
Աժդահակ լեռան խառնարանային լճից խողովակներով ջուր են դուրս բերում. ահազանգ՝ լճի անապատացման վտանգի մասին
Գեղամա լեռներում գտնվող Աժդահակ լեռան (Կարմիր սար գագաթը) խառնարանի լիճը արհեստական ցամաքեցման վտանգի եզրին է: Այս մասին երեկ՝ հոկտեմբերի 10-ին, իր ֆեյսբուքյան էջում ահազանգել էր «Ժողովրդավարական համախմբում» քաղաքական նախաձեռնությունը:
Ըստ նախաձեռնության հայտարարության՝ Գեղամա լեռներում անասնապահությամբ զբաղվող որոշ գյուղատնտեսներ 2018 թվականից մոտ 5 կմ երկարությամբ խողովակաշարի միջոցով Աժդահակի խառանարային լճի ջուրը օգտագործում են անասուններին ջրով ապահովելու և սեփական կարիքների համար, ինչը կարող է հանգեցնել լճի անապատացմանը, որն իր հերթին կխախտի տեղանքի էկոհամակարգը: Հայտարարությանը կցվել էին նաև խողովակների առկայությունը փաստող, ինչպես նաև նախկին ու ներկա վիճակները պատկերող լուսանկարներ:
«Ժողովրդավարական համախմբում» քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ, «Լեռնադահուկորդների հայկական ասոցիացիայի» հիմնադիր Հովհաննես Մարտիրոսյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ լուսանկարները (ստորև տեղադրվածները) արվել են 2019 թվականի հուլիսին, սակայն խողովակները նկատել են դեռևս 2018 թվականից:
«Սեպտեմբերին լճում ջուրը քիչ է, hուլիս ամսին ջուրը ավելի շատ է լինում՝ կազմելով մեկ ընդհանուր մեծ լիճ: Այդ լիճը գոյանում է ձնհալի և անձրևաջրերի միջոցով, սակայն գոլորշիացման և ներծծման հաշվին լիճը չորանում է և սեպտեմբերին պահպանում է միայն իր բազային ջուրը, որն էլ գոյացել է հազարամյակների ընթացքում: Հիմա մարդիկ, որ այդ բազային լիճը չորացնեն, ձնհալի և անձրևաջրերի հաշվին գոյացած լիճը կներծծվի, կգոլորշիանա և այլևս լիճը չի մնա»,- իր մտահոգությունը հայտնեց Հովհաննես Մարտիրոսյանը՝ հավելելով, որ եթե նույնիսկ ներկայիս վիճակով լիճը պահպանվի և խողովակները հեռացվեն, ապա անապատացման վտանգ չի լինի:
Մեր զրուցակցի կարծիքով՝ լճի չորացումը մեծ վնաս կհասցնի Հայաստանի տուրիստական գրավչությանը, մասնավորապես ակտիվ հանգստի սիրահարներին: Հովհաննես Մարտիրոսյանը, որն արդեն 20 տարի է՝ պարբերաբար բարձրանում է Աժդահակ լեռան գագաթը, նշում է, որ մասնավորապես վերջին 5 տարիների ընթացքում զբոսաշրջիկների այցելության տեմպը 100 անգամ աճել է:
«Մենք, զբոսաշրջության կոմիտեի հետ համագործակցելով, պատրաստել ենք զբոսաշրջային 150 երթուղի, որը գովազդվում է 6 միջազգային կայքերում, որոնցում օրական այցելությունը գերազանցում է 10 հազարը: Ծաղկաշեն-Գեղարդ զբոսաշրջային երթուղին անցնում է Աժդահակ լեռան գագաթով, իսկ լեռան ամենամեծ գրավչությունը հենց խառնարանային լիճն է, որոնք Գեղամա լեռներում ընդամենը երեքն են, և այդ երեքից մեկը հիմա չորացնում են: Առանց խառնարանալճի բազամթիվ լեռներ կան, և ակտիվ հանգստի սիրահարները Աժդահակ են բարձրանում հենց լիճը տեսնելու համար»,- ասաց Հովհաննես Մարտիրոսյանը:
«Ժողովրդավարական համախմբում» քաղաքական նախաձեռնությունը Աժդահակ լեռան լճի անապատացման վտանգի մասին գրություններ է ուղարկել նաև վարչապետի աշխատակազմ, շրջակա միջավայրի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, էկոնոմիկայի նախարարություններ, սակայն դեռ պատասխան չեն ստացել: Հովհաննես Մարտիրոսյանն ընդգծում է, որ այս մասին դեռևս 2018թ. բարձրաձայնել է զբոսաշրջության կոմիտեում, Կոտայքի մարզպետարանում, սակայն ըստ նրա՝ հարցի լուծումը կլինի միայն խողովակների ապամոնտաժումը:
«Ես ինքս կարող եմ գնալ և իմ ընկերների հետ խողովակները հանել, սակայն դա հարցի լուծում չէ, որովհետև նրանք ահագին գումար են ծախսել, և մենք իրավունք էլ չունենք: Այո՛, որպես բնապահպաններ, գուցեև, կարող ենք, սակայն իրավական դաշտում խնդիրներ կարող են առաջանալ, որովհետև միգուցե ինչ-որ մեկը նրանց թույլատրել է խողովակներ քաշել»,- ասաց Հովհաննես Մարտիրոսյանը:
Կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի որոշմամբ՝ Աժդահակ հրաբուխն ընդգրկվել է Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկում:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի իրազեկման և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Նաիրա Աղաբաբյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ Աժդահակ լեռան խառնարանային լճից ջրառ իրականացվում է լեռնագնա արոտներում անասունների ծարավը հագեցնելու նպատակով, որը բնապահպանական իրավախախտում չի համարվում: Մեր այն հարցին, թե մի քանի կիլոմետր ձգվող խողովակների առկայության դեպքում ջրօգտագործման թույլտվություն անհրաժեշտ չէ, Նաիրա Աղաբաբյանը խորհուրդ տվեց դիմել շրջակա միջավայրի նախարարություն: Միևնույն ժամանակ նա հավելեց, որ տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարականով տեղում ուսումնասիրություններ կանցկացվեն:
Շրջակա միջավայրի նախարարի օգնական Նատալի Սահակյանն էլ «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ այս իրավիճակում առաջին քայլը պետք է անի հենց տեսչական մարմինը, և միայն տեղում կատարված ստուգումներից հետո հնարավոր կլինի իրավիճակին հստակ գնահատական տալ:
«Մենք անընդհատ կապի մեջ կլինենք տեսչական մարմնի հետ, և եթե տեսչության ղեկավարը տեղում ստուգումներ անելու հանձնարարական է տվել, նշանակում է հարցը գտնվում է ուշադրության կենտրոնում»,- հավելեց նախարարի օգնականը:
Նշենք, որ շրջակա միջավայրի նախարարության ենթակայության տակ գտնվող Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության՝ 2018թ. տրամադրած ջրօգտագործման թույլտվությունների ցանկում Աժդահակ լեռան խառնարանային լճից ջրառ իրականացնելու վերաբերյալ տվյալ չկա: 2019թ. ցանկում նշված են միայն ջրօգտագործողները, իսկ ջրային ռեսուրսի անվանումը ընդհանրապես բացակայում է:
Գեղամա լեռնավահանը բաղկացած է տասնյակ հրաբխային կոներից, որոնցից երեքը՝ Աժդահակը՝ Կարմիր Սար գագաթի հետ միասին, և Արմաղանն ունեն խառնարանային լճեր: Աժդահակը Գեղամա լեռների ամենաբարձր գագաթն է՝ ծովի մակերևույթից 3597 մետր բարձրության վրա:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել