
Դեռ պատրա՞ստ չենք արվեստը «մերկ» տեսնելուն
Դժվար է լուսանկարչական պրոցեսի մասին խոսել եւ առավել եւս բացատրել զգացականը: Լուսանկարիչը խոսում է պատկերի լեզվով:
Մասնագիտությամբ ռեժիսոր, այժմ լուսանկարչական արվեստով տարված զրուցակիցս դժվարանում էր խոսել իր լուսանկարների մասին: Մերկարվեստի բազմաթիվ գործեր ունեցող Սարգիս Վիրաբյանին դեռ տարիներ առաջ արգելեցին ցուցադրել իր աշխատանքները, բայց դրսի քաղաքները բաց էին այդ նմուշների համար. Սարգիսը մասնակցեց ցուցահանդեսների Տաշքենդում, Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում... Համացանցն այլ հնարավորություններ տվեց արվեստագետին, բացվեց նրա անհատական կայքն. այստեղ արդեն դիտողին վերահսկելը եւ նրա էմոցիաները տեսնելն ավելի բարդացավ:
Սարգիսն այժմ մերկարվեստի (Nude-art) նմուշները ցուցադրում է նախեւառաջ իր պաշտոնական կայքում:
Մասնագիտությամբ ռեժիսոր ես. ամեն ինչ շարժման մեջ դնող. հիմա լուսանկաչությամբ ես զբաղվում, ու լուսանկարներիդ մեջ նկատվում է շարժումը...
Լուսանկարը ինքնիրեն ստատիկ է, ուղղակի դինամիկան ավելի կյանք է տալիս: Շատ անգամ դա ենթագիտակցաբար եմ անում` ոչ պլանավորված:
Կարծում եմ `կարեւորը լուսանկարչի ձեռագիրն է: Ստատիկությունն էլ իր արժեքն ունի լուսանկարում...Կարեւորը այն տրամադրություն ունենա:
Կանայք, քաղաքները...Կարծես թե քեզ ոգեշնչող թեմաներն են:
Այո, էտապային է. երբ սկսեցի լուսանկարչությամբ զբաղվել, քաղաքներն էին հետաքրքրում եւ սովորական, շարքային քաղաքացին: Բավականին երկար տեւեց. այդ ընթացքում երկու անհատական ցուցահանդես ունեցա այդ թեմայով: Իսկ վերջին չորս տարիների հիմնական թեմաս կինն է:
Կնոջից առաջ քաղաքը, որն ավելի տարածական է կարծես: Իսկ կնոջից հետո՞:
Կնոջ թեման հավերժ է. վախենամ, թե շատ ձգվի: Եվ ուրիշ տեղ էլ բան պետք չէ փնտրել:
Բայց քո լուսանկարներում կինն ամբողջական է. մերկ` առանց այլեւայլությունների: Մերկարվեստի (nude art) առաջին նմուշներն ինչպե՞ս ընդունվեց Հայաստանում:
Հանդիսատեսիս ես էի ընտրում, եւ դրա շնորհիվ բացասականը շատ քիչ եղավ: Այն ժամանակ քչերը կարող էին իմ աշխատանքները տեսնել: Հիմա բաց է...Ագրեսիա չեմ նկատում:
![]() |
![]() |
![]() |
Բայց դաշտն այնքան էլ ազատ չէ. առաջին անգամ, երբ խմբակային լուսանկարչական ցուցահանդեսին նկարներս ներկայացրեցի, սրահի պատերից ուղղակի հանեցին:
Ինչու՞ հանեցին:
Մոտ երեք տարի առաջ էր: Նախնական համաձայություն կար, կախեցին, բայց երբ սրահի տնօրինությունը տեսավ, հանեցին:
Սարգիս, կարծում ես`մենք դեռ պատրաստ չենք տեսնելու մերկությունը:
Ոչ...Գերակշռող մասսան ոչ: Չեմ էլ կարծում, որ դա երբեւէ կփոխվի...Համենայնդեպս ոչ Հայաստանում:
Դրսում հաջողություններ ունես, բայց դաշտն էլ է մեծ, չէ՞:
Այո, մեծ մրցունակություն է, բայց, եթե հետաքրքիր աշխատանքներով ես ներկայանում, նկատվում է: Դրսից բազմաթիվ պատվոգրեր ու մրցանակներ ունեմ:
Կին,որ շարժվում է, քաղաք, որ շարժվում է: Լուսանկարներումդ թռիչքն էլ է շատ...
Ամենակարեւորը` տեղում չդոփես ու միշտ փորձես շարժվել...Գնալ առաջ, թռչել:
Մերկարվեստը սպառվելու վտանգ չունի՞: Կարելի՞ է տարիներով քննել:
Նոր գաղափարներ գտնելը դժվար է, իհարկե: Բնորդուհիներն անընդատ փոխվում են, եւ նոր մտքեր ես հորինում ու իրագործում:
Ամեն մեկը տարբեր աշխարհ է, յուրահատուկ: Դա է բերում նոր հետաքրքիր գաղափարներ:
Դու խոսում ես... Խոսում ես պատկերի լեզվով:
Նոր ցուցահանդեսի պատրաստվող լուսանկարիչն այս անգամ փորձելու է համոզվել, որ իրականում կա հանդիստես, որը պատրաստ է տեսնելու արվեստը, մերկ արվեստը: Իսկ մինչ այդ Սարգիսը փակում է բնական լույսի ճանապարհը, միացնում սարքավորումները, գրկում տեսախցիկի ամենանուրբ մասն ու հավերժացնում մերկ կնոջ թռիչքը, հեռացումը, սերը:
Մեկնաբանել