոչ մի ազդեցություն չի թողնի։

Մուհամմադն իրեն մեղավոր չի ճանաչում մոտ 7 կգ թմրանյութերի տեղափոխման համար, նիստին մի քանի անգամ կրկնեց, որ մեղավոր է միայն իր հետ մեթադոն բերելու և Հայաստան առանց անձնագրի մտնելու համար։

Կալանավորը զայրացած էր նաև պահման վայրից՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից․ շարժվելու տեղ չկա։ Ցանկանում է շուտ դատավճիռ լինի, հույս ունի, որ դրանից հետո կկարողանա տեղափոխվել Իրան։

Ցուցմունքի ընթացքում Իրանի քաղաքացին պնդեց, որ Հայաստան է եկել շրջելու նպատակով, նախապես ընկերները կապ են հաստատել Մանուշակ Մինասյան անունով կնոջ հետ, իսկ Վրաստան գնալու նպատակ չի ունեցել։

Ըստ ցուցմունքի՝ իրանցի քաղաքացիներ Համեդը և Հաճի Ալին (իրանցի ընկերները) են Մանուշակ Մինասյանի մեքենայում դրել սպորտային պայուսակներ, որոնք իրենց հետ սահման են անցկացրել, ինքը չի իմացել՝ սպորտային պայուսակի մեջ ինչ է, միայն տեսել է, որ իրանցի ընկերները Մանուշակ Մինասյանին գումար են փոխանցել, մոտ 1400 ԱՄՆ դոլար։ Արաքսը հատելուց հետո ճանապարհը շարունակել են երկուսով։

Մեղադրյալի պնդմամբ՝ դատարանում հետազոտված նյութը ափիոն է եղել, իսկ իրեն ձերբակալելուց հետո քննիչները սպորտային պայուսակից հանել են փոքր տոպրակներ, ասել, որ հերոին է․ «100 գրամ հերոինը Իրանում մահապատիժ է, առնվազն պետք է ցնորված լինեմ, որ 7 կգ հերոին բերեմ»,- հավելեց իրանցին։

Հիշեցնենք, որ Մանուշակ Մինասյանը դատարանում պնդում էր, որ Մուհամմադը տեղյակ է եղել ՝ ինչ են տեղափոխում․ «Երբ Մուհամմադին (ինձ ներկայացել էր Մեիդին) հարցրի`ինչ է տեղափոխում, որովհետև երբ հանդիպեցի, ուսին սպորտային պայուսակ էր, ասաց՝ թերյակ, դա պարսկերեն նշանակում է թմրանյութ: Ինձ 5 կգ էին ասել, բայց Մուհամմադը ասաց, որ 7-8 կգ կլինի»,- ասել է վկան:

Մուհամմադի և Մանուշակ Մինասյանի գաղտնալսված այս խոսակցության վերաբերյալ այսօր դատարանում հարց հնչեցրեց դատախազ Հակոբ Ենոքյանը՝ եթե տեղյակ չի եղել, որ թմրանյութ է տեղափոխում, ինչու՞ է ասել որ պայուսակի մեջ եղածը 7-8 կգ կլինի, որ որին ի պատասխան՝ կալանավորն ասաց, որ չի հիշում այդպիսի խոսքեր, և եթե իր պաշտպանյալը, թարգմանիչը և դատախազը ցանկանում են լսել գաղտնալսված խոսակցությունները, նրանք կարող են, բայց ինքը չի ցանկանում։

Հիշեցնենք, որ դեպքը բացահայտվել էր ԱԱԾ-ի կողմից, ավելի վաղ ԱԱԾ-ը հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշել էր՝ ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում 2018 թվականի օգոստոսի 13-ին բացահայտվել է անդրազգային հանցավոր խումբ, որի անդամները փորձել են ԻԻՀ-ից մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց տեղափոխել Վրաստան՝ Հայաստանն օգտագործելով որպես տարանցիկ երկիր:

Ըստ Մանուշակ Մինասյանի տված ցուցմունքի՝ մյուս մեղադրյալ Ջուլվեր Կարախանյանն էլ նրան և Մուհամմադին պետք է դիմավորեր Վրաստանում։ Ջուլվեր Կարախանյանն իր մեղքը չի ընդունում։

Այսօրվա նիստին Կարախանյանը ցուցմունք չտվեց, նշեց, որ պատրաստ չէ, ուստի նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստի օր նշանակվեց նոյեմբերի 6-ը։

Լուսանկարում՝ Մուհամմադ Էսմաիլին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter