Ազատամարտիկը՝ 11 երեխայի հայրը, նվեր է ստացել 2 բնակարան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետարանը երկու նոր բնակարան է հատկացրել Արցախյան պատերազմի ազատամարտիկ, 2-րդ խմբի զինվորական հաշմանդամ Գագիկ Հովհաննիսյանի բազմազավակ ընտանիքին:
2011թ. մարտի 31-ին բնակարանային պայմանների բարելավման խնդրանքով Գագիկ Հովհաննիսյանը դիմել էր ՀՀ պաշտպանության նախարարին: Այսօր' Հաղթանակի օրը, 11 երեխայի հայր Գագիկ Հովհաննիսյանը Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանից ստացավ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող երկու նոր բնակարանի բանալիներ:
«Մենք բոլորս պարտական ենք ձեզ' Արցախյան և Հայրենական պատերազմների մասնակիցներին: Այդ պարտքը նման է ծնողի նկատմամբ ունեցած երեխայի պարտքին, որը հնարավոր չէ մարել»,- շնորհավորելով Հաղթնակի և Շուշիի ազատագրման օրվա առթիվ' Գրիգորյանների ընտանիքին ասաց Կարեն Կարապետյանը:
Ազատամարտիկ Գագիկ Հովհաննիսյանը դեռ մարտի դաշտում էր ուխտել 12 արու զավակ ունենալ' ի հիշատակ ռազմի դաշտում զոհված իր 12 մարտական ընկերների: Տղաներն առայժմ 7 են, բայց, ինչպես Գագիկն է ասում, ամեն ինչ դեռ առջևում է:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ' քաղաքապետը նոր բնակարանը կահավորելու համար ազատամարտիկի ընտանիքին նվիրեց նաև կենցաղային տեխնիկա:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել