
«Մեր գյուղի աղջկերքը որտեղ հարս գնացին, էնտեղ կանաչին շատացավ»,- ասում է մեծամորցի գինձ մշակողը
«Մեր գյուղի աղջկերքը որտեղ հարս գնացին, էնտեղ կանաչին շատացավ, սկսեցին մշակելը»,- կեսկատակ-կեսլուրջ ասում է Մեծամոր գյուղի բնակիչ Սուրեն (Սիմոն) Հասանյանը:
Նա այդպես է բացատրում հարևան գյուղերում կանաչեղեն աճեցնելու՝ վերջին տարիների միտումները: Իսկ մինչ այդ, համարում է, որ Մեծամորինն է մշտապես եղել կանաչեղեն մշակելու մենաշնորհը:
Արմավիրի մարզի Մեծամոր գյուղը կանաչիների մշակությամբ է հայտնի, հատկապես՝ գինձի (համեմ): Սուրենը բացատրում է, որ գինձը համեմատաբար դիմացկուն կանաչի է և վերջին տարիներին ավելի շատ է արտահանվում Ռուսաստանի Դաշնություն, դրա համար պահանջարկն աճել է, և հիմա Մեծամորում գինձն ավելի շատ են մշակում: Իհարկե, այլ կանաչիներ նույնպես շարունակում են աճեցնել:
Հասանյանների ընտանիքը գինձի (համեմ) մեծ պատվեր ունի, պիտի հասցնի, որ 100 կապ գինձը պատվիրատուին ուղարկի: Պատվերը Ռուսաստան է ուղևորվելու: Դրա համար Թալինից Սուրենի դուստրն ու փեսան են եկել՝ օգնելու, որ գինձը հասցնեն պատվիրատուներին:
-Ինձ մի նկարեք,- նեղվում է Սուրենի դուստրը:
-Եզդու հարս է, որ սկեսրայրը տեսնի, կարող է բարկանա,- կատակով բացատրում է հայրը:
-Տո նկարեք, ես թույլ եմ տալիս,- միջամտում է դստեր ամուսինը:
-Ինձ էլ մի նկարեք,- տեսախցիկի ուղղությունն իր կողմում տեսնելով՝ ասում է Սուրենի կինը: -Ես դպրոցում ուսուցչուհի եմ, չեմ ուզում աշակերտներս էս տեսքով ինձ տեսնեն:
-Ինձ նկարեք,- իրավիճակը փրկում է Սուրենը:
Սուրենն ասում է, որ վրացական, հոլանդական և իսրայելական սերմերը հասել են Մեծամոր, եվրոպականի և իսրայելականի տեսքն ավելի փարթամ ու փայլուն է, բայց տեղականի համը տարբերվում է (վրացականը համարվում է տեղական-հեղ.):
Այս պահին բաց դաշտերում մարդիկ կամ ջրում, կամ հավաքում են գինձը: Հասանյանների արտում տարբեր չափերի գինձ կա: Նրանք արտից հավաքում են հասածները, դարսում և տեղափոխում են տուն: Այնտեղ էլ աշխատողները սպասում են նոր խմբաքանակին, որ մաքրեն, լվանան, կապեն ու դասավորեն տուփերում:
«Մեր գյուղում համեմը մաքուր խմելու ջրով լվացվում, նոր շուկա է գնում: Հանկարծ չմտածեն՝ էսի եսիմ ինչ ջրով է լվացվում: Եթե հանդիպի, իմանաք՝ հենց Մեծամորինն է, կարող եք արխային ռեզինը վրայից հանել, լավ բրդուճ անել ու ուտել»,- հպարտանում է Սուրենը:
Այս տարի Հասանյանները 5000 մետր կանաչի են մշակում:
«Ոչ մեկ դեռ հաշվարկ չի արել, թե ինչ եկամուտ կունենա, տարուց է կախված: Օրինակ՝ հիմա շատ վատ վիճակ է, համեմը լիքն է, չի ծախվում, գին չունի: Որ աշխատողին էլ տալիս ես, քո ծախսերը հանում ես, ափսոսում ես աշխատանքդ, բայց չես թողնի արտի մեջ, պիտի հանես: Բայց տարի է եղել, որ շատ լավ է եղել, շատ գոհ ենք եղել, ընտիր գին է եղել»,- ասում է Սուրենը:
Հասանյանները գինձն իրացնում են քաղաքի շուկաներում կամ գյուղ եկած գնորդներին։ Տեղում 40 դրամով վաճառվող համեմը Երևանի շուկաներում հայտնվում է 150 դրամով: Ամեն դեպքում, չեն դժգոհում կանաչու մշակությունից՝ տունը պահում են, սոված չեն մնում, ոչ մի բանից հետ չեն ընկնում: Եթե վարկերը չլինեն, եկամուտն ավելի զգալի կլինի:
«Խոպան ընդհանրապես չեմ գնացել, չեմ էլ ուզում գնալ, հողերն էնքան շատ են, ջերմոցներս լիքն են, չենք դժգոհում, դրա համար էլ չենք ուզում դուրս գանք, բավարարում է»,- ասում է Սուրենը:
Մեծամորի կանաչի մշակողների միակ բարդությունը գյուղում գազի բացակայությունն է, որն էլ խոչընդոտում է ջերմոցային տնտեսությունների զարգացմանը: Մինչդեռ հարևան գյուղերում գազի առկայությամբ ջերմոցային տնտեսությունները լավ են զարգանում: Սուրենն ասում է, որ եթե Մեծամորում գազ լինի, ձմեռն էլ վարունգ, լոլիկ և այլ բանջարեղեն կաճեցնեն, և ողջ տարին անելիք կունենան, իսկ այժմ միայն արևի ջերմության հույսին են: Իհարկե, դրանից կանաչու մշակությունը չի տուժի, որովհետև, ինչպես Սուրենն է շեշտում, «էս գյուղն առանց կանաչու չի կարողանում»:
Կարդացեք նաև`
Մեկնաբանել