HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին

Մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Թուրքմենստան։ 

Աշխաբադում հոկտեմբերի 11-ի առավոտյան Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ։

Վարչապետի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Թուրքմենստանի նախագահը ողջունել է Հայաստանի վարչապետին Աշխաբադում և կարևորել նրա այցը՝ և՛ երկկողմ, և՛ բազմակողմ հարաբերությունների խորացման հեռանկարները քննարկելու համատեքստում։

«Հարգելի Նիկոլ Վովայի, թույլ տվեք ողջունել Ձեզ Թուրքմենստանում և շնորհակալություն հայտնել ԱՊՀ մասնակից պետությունների գագաթնաժողովին մասնակցելու մեր հրավերն ընդունելու համար։ Կարծում եմ՝ մենք ունենք լավ հնարավորություն քննարկելու մեր հետագա համագործակցության հարցերը՝ ի շահ մեր ժողովուրդների բարեկեցության ապահովման», - ասել է Թուրքմենստանի նախագահը։

Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը գոհունակություն է հայտնել հայ-թուրքմենական հարաբերությունների զարգացման ընթացքից և նշել, որ Թուրքմենստանը հետաքրքրված է Հայաստանի հետ փոխշահավետ համագործակցության, տարբեր ոլորտներում կապերի ընդլայնմամբ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ուրախ է այցելել Թուրքմենստան և առիթ ունենալ մտքեր փոխանակելու հայ-թուրքմենական փոխգործակցության ընթացքի և զարգացման շուրջ։

«Հարգելի Գուրբանգուլի Մյալիկգուլիևիի, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ Թուրքմենստան այցելելու հրավերի և ջերմ ընդունելության համար։ Հաճելի է գտնվել Աշխաբադում։ Սա իմ առաջին այցն է Թուրքմենստան, որի ընթացքում հնարավորություն ունենք քննարկելու ոչ միայն բազմակողմ օրակարգին, այլև մեր երկկողմ գործակցությանը վերաբերող հարցեր։ Վստահ եմ՝ մեզ կհաջողվի քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր թեմաները», - ասել է Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ վարչապետը նշել է, որ Կենտրոնական Ասիայում Թուրքմենստանը Հայաստանի կարևոր գործընկերներից է, որի հետ մեր երկիրն ունի արդյունավետ, կառուցողական փոխհարաբերություններ, և բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը համահունչ պետք է ակտիվացնել նաև տնտեսական համագործակցությունը։

Հայաստանի վարչապետը և Թուրքմենստանի նախագահն անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության օրակարգին, տնտեսական կապերի և առևտրաշրջանառության աշխուժացմանը, տարբեր ոլորտներում առկա ներուժի իրացմանը վերաբերող հարցերի։ Քննարկվել են ածխաջրածինների ոլորտում համագործակցության հեռանկարները։ Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու ժողովուրդների բարեկամությունը կարևոր հիմք և ներուժ է՝ Հայաստան-Թուրքմենստան փոխհարաբերությունները սերտացնելու համար, և փոխադարձաբար պատրաստակամություն հայտնել՝ հնարավորինս խթանել համատեղ շահավետ ծրագրերն ու նախաձեռնությունները:

Կողմերը մտքեր են փոխանակել ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի գործունեության կարևորության, ԱՊՀ շրջանակում համագործակցության զարգացման և այլ հարցերի շուրջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter