HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԼՀԿ-ի տնօրեն. «Կամ պետք է լեռնահարստացման կոմբինատն ընդհանրապես փակվի, կամ պետք է մտածենք նոր պոչամբարի մասին»

Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը Շամլուղի բաց հանքում իր ֆաբրիկայի պոչանքները  ամբարելու համար 700 մլն դրամ ներդրումով 2019-ին կառուցել է պոչանքների չորացման և խտացման արտադրամաս: Գործարկումից հետո՝ այս տարվա մարտին, Սամվել Խաչատրյանը «Հետք»-ին հայտնել է, որ չորացման և խտացման արտադրամասը շահագործելուց հետո, «Նահատակի» պոչամբարը ռեկուլտիվացվելու է մեկ տարվա ընթացքում:

Երեք օր առաջ՝ հոկտեմբերի 7-ին, ԼՀԿ-ի ղեկավարն ասաց, որ «Նահատակ» պոչամբարը կարող է ռեկուլտիվացվել երկու տարի հետո:

Լեռնահարստացման կոմբինատի տնօրեն Սամվել Խաչատրյանը ասում է, որ արտադրամասում  տեղադրված չինական սարքավորումներով  չեն կարողանում իրականացնել նախատեսած օրական  մինչև 1500 տոննա պոչանքների չորացումը և խտացումը: Ընկերությունը ստիպված պոչանքների 20 տոկոսը շարունակում է լցնել բերնեբերան լցված «Նահատակի» պոչամբար:

Լեռնահարստացման կոմբինատը մինչև չորացման և խտացման արտադրամասի շահագործումը «Նահատակ» պոչամբար է լցրել օրը մինչև 1500 տոննա պոչանք: Կոմբինատի տնօրենի խոսքով՝  դրանից նորակառույց  արտադրամասում չորացվելուց և խտացվելուց հետո այժմ օրը 900 տոննա պոչանք է տեղափոխվում և կուտակվում Շամլուղի բաց հանքի հին փորվածքների մեջ ու ծածկվում է հողով: Արտադրամասում ընկերությանը չի հաջողվում չորացնել և խտացնել նախատեսված նաև 300-400 տոննա պոչանքը: Սամվել Խաչատրյանը բացատրում է, որ դրա պատճառը ԼՀԿ-ի  կողմից արտադրամասի համար ձեռք բերած չինական վատորակ սարքավորումներ են, որոնք չեն ապահովում  նախագծով  մեկ օրվա  համար նախատեսված պոչանքի ամբողջական մշակումը: Ֆաբրիկայի պոչանքների 20 տոկոսը ՝օրական 300-400 տոննան, լցվում է պոչամբար, 80 տոկոսը՝ 900 տոննան, արտադրամասում մշակվում է:

Երբ տնօրենին ասում ենք, որ «Նահատակի» պոչամբարը լցված է, եւ այն չպիտի օգտագործվի, պատասխանում է. «Բայց նախագծով մեկ մետր դեռ  բարձրանալու տեղ ունենք, պատվարների բարձրացման հաշվին»:

Մարտին կոմբինատի տնօրենը գտնում էր, որ արտադրամասի պոչանքային մնացորդը պետք է  լցնեն Ախթալայի Միքայել Արամյանցի տան հարևանությամբ գտնվող կոմբինատի «Պայթուցիկ» պոչամբար:

Բացատրում է, որ Արամյանցի տան հարևանությամբ գտնվող պոչամբարը 8-9 կմ հեռու է ֆաբրիկայից: Պոչանքն այնտեղ տեղափոխելու համար նոր խողովակներ պետք է տեղադրվեն, որը ընկերությունից ծախս է պահանջում: Սամվել Խաչատրյանը դժգոհ էր նաև արտադրամասի փոքր տեղանքից: Գտնում էր, որ չորացման և խտացման արտադրամասի տարածքը պետք է ընդարձակվի, ապա կառուցվի մնացորդային պոչանքների փոքր պոչամբար:

«Մենք այսօր «Նահատակ» պոչամբար չենք կարող պոչանքներ չլցնել: Ինչ անում ենք պոչանքների չորացման և հարստացման արտադրամասում պոչանքերն ավելանում են»,- բացատրում է տնօրենը:

ԼՀԿ-ն նախկինում՝ Շամլուղի բաց հանքը շահագործելիս, ամիսը 55 հազար տոննա հանքաքարի մշակումից  ստացել է  21-25 տոկոսանոց 1100 տոննա խտանյութ: Բաց հանքի շահագործելը դադարեցնելուց հետո, ընկերության 4  փակ հանքերից հանքափորները հանում են 2,6-5,7 տոկոս պղնձի պարունակությամբ հանքաքար:

Տնօրենը հանքափորներից պահանջում է ամեն կերպ փակ հանքերում գտնել առնվազը 21 տոկոս  պղնձի պարունակությամբ երակ: «Հանքաքարի պղնձի պարունակությունը որ բարձրանա, պոչանքը քիչ կլինի»,- բացատրում է Սամվել Խաչատրյանը: Վերջինս անխափան աշխատանք ապահովելու համար փոխել է պոչամբարի ղեկավարությանը, ստեղծել է վթարային բրիգադ՝ օրվա ցանկացած ժամին  պոչանքային վթարները վերահսկելու համար: «Մենք ամեն ինչ անում ենք դեպի Դեբեդ պոչանքային հոսքերը անթույլատրելի դարձնելու համար»,- ասում է տնօրենը:

Հոկտեմբերի 8-ին Ախթալա գետակով Դեբեդ էին թափվում կաթնագույն պոչանքաջրեր: Այդ մասին հաջորդ օրը հարցրինք տնօրենին:

«Դրանք մեր չորացման և խտացման արտադրամասի մաքրված ջրերն են, որ թափվում են Ախթալա գետակ: Հնարավոր է՝ այդ ջրերն իրենց հետ Դեբեդ են տանում գետակի պոչանքային մնացորդները, սակայն այդ ջրերը արտադրամասից դուրս են գալիս մաքուր վիճակում»,- հեռախոսով հայտնեց Սամվել Խաչատրյանը:

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանի խոսքով՝  լեռնահարստացման ֆաբրիկայի պոչանքերը Շամլուղի բաց հանքում ամբարելու նախագծի ՇՄԱԳ-ը  կայացել է նախկին իշխանությունների օրոք, մասնակցային չի եղել, և ինքը չի տիրապետում, թե դրանց տեխնոլոգիաները որքանով են ապահով և որքանով են համապատասխանում ստանդարտներին:

«Մենք վերջերս ֆոկուս խումբ ենք իրականացրել Շամլուղում, այստեղ բնակիչները դժգոհում էին Շամլուղի բաց հանքում լեռնահարստացման ֆաբրիկայի պոչանքներ կուտակելուց հետո իրենց մոտ սկսված գլխացավերից»,- ասաց Օլեգ Դուլգարյանը:

«SOS Մեծ Այրում» նախաձեռնող խմբի անդամ Արսեն Պետրոսյանն ասում է, որ հիմա ԼՀԿ-ի կողմից  «Նահատակ» պոչամբար քիչ քանակով պոչանքներ են թափվում: Ասում է՝ եթե պոչանքների չորացման և խտացման արտադրամասում արտադրությունը կարողանան մի փոքր կատարելագործել, պոչանքների հոսքը դեպի պոչամբար հնարավոր է ընդհանրապես դադարեցնել: «Եթե իրենք երկու տարի  շարունակեն պոչանքներ լցնել «Նահատակի» պոչամբար, ուրեմն վստահ եղեք՝ Մեծ Այրում-Ճոճկան  ճանապարհի պոչամբարի հատվածը պոչանքով կփակվի»,- ասում է Արսեն Պետրոսյան:

Նա ասում է, որ ԼՀԿ-ն մասամբ պետք է ռեկուլտիվացնի պոչամբարը:

«Ինչ է, կարծում են՝ մենք չենք հասկանում, որ շատ լավ կլինի, եթե ամբողջությամբ լուծենք պոչանքների խնդիրը: Բայց այսօրվա դրությամբ դա հնարավոր չէ: Կամ պետք է լեռնահարստացման կոմբինատը  ընդհանրապես փակվի, որ պոչանքը չգնա «Նահատակի» պոչամբար, կամ պետք է մտածենք նոր պոչամբարի մասին»,- ասում է Սամվել Խաչատրյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter