HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

#OperationPeaceSpring․ Թուրքիան սկսեց լայնածավալ գործողությունները քրդերի դեմ

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, մեկնարկել է թուրքական ռազմական ուժերի լայնածավալ գործողությունները ընդդեմ քրդերի (Սիրիայի Դեմոկրատական Ուժեր[1]):

Ինչպես հայտնում է Սիրիայի պետական հեռուստաընկերությունը, Թուրքիան արդեն ռմբակոծել է Ռաս-Էլ-Այն քաղաքն ու մի քանի գյուղեր։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամեր առաջ իր թվիթերյան էջում գրել է.

«Թուրքիայի Զինված ուժերը Սիրիայի ազգային բանակի հետ միասին, (Թուրքիայի կողմից աջակցություն ունեցող ընդդիմադիր միավորում, Սիրիայի պետական բանակի հետկապ չունեն, խմբ․) հենց նոր սկսել են #OperationPeaceSpring-ը (Խաղաղության ակունք օպերացիան) Սիրիայի հյուսիսում գտնվող PKK (Քրդական Բանվորական Կուսակցություն, խմբ․) / YPG (Ժողովրդական Ինքնապաշտպանության Ստորաբաժանումներ, խմբ․) և Daesh (Իսլամական Պետություն, խմբ․) ահաբեկիչների դեմ: Մեր առաքելությունն է կանխել ահաբեկչական միջանցքի ստեղծումը մեր հարավային սահմանի ողջ երկայնքով և տարածքում հաստատել խաղաղություն»։

Այսօր մեկնարկած գործողությունները Թուրքիան պլանավորել էր ամիսներ առաջ։ Հիշեցնենք, որ Թուրքիան չի ճանաչում Ռոժավայում[2] գործող ինքնավար քրդական ուժերին և դրանց համարում է Քրդական Բանվորական Կուսակցության հսկողության տակ գործող ահաբեկչական խմբավորումներ։

Թուրքիան պլանավորում է օպերացիայի արդյունքում 20 կմ լայնություն ունեցող բուֆերային տարածքում Թուրքիայից տեղափոխել ավելի քան 2 միլիոն սիրիացի փախստականներին, որոնք այս պահին գտնվում են Թուրքիայում։

ԱՄՆ-ն դուրս է բերում զորքերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու Թուրքիայի նախագահ Էրդողանի հեռախոսազրույցից հետո Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն հանում է այդտեղ տեղակայված իր զորքերը՝ կանաչ լույս վառելով Թուրքիայի լայնածավալ ռազմական գործողությունների առջև։

Թրամփի այս քայլը քրդերը որակեցին որպես գործընկերական պայմանավորվածությունների խախտում ու ևս մեկ դավաճանություն ԱՄՆ-ի կողմից։

Ըստ որոշ ամերիկյան աղբյուրների՝ Թրամփի այս որոշմանը դեմ է եղել ամերիկյան ռազմական իսթաբլիշմենթը։ Ոմանք պնդում են, որ Թրամփն այս քայլով նպատակ ունի մեղմել ներքին խնդիրները՝ կապված նրա դեմ նախապատրաստվող իմփիչմենթի գործընթացից, ուշադրությունը շեղելով միջազգային քաղաքականության վրա ։

Թրամփը իր թվիթերյան էջում պատասխանել է քննադատությանը՝ գրելով «եթե Թուրքիան ինչ-որ բան անի, որ ես, իմ հզոր ու անզուգական իմաստությամբ, համարեմ անընդունելի, ես ամբողջովին կկործանեմ և կվերացնեմ Թուրքիայի տնտեսությունը (ինչպես արել եմ նախկինում)»։

Սակայն նա չի նշել, թե ինչն է համարում անընդունելի։

Ռոժավայում տեղակայված քրդական ապակենտրոն գործող ռազմական միավորումներն ու այդտեղ գտնվող ամերիկյան զորքերը պայմանավորվածություններ են ունեցել ու տարիներ շարունակ համագործակցել են Իսլամական պետության (ԻՊ) ու ահաբեկչական այլ խմբերին ոչնչացնելու հարցում։

Քրդերը կարևոր դեր են խաղացել ԻՊ ուժերին վնասազերծելու գործում, այժմ ԻՊ ահաբեկիչները կալանքի տակ են պահվում Ռոժավայում։ Թուրքիայի հարձակումը մտահոգություններ է ստեղծում այն մասին, որ քրդական ուժերի թուլացումը կբերի ԻՊ ահաբեկիչների վերակտիվացմանը Սիրիայում։

Ռոժավան՝ պատմական նոր մարտահրավերի առջև

Ռոժավայում աստիճանաբար կառուցվում էր ժողովրդավար պետականություն, հիմնված հեղափոխական սոցիալիստ-մարքսիստական գաղափարախոսության և քուրդ ազգայնականության վրա։ Ոգեշնչված սոցիալիստական հեղափոխությամբ և կանանց ազատագրման գաղափարներով՝ աշխարհի տարբեր անկյուններից մարդիկ գնում էին Ռոժավա՝ աջակցելու քրդերին։

Ռոժավայում այս տարվա ապրիլի 24-ին ստեղծվել էր հայկական զորախումբ՝ Սիրիայի դեմոկրատական ուժերի կազմում։ Սիրիայում 2011 թվականին սկսված քաղաքացիական պատերազմից հետո սա առաջին ամբողջովին հայկական ուժն է։

Քրդական տարբեր (այդ թվում նաև ինտերնացիոնալիստական) միավորումների մեջ նույնպես եղել են հայեր։ Թերևս նրանցից ամենահայտնին Միջազգային ազատության գումարտակի (IFB) հրամանատար Նուբար Օզանյանն էր (հայտնի է նաև իր մարտական անունով՝ Օրհան Բաքըրքչյան), որը սպանվել էր 2017 թվականին ԻՊ դեմ մղվող Ռաքքայի ճակատամարտի ժամանակ։

Հաշվի առնելով Թուրքիայի ակնհայտ առավելություններն ու ռազմական ուժը՝ քրդերի դեմ գործողությունները կարող են բերել հումանիտար ճգնաժամի, քանի որ հազարավոր քրդեր ստիպված կլինեն լքել այդ տարածքները։ Քրդերն արդեն մոբիլիզացիա են հայտարարել, ինչի հետևանքով ԻՊ կալանավայրերը հսկող բազմաթիվ քուրդ զինվորներ ստիպված են եղել թողնել իրենց դիրքերը։ Վտանգ կա, որ մինչ այժմ ընդհատակում գործող ահաբեկիչները կփորձեն ազատել իրենց գաղափարակիցներին։

ԻՊ-ն արդեն պատասխանատվություն է վերցրել իր նախկին մայրաքաղաք Ռաքքայում գիշերը երկու զինյալների ինքնապայթեցման արդյունքում 25 զոհերի համար։

Քրդական ուժերը կոչ են արել դեպի Թուրքիայի սահման շարժվելու և «դիմակայելու այս նուրբ պատմական պահին»։ Հնարավոր է քրդերը Մոսկվայի միջոցով փորձեն կապ հաստատել և որոշ պայմանավորվածության գալ Ասադի հետ։

----------------------------------------------------

[1] Սիրիական ընդդիմության զինված ուժերի խմբավորում, որը ձևավորվել է 2015 թվականի հոկտեմբերի 10-ին: Ներառում է քրդական ազգային ինքնապաշտպանության (Ազգային ինքնապաշտպանության խմբավորումը և Կանանց ինքնապաշտպանության խմբավորում), արաբական տարբեր ընդդիմադիր խմբեր, որոնք մտնում են Սիրիական արաբական կոալիցիայի մեջ, ինչպես նաև ասորական, հայկական և թուրքեմանական խմբավորումներ

[2] Սիրիայի քրդերով բնակեցված հյուսիսային և հյուսիս–արևելյան շրջանների ընդհանուր անվանում

Գլխավոր լուսանկարը John Moore/Getty

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter